Քրիստոնեական և վանական կյանքի նպատակը. Սերը – Գրադարան – Mashtoz.org

Քրիստոնեական և վանական կյանքի նպատակը. Սերը

Սերը և աղոթքը բոլոր քրիստոնյաների կոչումն են, և Անապատի Հայրերի ուսուցումները հաճախ են հաստատում այս ճշմարտությունը, երբեմն մի քիչ երգիծանք խառնելով պատմություններին: «Հայր Անտոնն անապատում ունեցավ այս հայտնությունը. “Քաղաքում կա մեկը, որ նմանվում է քեզ. մասնագիտությամբ բժիշկ է, ավելորդ ունեցվածքները տալիս է կարիքավորներին և ամբողջ օրը հրեշտակների հետ միասին երգում է երեքսրբյան օրհնությունը”»[1]:
Սիրել Աստծուն ամեն ինչից ավելի և մերձավորին, ինչպես Քրիստոսն Ինքն է սիրում նրան: Ապոֆտեգմաները հատուկ կերպով ուշադիր են այս սիրո «ինչպե՛ս»ին:
Մովսես Եթովպացին մեծ սուրբ դառնալուց առաջ մեծ ավազակ էր եղել:
«Մի օր Սկիտեի եղբայրներից մեկը մեղքի մեջ ընկավ: Վանականները հավաքվելով` ոմանց ուղարկեցին հայր Մովսեսին կանչելու: Բայց քանի որ չէր կամենում գալ, քահանան ուղարկեց նրան ասելու. “Ե՛կ, բազմությունը քեզ է սպասում”: Այնժամ եկավ՝ ուսերին ավազով լի կողով դրած, որի ծակերից ավազը հոսում էր վար: Եղբայրներն ընդառաջ ելան նրան և հարցրեցին. “Հա՜յր, ի՞նչ է սա նշանակում”: Ծերը պատասխանեց նրանց. “Իմ մեղքերն են, որ հոսում են ետևիցս, մինչ ես չեմ տեսնում դրանք: Սակայն այսօր եկել եմ այստեղ` դատելու ուրիշների մեղքերը”: Այս խոսքերը լսելով` ոչինչ չասացին մեղանչած եղբորը և ներեցին նրան»[2]:
Այս ապոֆտեգման ցույց է տալիս սիրո կողմերից մեկը. մեզնից ոչ ոք չի կարող հավակնել Աստծո դատաստանը կանխելու իրավունքը, առանց ինքն իրեն դատապարտելու` ողորմության պակասի պատճառով: Մակար Եգիպտացուն պատահած հետևյալ դեպքը ցույց է տալիս սիրո կողմերից մեկ ուրիշը, որը նույնքան կարևոր է ու հիմնական. բարությունը, որ հուզում է սրտերը:
«Պատմում էին, թե մի օր հայր Մակար Եգիպտացին իր աշակերտներից մեկի ուղեկցությամբ Սկիտեից բարձրանում էր Նիտրիայի լեռը, և երբ գրեթե հասնելու վրա էին, ասաց աշակերտին. “Մի քիչ առաջ անցիր”: Մինչ քայլում էր նրանից մի քիչ առաջ, աշակերտը հանդիպեց մի հեթանոս քահանայի և նրա ետևից աղաղակեց. “Է՜յ, սատանա, ո՞ւր ես վազում”: Քուրմը, ետ դառնալով, մի քանի գեղեցիկ հարված իջեցրեց նրա թիկունքին, այնպես` որ կիսամեռ թողեց նրան. ապա, գավազանը վերցնելով, շարունակեց իր ճանապարհը: Քիչ անց, մինչ աճապարելով քայլում էր, հանդիպեց հայր Մակարին: Վերջինս նրան ասաց. “Ողջո՜ւյն, ողջո՜ւյն քեզ, որ հոգնած ես”: Զարմացած, քուրմը մոտեցավ նրան և հարցրեց. “Ի՞նչ բարի բան տեսար իմ մեջ, որ խոսքերովդ դիմեցիր ինձ”: Ծերն ասաց. “Որովհետև տեսա, որ հոգնում ես, բայց չգիտես, որ հոգնությունդ ապարդյուն է”: Այնժամ քահանան ասաց. “Ողջույնդ լսելով` զղջումով լցվեց անձս, և հասկացա, որ պատկանում ես Աստծուն: Մինչդեռ մի ուրիշ չար վանական, որին հանդիպեցի, նախատեց ինձ և ես նրան կիսամեռ թողեցի”: Ծերը հասկացավ, որ խոսքը վերաբերվում էր իր աշակերտին: Իսկ քուրմը, նրա ոտքերն ընկնելով, ասաց. “Եթե ինձ վանական չդարձնես, չեմ թողնի քեզ”: Ապա միասին հասան այնտեղ, ուր ուշակորույս պառկած էր եղբայրը, նրան իրենց ուսերի վրա առան և տարան նրան լեռան եկեղեցին: Իսկ քուրմը վանական դարձավ և իր շնորհիվ բազմաթիվ հեթանոսներ դարձան քրիստոնյա: Հայր Մակարը հաճախ էր ասում. “Չար խոսքը չարացնում է նաև բարիներին, իսկ բարի խոսքը բարիացնում է նաև չարերին”»[3]:
