Որդի` հայր դառնալու համար – Գրադարան – Mashtoz.org

Որդի` հայր դառնալու համար

Առաջին վանականների կյանքում հոգևոր հոր փորձառության խաղացած կարևորագույն դերը – չպետք է մոռանալ – նույնպես ժամանակավոր է ու անցողիկ: Եթե էական է մեկ հոգևոր հոր դիմելը, և ո՛չ թե միաժամանակ տարբեր անձերի[1], նույնքան կարևոր է, սակայն, հոգևոր հորը չկապվելը՝ մոռանալու աստիճան Նրան, Ում անունից է նա խոսում: Կար մի եղբայր, որ կամենում էր լքել վանական կյանքը, որովհետև հանրահայտ Աբբան, որին կամենում էր հետևել, բավական չէր զբաղվում իրենով: Ահա՛ հանդիմանությունը, որ ստանում է. «Աստված իրավացիորեն թողեց, որ չզբաղվեմ քեզնով, որովհետև դու ո՛չ թե Իրեն էիր ապավինում, այլ՝ ինձ»: Անձնականության որևէ պաշտամունք խորթ է վանականությանը: Հոգևոր հայրը ոչնչի չի ծառայում, երբ դադարում է լինել Աստծո ներգործության հայելին:
Հոր հետ որդու ունեցած հարաբերությունները միշտ սահմանված են հեղաշրջվելու: Գալու է օրը, երբ որդին ի վիճակի է լինելու անջատվելու իր հորից, և սա լինելու է հոգևոր հայրության ամենաակնհայտ պտուղը: Հայրերը երբեմն խոստովանում են, որ հոգևոր կյանքում իրենց որդիները բավական գերազանցում են իրենց: Աբբա Քարիոնը, օրինակի համար, ասում է. «Իմ որդի Զաքարիայից ավելի ենթարկվեցի մարմնի բազում հոգնությունների, բայց ինչ վերաբերվում է խոնարհությանն ու լռությանը, չհասա նրա հասակին»[2]: Բարսանուֆը խորհուրդ է տալիս իր որդուն աղոթել, որպեսզի իրեն շնորհվի Սուրբ Հոգին, որովհետև այլևս Նա է «մեծ Առաջնորդը», որ կարող է իսկապես փրկել իրեն և ձեռքից բռնած առաջնորդել, մինչ այլևս պատճառ չունի այդքան հարգանք ցուցաբերել հոգևոր հոր հանդեպ[3]:
Հայտնի են մի քանի դեպքեր, որոնցում դերերը փոխվում են որոշ ժամանակ անց. որդին դառնում է հայրը նրա, ով սկզբում իր հայրն էր, և ընդհակառակն: Այս դեպքերում, մեր առջև ունենք սիրո և խոնարհության գագաթնակետերից մեկը: «Ծերերից մեկը մի բարի աշակերտ ուներ: Մի օր, մինչ զայրացած էր, նրան դուրս վռնդեց իր պատմուճանով: Բայց եղբայրը դրսում նստած մնաց: Ծերը, դուռը բացելով, նրան նստած գտավ: Այնժամ խոնարհվեց նրա առաջ, ասելով. “Ո՜վ հայր, հոգուդ ընդարձակության խոնարհությունը հաղթեց զայրույթիս: Ներս մտիր. այսուհետև դու ես ծեր և հայր, ես` երիտասարդ և աշակերտ”»[4]:
«Հնազանդվել հոգևոր հորը և հրաժարվել սեփական կամքից». սա, ուստի, հոգևոր մի ճշմարիտ բուժարվեստ է, ավետարանական մի ընթացք, որ իր մեջ բովանդակում է վանական փորձառության ամբողջությունը: Վանական հին գրականությունը ճշտում է նրա պայմանները և մեծարում է նրա առավելությունները: Այս ուղին համեմատվում է վանական կյանքի ուրիշ կերպերի հետ, և համեմատությունը միշտ երևան է հանում սրա առանձնաշնորհությունները: «Հայր Հովսեփ Թեբեացին ասում էր. “Երեք բան է թանկարժեք Աստծո առաջ. առաջինը, եթե հիվանդ ենք և հիվանդությանը գումարվում են նաև փորձությունները, և մենք այս բոլորն ընդունում ենք երախտագիտությամբ: Երկրորդը, եթե մեր գործերից յուրաքանչյուրն անբիծ է Աստծո առաջ, մարդկային ո՛չ մի բանի խառնված: Երրորդը, եթե հնազանդությամբ ենթարկվում ենք հոգևոր հորը և հրաժարվում ենք մեր սեփական կամքից: Այս վերջին դեպքում, գործադրողն արժանանալու է վիթխարի փառքի”»[5]:
Աբբա Ռուփոսի ապոֆտեգմաներից մեկը, որ պարունակում է նախորդի առավել ընդարձակ տարբերակը, փակվում է բանաստեղծական սլացքով, որը բացարձակ կերպով բացառիկ է Հայրերի սովորաբար զուսպ բառապաշարի ներսում. «Ո՜վ հնազանդություն, փրկություն բոլոր հավատացյալների: Ո՜վ հնազանդություն, մայր բոլոր առաքինությունների: Ո՜վ հնազանդություն, Արքայությունը գտնող: Ո՜վ հնազանդություն, որ բացում ես երկինքը և մարդկանց բարձրացնում ես երկրից: Ո՜վ հնազանդություն, սնունդ քեզնով կերակրված և քո շնորհիվ կատարյալ դարձած բոլոր սրբերի: Ո՜վ հնազանդություն, որ բնակվում ես հրեշտակների կողքին»[6]:
Հանդիսանալով որպես խորհրդավոր մի ուժ, որ բխում է հաղորդակցությունից, որի ներսում հայրն ու որդին մեկը մյուսի դիմաց կանգնում են սեփական ցանկություններից փոխադարձ հրաժարման մեջ, հնազանդությունն այսպիսով հայտնում է Աստծո կամքը և մի նոր կյանքի է ծնում նրան, ով, հոր խոսքի միջոցով, թողնում է, որ վերակերպարանավորեն իրեն: Իսկ հայրը, որն իր խոնարհությամբ հանդիսանում է այս խորհրդի գործիքը, իսկապես արժանի է «kaloghiros», «գեղեցիկ ծեր» անվանը, որովհետև աստվածային գեղեցկությունը նրա հոգում դառնում է պտղաբեր, նրան որպես պարգև տրված որդու միջոցով: Երանելի՜ պաշտոն, որով հասնում է նմանվելու Ինքնին Աստծուն:
[1] Amélineau 127, 5.
[2] Քարիոն 1.
[3] Բարսանուֆ 196.
[4] Ռոմեոս 2.
[5] Հովսեփ Թեբեացի.
[6] Ռուփոս 2.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։