Վանական հեղինակությունը միայնակյացների մոտ – Գրադարան – Mashtoz.org

Վանական հեղինակությունը միայնակյացների մոտ

Մի օր Աբբա Անտոնը նամակ ստացավ Կոստանդիանոս կայսրից, որը հրավիրում էր նրան Կոստանդնուպոլիս:
Նստեց ու մտածում էր, թե ի՛նչ պետք է անի:
Ապա հարցրեց Աբբա Պողոսին՝ իր աշակերտին. «Արդյոք պե՞տք է գնամ»:
Պատասխանեց. «Եթե գնաս, անունդ Անտոն է. իսկ եթե չգնաս, Աբբա՛ Անտոն է»:
 
Անտոն 31
 
Վանականությունը առաջացավ և տարածվեց, երբ դադարեցին հալածանքները, երբ կայսրը դարձի եկավ և հռչակվեց «Կոստանդինյան Խաղաղություն»ը։ Մարտիրոսությունը քրիստոնեական կատարելության գաղափարականն էր, բայց երբ դադարեց այդ հնարավորությունը, այլևս ինչպե՞ս կարելի էր աշխարհին ներկայացնել մարդիկ, որոնք «հավատարիմ են սիրո համար»[1], «ընդունակ են հետևելու Տիրոջը՝ Նրա չարչարանքներին նմանվելու աստիճան»[2]։ Այս իրադարձության շուրջ չափազանց աճապարանքով տրված և մակերեսային մեկնաբանությունները բավական չեն՝ բացատրելու համար վանականության ողջ պատմությունը, ըստ նրա զարգացման երեք հիմնական հանգրվանների. ամբողջական կղզիացումի շրջանը, մենակեցությունը, հասարակաց կյանքը։ Իրականում, վանականությունն առաջացել է ինքնաբերաբար և միաժամանակ տարբեր վայրերում, թույլատրելով կյանքի զանազան ձևերի գոյակցությունը. ճգնավորներ և կույսեր՝ քաղաքում, մենակյացներ՝ անապատային վայրերում, և վանականության, այսինքն՝ հասարակաց կյանքի տարրական ձևեր, լինի քաղաքներում, թե ամայի վայրերում։
Թեև չի կարելի հաստատել, թե վանականությունը էապես եգիպտական իրականություն է, այնուամենայնիվ հարկ է ընդունել, որ Եգիպտոսի անապատները եղան ճառագայթման այն կենտրոնը, որ քիչ թե շատ ազդեց վանական արդեն գոյություն ունեցող կամ տակավին նոր կազմավորվող կենսաձևերի վրա՝ վանական բազմաթիվ նախաձեռնությունների և վերջինների ներկայացուցիչների պատճառով, որոնք իսկապես արժանի էին ապագա վանականների համար տիպար օրինակ դառնալուն, ինչպես նաև՝ հատկապես Սուրբ Աթանասի «Վարք Անտոնի» գրության տարածման պատճառով, որի նպատակն էր «բավարար օրինակներով քաջալերել վանականներին՝ սիրելու զուսպ կենցաղավարությունը»[3]։
Այսպիսով, Եգիպտոսը դարձավ վանականների առասպելական հայրենիքը, ծննդավայրը։ Այստեղ վանականները սովորաբար ապրում էին խմբերով և վարում էին ո՛չ թե լիովին կղզիացած, այլ՝ մենակեցական կյանք, գեթ սկզբում. շաբաթվա վերջում հավաքվում էին՝ ծիսակատարությունների, հոգևոր խոսակցությունների և երբեմն էլ միասին ճաշելու համար. ապա հոգում էին նաև այն ամենը, ինչի կարիքը որ ունեին հաջորդ շաբաթվա ընթացքում։ Շաբաթվա մյուս մասն անցկացնում էին իրենց խցերում, որոնք հարաբերաբար հեռու էին միմյանցից, նվիրվելով աղոթքի և նյութական աշխատանքի, որն հիմնականում կայանում էր խսիրների հյուսման մեջ. սրանց վաճառքից գոյացած գումարով կարողանում էին ապրել զուսպ, բայց բավարար չափով։ Այս ամբողջը ցույց է տալիս կյանքի տարրական մի պատկեր, որի իրագործման ձևերը տարբեր են, բայց միաժամանակ ներդաշնակ, թեև գոյություն չունեին կանոններ կամ սահմանադրություններ՝ կարգավորելու համար ամենօրյա կյանքի մանրամասներն ու հնազանդությունը։
