Սրտի մաքրությունը – Գրադարան – Mashtoz.org

Սրտի մաքրությունը

«Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև տեսնելու են Աստծուն» (Մտթ 5, 8): Մաքուրի ու անմաքուրի վերաբերյալ Հիսուսի ուսուցումները (հմմտ. Մտթ 15, 1-20) մեծապես տպավորել էին անապատի վանականներին: Մարդուն պղծում է այն, ինչը որ դուրս է գալիս սրտից: Եթե մարդը կամենում է փրկվել, պետք է թույլատրի, որ փրկության շնորհը ներթափանցի մինչև իր էության արմատները: Հոգնաջան աշխատանք է, բայց անհրաժեշտ:
«Մի անգամ հարցրեցին Ագաթոնին. “Ո՞րն է ավելի կարևոր, մարմնի հոգնություննե՞րը, թե՞ սրտի պահպանությունը”: Ծերը պատասխանեց. “Մարդը նման է ծառի. մարմնի հոգնությունները տերևներն են, սրտի պահպանությունը` պտուղը: Արդ, ինչպես որ գրված է. 'Ամեն ծառ, որ բարի պտուղ չի բերում, կտրվելու է և կրակի մեջ նետվելու', պարզ է, որ մեր ամբողջ ջանքը պետք է նպատակաուղղված լինի դեպի պտուղը, այսինքն` մեր հոգու պահպանությունը: Բայց անհրաժեշտ են նաև տերևների պաշտպանությունն ու զարդարանքը, այսինքն` մարմնի հոգնությունները”»[1]:
Մեղքով և նրա բազում ձևերով համոզելու ու շղթայելու իշխանությամբ` անկյալ մարդը ցրվել է անթիվ անհամար մտահոգությունների, հավակնությունների ու ցանկությունների բազմության մեջ: Աստծո պատկերը նրանում աղավաղվել է: Նրա հիշողությունը հեռացել է Աստծո մասին շարունակական մտածումից և լցվել է բազմատեսակ իրողություններով: Մարդը ստրկացել է այս բազմակիությանը. այլևս «monos» չէ, միանձն, այլ ավելի` բաժանված, բազմանձն: Քրիստոնեական մեր կեղծավորության նվազագույն ծամածռությունների ու երկդիմությունների հետ չհաշտվել. ահա՛ թե ինչում է կայանում ներքին հոգևոր ճգնությունը: Այս պայքարի նպատակը հայտնի է. կրկին պաշտել կարողանալ Հորը հոգով ու ճշմարտությամբ: Կարող է զարմանք պատճառել «կրքերի հոգեբանության» նկատմամբ վանականների ունեցած հետաքրքրությունը: Անապատի վանականներն իրենց սեփական սրտի հմուտ ճանաչողներն էին, որովհետև «Տե՜ր, Տե՜ր» ասողները չէ, որ մտնելու են երկնքի Արքայություն, այլ՝ նրանք, ովքեր կատարում են երկնավոր Հոր կամքը:

[1] Ագաթոն 8.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։