Վանքից ներս և դուրս ելումուտը – Գրադարան – Mashtoz.org

Վանքից ներս և դուրս ելումուտը

Անապատի Հայրերը շատ խիստ ցուցմունքներ են թողել սեփական խցից կամ վանքից ներս և դուրս ելումուտի վերաբերյալ, բայց իրենց գործնական կենցաղը միշտ էլ զարմանալիորեն խոհեմ ու չափավոր է եղել և ունեցել է մտային լայն բացվածք[1]:
«Մի վանական, որը գյուղին հարաբերաբար ավելի մոտ էր բնակվում, ասաց իր եղբայրակիցներին. “Ահա՛ բազում տարիներ ի վեր ապրում եմ այստեղ և երբեք գյուղ չեմ գնացել: Դուք, մինչդեռ, գնում եք ամեն օր”: Եղբայրներն այս խոսքերը հաղորդեցին Աբբա Պիմենին, որն ասաց. “Ավելի լավ կաներ, եթե գնար, քան թե հպարտանար՝ ասելով. 'Երբեք չեմ գնացել', և ուրիշներին դատելով [...] “»[2]: Անապատի Հայրերը ծայրաստիճան ուշադիր էին խոնարհությանն ու եղբայրսիրությանը, մինչ շատ ավելի լայն բացվածքով էին մոտենում կյանքի արտաքին պարագաներին: Բոլորն էլ համաձայն են ընդունելու մեջ, որ աշխարհից ֆիզիկապես հեռանալը սկզբնական և հիմնական քայլն է, որից է կախված վանական կյանքի ամբողջ կողմնորոշումը, և անհրաժեշտ է մեծ արթնություն գործադրել` ամբողջական պահպանելու համար վանական կյանքի այս տարրի կատարյալ խստությունը: Բայց միևնույն ժամանակ, Հայրերը կամենում են խուսափել այն վտանգից, որ հպարտ, համառ ու կամակոր օրինապաշտությունը չզրկի վանականին դյուրազգացությունից` Հոգու ազդակների ու ներշնչումների դիմաց: Հայրերն իսկապես գիտակից էին, որ Հոգու առաջնորդությունները տարբեր են և աննախատեսելի: Աշխատանքի կամ աստվածային սիրո պատճառները կարող են մղել վանականին փոխելու բնակավայրը, բայց սա չպետք է խանգարի նրան այս կանչերի դիմաց մնալու ներքուստ և արտաքուստ ազատ:
Ամոնը՝ Անտոնի հաջորդը, գրում է. Մեր Սուրբ Հայրերը «նախ գործադրել և որպես պարգև ստացել էին բազում ''hesychia'' [հոգու անդորր], այն աստիճան, որ նրանց մեջ բնակվում էր աստվածային զորությունը: Հետո միայն` Աստված առաքեց նրանց մարդկանց մոտ և ահա՛ տիրապետում էին բոլոր առաքինություններին: Հսկեցին մարդկանց վրա և բժշկեցին նրանց բոլոր հիվանդությունները: [...] Աստված նրանց առաքում էր միմիայն այն բանից հետո, երբ բժշկվում էին նրանց բոլոր կրքերը: Աստված չէր կարող մարդկանց վրա հսկելու առաքել որևէ մեկին. [անշուշտ չէր կարող առաքել] նրանց, ովքեր իրենց մեջ կրում էին ախտեր և մեղանչական վարմունքներ: Մինչդեռ նրանք, ովքեր աշխարհ են գնում նախքան Աստծո կողմից առաքվելը, վարվում են ըստ իրենց կամքի և ո՛չ թե հնազանդվելով Աստծուն: Բայց նրանց մասին Աստված ասում է. “Ես չեմ առաքել այս մարգարեներին, բայց նրանք վազում են” (Երմ 23, 21): Այսպիսիք, առանց ուրիշների օգնության, իրենք իրենց վրա հսկելու կարողությունն անգամ չունեն: Նրանք, մինչդեռ, որ առաքված են Աստծուց, չեն կամենում կորցնել ''hesychia''ն, որովհետև գիտեն, որ իրենց մեջ բնակվող աստվածային զորության աղբյուրն է. գիտեն նաև, որ իրենց Արարչի հանդեպ անհնազանդ կգտնվեին, եթե իրենց քմահաճույքից մղված` ուրիշներին օգտակար լինելու դիտավորությամբ գնային այս ու այն կողմ շրջելու»[3]:
Այս ուղղությամբ մեկնաբանելով է, որ կարող ենք լավագույնս ըմբռնել Բենեդիկտոսի վերաբերմունքը, երբ հասնում է Մոնտեկասսինո և իրեն գտնում է հեթանոս ու կռապաշտ ժողովրդի դիմաց. «Եռանդուն քարոզչությամբ` հավատքի էր բերում մոտակա շրջաններում ապրող բնակչությանը»[4]: Բայց կենսագիրը, շարունակելով Վարքը, այլևս երբեք չի խոսում «եռանդուն քարոզչության» մասին. հավանական է, որ ընդունելով բնակիչների դարձը քրիստոնեական հավատքի, Բենեդիկտոսը գոհացել է այդ հավատքը վանքից ներս հյուրընկալությամբ և առավել առողջ քարոզչությամբ խնամելով ու փարթամացնելով: Կենսագրության հետագա ամբողջ բաժինն, իրոք, կենտրոնացած է վանքից ներս առանձնության և աղոթքի վրա: Նմանապես, պատմության ընթացքում պատահել են բազմաթիվ վանական քարոզիչներ, բայց քարոզչության պաշտոնը բոլորն էլ վարել են ժամանակավորապես. հազիվ թե ձևավորվել են եկեղեցական անհրաժեշտ կառույցները, բոլորն էլ իսկույն ետ են քաշվել, շարունակելով նվիրվել վկայության մի ա՛յլ եղանակի:
Իսահակ Ասորին ասում էր. «Ավելի մեծ է նա, ով կառուցում է իր սեփական հոգին, քան թե նա, ով կառուցում է աշխարհը»[5]: Բայց ով կառուցում է իր հոգին, չի կարող անտարբեր մնալ աշխարհի կառուցմանը. եթե հրավիրվում է մասնակցելու այդ գործին, ետ չի ընկրկում: Սակայն երբե՛ք ինքը չէ, որ սկիզբ է տալու նախաձեռնությանը, ո՛չ էլ փափաքելու կամ մտահոգվելու է դրանով, և համենայն դեպս, հազիվ թե վերջացնի պահանջված ծառայությունը` ընդունակ է լինելու քաշվելու և անհետանալու: Սա նույնպես նշանակում է հավատարիմ մնալ Անտոնի կողմից դրված սկզբունքին. «Ո՛ւր էլ որ բնակվես, շուտով մի՛ հեռացիր կամ մի՛ հեռացիր ընդհանրապես»:
Անապատի Հայրերի ուսմունքին Բենեդիկտոսը խորքի մեջ իսկապես հավատարիմ մնաց, և թեև ամոթից կարմրած է իրեն խոստովանում, երբ հիշում է նրանց օրինակը[6], իրականում ամբողջ Արևմուտքի առաջ ներկայանում է որպես Անապատի Հայրերի վանական հոգեկանության մեկնաբանը: Առաջին վանականների կյանքի հանդեպ ունեցած իր կարոտը գործուն է, մի կարոտ է, որ վանականին թույլատրում է գերազանցել կանոնագրքին, հնազանդվելով այն միակ Հոգուն, որը ներշնչեց Բենեդիկտոսին և Անտոնին:
[1] Հմմտ. Deserto, pp. 73-91.
[2] Pater. Arm., XV, 47R: III, 293.
[3] Vies et Pratiques des saints Pères, Venezia 1855, t. 2, pp. 602-603.
[4] II Dial. 8, 11.
[5] J. Wensink, Mystic Treatises by Isaac of Niniveh, Amsterdam 1923, 444, LXV, p. 298.
[6] RB 73, 7.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։