Անապատի Հայրերի այս գործուն սիրո օրինակները կարող ենք անսահմանափակ քանակով բազմապատկել: Երբեմն, այս սերը դառնում էր նրբանկատ: «Ծերերից ոմանք գնացին հայր Պիմենի մոտ և հարցրեցին նրան. “Եթե եղբայրներից ոմանք ննջում են աղոթքի ժամանակ, ուզո՞ւմ ես, որ ցնցենք նրանց, որպեսզի արթուն մնան հսկման ընթացքում”: Բայց նա պատասխանեց. “Իրականում, եթե ես տեսնում եմ, որ եղբայրներից մեկը ննջում է, գլուխը ծնկներիս եմ դնում և թողնում եմ, որ հանգստանա”»[4]:
Հոգեբանական ինչպիսի՜ նրբություն և հոգևոր ինչպիսի՜ կորովամտություն այս սակավաթիվ խոսքերում: Եղբայրներից ոմանց գլուխները ծանրանում են գիշերային ժամերգության ժամանակ և նա, Պիմենը, մեծավորը, չի միջամտում: Հատուկ ջանքերի կարիք չկա` երևակայելու համար Պիմենի և հոգնած խեղճ եղբայրների նկատմամբ առավել ուժեղ ու առաքինի վանականների դժգոհությունը: Այս վերջինները մեծագույն գոհունակություն կստանային, եթե իրենց թույլատրվեր բռնցքահարումով իրենց պարտականության կատարմանը հրավիրել ննջող եղբայրներին: Աբբա Պիմենի անուղղակի պատասխանը կարող ենք գուշակել, լուսավորված` մի գեղեցիկ հեգնական ժպիտով. իրական խնդիրը ժամերգությունների ժամանակ ննջող եղբայրները չեն, այլ՝ դուք, եղբայրներ, որ ժամերգություններն անցկացնում եք զայրանալով և ուրիշներին քննադատելով:
Այսպիսով, մարդկային սրտի ծուռումուռ դարձվածքները մերկացվում են, որպեսզի վանականը կարողանա հաճո լինել Աստծուն (հմմտ. Մտթ 3, 17; Հռմ 12, 11): Եթե Աստված առաջինը սիրեց մեզ, ձրիորեն, առանց մեր արժանիքների, մենք պարտավոր ենք պատասխանել այդ սիրույն, մտնել Դաշինքի մեջ, Գառան հարսանիքի սրահից ներս, Հարսի` Եկեղեցու հետ միասին: Հետևաբար, Հոր որդիներն ու դուստրերը դառնալ` նախևառաջ նշանակում է պահել պատվիրանները:
«Մեկը հարցրեց հայր Անտոնին. “Ի՞նչ պետք է անեմ` Աստծուն հաճո լինելու համար”: Ծերը պատասխանեց. “Արա՛ այն, ինչ պատվիրում եմ քեզ. ո՛ւր էլ որ գնաս, միշտ Աստծուն ունեցիր աչքերիդ առաջ. ի՛նչ էլ որ անես կամ ասես, ունեցիր Սուրբ Գրությունների վկայությունը. ո՛ւր էլ որ բնակվես, շուտով մի՛ հեռացիր այնտեղից: Պահիր այս երեք պատվիրանները և կփրկվես”»[5]:
Ապա նշանակում է նաև ստանալ սիրո այն վերքը, որն անբուժելի է: «Խոցվեցին աստվածային գեղեցկությանն ի տես և երկնային ու անմահ կյանքը թափանցեց նրանց հոգիներից ներս: Այս իսկ պատճառով, նրանք տենչում են երկնքի Արքայի այս սիրույն և վիթխարի բաղձանքով` Նրանից բացի ուրիշ ոչինչ չունեն իրենց աչքերի առաջ»[6]:
Մակարի վերջին խոսքը նույնպես, որ ներշնչված է խաչի վրա Հիսուսի արտասանած խոսքից (հմմտ. Ղկս 23, 46) և Ստեփանոսի խոսքից (հմմտ. Գրծ 7, 59), լինելու է սիրո մի աղաղակ. «Տե՜ր իմ Հիսուս, Դու ես հոգուս սերը. ընդունի՜ր հոգիս»[7]:
[1] Անտոն 24; Պիմեն 109.
[2] Մովսես 2.
[3] Մակար 39.
[4] Պիմեն 92.
[5] Անտոն 3.
[6] Les homélies spirituelles de saint Macaire (homélie 5, 6), Bellefontaine 1984, p. 124.
[7] Les homélies spirituelles de saint Macaire (vie copte), Bellefontaine 1984, p. 82.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։