Ներդաշնակությունը, ո՛չ թե արտառոց ու քմահաճո, այլ՝ իսկապես ավետարանական, կանոնավոր, ճգնողական կյանք ապրելու վստահությունը կայանում էր հոգևոր հոր, Աբբայի կերպարի հետ սեփական անձի համեմատման մեջ, ինչպես որ հայտնում են մեզ այդ Հայրերի ապոֆտեգմաները։ Աբբան կանոնական իմաստով հասկացված մեծավոր չէր, ինչպես այժմ ըմբռնում ենք մեր չափազանց ինստիտուցիոնալ մտքով, այլ ավելի՝ մի տարեց վանական, որին երիտասարդը դիմում էր հոգևոր կյանքի ճանապարհներում առաջնորդություն գտնելու նպատակով։ Աբբան մեկն էր, որ անապատի երկարատև փորձառությամբ և լռությամբ սովորել էր ճգնողական կյանքի գաղտնիքները։ Անշուշտ ինքն էլ իր հերթին սկսել էր անապատական իր կյանքը՝ հաճախելով ծերերից մեկի դպրոցը, բայց հետո ավելի ու ավելի էր քաշվել մենության մեջ, սատանայի դեմ երես առ երես մարտնչելու համար, մի մարտ, որի նկարագրություններից մեկը տրված է վանականների նախատիպարի՝ Անտոնի վարքում, որն իրավացիորեն անվանվում է միանձնական կյանքի նահապետ[4]։ Այդ պայքարից մաքրագործված, հաղթական դուրս գալով՝ «նրա հոգին անբիծ էր, տխուր չէր, ո՛չ էլ հաճույքներից թառամած, նրա վրա իշխանություն չունեին ո՛չ ծիծաղը և ո՛չ էլ տրտմությունը»[5]։ Աբբան, կրքերի ծանրությունից ազատված, հաղորդում էր Հոգին, որ կրում էր իր մեջ։ Նրա մաքրագործումը սկիզբ էր տալիս ճառագայթմանը, որովհետև լույսը չէր կարող ծածուկ մնալ, և մոտակա վանականները հաճախ էին այցելում նրան։
Այս պաշտոնի արմատները թերևս պետք է փնտրենք քրիստոնեական քաղաքաբնակ համայնքներում գոյություն ունեցող դիդասկալների (բացատրող, մեկնող, ուսուցանող) կերպարում։ Այս անձինք, որոնց մասին ակնարկներ ենք գտնում նորկտակարանյան ուշ շրջանի նամակներում (հմմտ. 1Տմ 2, 7; 2Տմ 1, 11), տակավին նոր ծնվող եկեղեցիների խարիզմատիկներն էին, այսինքն՝ հատուկ պարգևաշնորհներ ստացած հոգեսեր անձինք, քիչ թե շատ հմուտ, քիչ թե շատ զարգացած, բայց որ ընդունակ էին ըմբռնելու Սուրբ Գիրքը, Սուրբ Հոգուց լուսավորված և առաջնորդված լինելով։ Իր կյանքի որոշակի շրջանում այդպիսին էր նաև Որոգինեսը[6]։ Բայց Նոր Կտակարանն ինքը թվում է, թե տալիս է անապատի Աբբայի հեղինակությունն ըմբռնելու բանալին. Նոր Կտակարանի հեղինակությանը պարտական հնազանդությունը միշտ հասկացվում է որպես հնազանդություն Եկեղեցու ներսում գոյություն ունեցող զանազան պաշտոններին, որոնցից յուրաքանչյուրն իր համար որպես հիմք ունի մի պարգևաշնորհ։
[1] Կղեմես Ալեքսանդրացի, Stromata 4, 3, 13.
[2] Կիպրիանոս, Epist. 58, 1, 3; 76, 1, 11.
[3] Vita Ant., Prologo.
[4] Vita Ant., 5-7.
[5] Vita Ant., 14.
[6] H. Crouzel, “Origène, précurseur du monachisme”, Théologie de la vie monastique, Lyon 1961, pp. 16-25.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։