ա) Խորը տարբերություններ – Գրադարան – Mashtoz.org

ա) Խորը տարբերություններ

Այս տարբերությունները չեն վերաբերվում միայն նորընծաների ընդունելության կանոններին, այլ նաև՝ այս նոր կյանքին կազմավորմանը և վերջինիս մեջ հարատևմանը:
Միայնակեցական կյանքում կարող է թվալ, թե գոյություն չունի թեկնածուի ընդունելության հատուկ մի կանոն: Ինչպես հստակ կերպով հասկացնում է Աբբա Մակարի ապոֆտեգմաներից մեկը[1], թեկնածուն ինքը ազատորեն ընտրում է, թե ո՛ր ծերունու հետ է ապրելու և այս վերջինը միմիայն ստուգում է իր ապագա աշակերտի փափագի ուժգնությունը. հարցեր չի ուղղում ո՛չ նրա անցյալի, ո՛չ նրա համոզումների, ո՛չ էլ նրա «քաղաքացիական վիճակ»ի վերաբերյալ: Ենթադրվում է, որ անապատն ինքը ետ կուղարկի բոլոր նրանց, ովքեր հարմար չեն հոգևոր կյանքին: Գործնականում, գոյություն ունեն ընդունելության այնքան ձևեր, որքան որ է թեկնածուների թիվը: Թեև Աբբա Պափնոտիոսը, Կասսիանոսի համաձայն, զանազանում է կոչումների երեք տեսակ, ըստ այնմ, թե գալիս են Աստծուց, մարդկանցից կամ կարիքներից, այնուամենայնիվ՝ ոչ մեկը չի դատում որպես ինքնըստինքյան անհաջող կամ ձախողման սահմանված[2]:
Ամբողջովին տարբեր է մոտեցումը վանականների մոտ, ուր խնդիրը շատ պարզ է. ընդունելության պայմանները նախատեսված են ծայրաստիճան խիստ կերպով: Արկածախնդրության ցանկությունը բավական չէ: Ինչպես պահանջում է Պակոմի կանոնագիրքը, ընդունվելու համար թեկնածուն պետք է բավարարի որոշակի թվով պայմանների. չպետք է լինի փախստական ստրուկ, պետք է ընդունակ լինի հրաժարվելու սեփական ունեցվածքներից և ընտանիքից, պարտավոր է հարմարվել վանքի բոլոր կանոններին[3]: Իսկ Բարսեղն իր հերթին պնդում է ապահովելու վրա ազատությունը նրա, ով հանձն է առնում ապրել ողջախոհությամբ[4]:
Երկու դեպքերում էլ խոսքը վերաբերվում է – եթե թույլատրելի է առանց տարաժամության գործածել մեր արդի խնդիրներից մեկը – դաստիարակելու անհատին` ունենալու Աստծո փորձառությունը, որը կերպարանափոխելու է նրա ողջ անձնականությունը, կենտրոնից հեռացնելով սեփական անձը և հաստատելով ուրիշների հետ հաղորդակցության ամբողջովին նոր կերպեր: Բայց գործածված մանկավարժությունն արմատականորեն տարբեր է և արժե մի քիչ ավելի խորը կերպով վերլուծել այն:
Մենակեցական կյանքի թեկնածուի համար, որը թվում է, թե նետվում է հոգևոր գերակշիռ կերպով անձնական արկածախնդրության մեջ, գործի դրված մանկավարժությունը նույնպես ուժգին կերպով անձնականացված է: Հաճախում է ծերերից մեկի «դպրոց»ը, այդ ծերունուց կախում ունի ամեն ինչում և նրա հետքերով քայլելով է, որ սովորում է կամաց կամաց դառնալ հասուն մարդ, այսինքն` ընդունակ երևույթների տակ կշռադատելու և զանազանելու այն, ինչ գալիս է Աստծո Հոգուց և, հետևաբար, ազատարար է, մնացած բաներից, որոնք թշնամու խաբեությունն են և, հետևաբար, հեռացնում են Աստծուց: Հոգևոր հորից կախվածությունը դե՛ռ ավելի արմատական է, որովհետև ժամանակավոր է. տևում է մինչև այն օրը, երբ հնարավոր կլինի հաստատել, որ «ներքին մարդը» բավական չափով զարգացել է աշակերտի ներաշխարհում: Աստվածաշնչի անդադար կրկնությունից (կարելի է ասել` ծամելուց) բացի, մի բան, որ կերպարանափոխելու է իրեն ներքուստ (սա կիրարկվում է նաև վանականների մոտ), հարկավոր է շեշտել, որ անպայմանադիր հնազանդությունը միայնակյացների կողմից գործածված գրեթե միակ մանկավարժությունն է: «Ծերերն ասում էին. “Եթե հավատում ենք մեկին և հանձնվում ենք նրան հնազանդությամբ, հարկ չկա մտահոգվել Աստծո պատվիրանների մասին: Բավական է սեփական հոգևոր հորը հանձնել բոլոր անձնական ցանկությունները և մարդն անմեղ կլինի Աստծո առաջ, որովհետև Աստված նորընծաներից ուրիշ ոչինչ չի ակնկալում, եթե ո՛չ միայն՝ հնազանդության խաչակրությունը”[5]:
Այս պահանջներն անմնացորդ են, քանի որ հասնում են աշակերտին պարտադրելու` հայտնել իր հոգևոր հորը այն ամբողջ հոսանքը զգացումների, ցանկությունների, երևակայությունների, – այսպես կոչված «մտածումներ»ը, «loghismoi», – որ եռում է իր սրտում: Այդպիսի ջանքի գնով` նորընծան կկարողանա ձեռքբերել այն հոգևոր ջինջ ու վճիտ էությունը, որն իրեն ի վիճակի կդարձնի ո՛չ միայն միայնակ ապրելու շարադրված ոչ մի կանոն չճանաչող կյանքը, այլ նաև՝ մի օր իր հերթին դառնալու հոգևոր առաջնորդ նոր թեկնածուների համար, որոնք կգան ենթարկվելու իր առաջնորդությանը: Այսպիսով, հոգևոր երկխոսության և ութ գլխավոր մոլությունների դեմ սեփական հոգևոր հոր հանդեպ սերտ հնազանդության լույսի ներքո մղված ճգնողական պայքարի շնորհիվ` սկսվում է սեփական անձի ապասեփականացման մի բարդ ընթացք, որի վերջավորությանը` նա կկարողանա մի նոր հաղորդություն հաստատել մարդկանց հետ, մի ծայրաստիճան պտղաբեր հաղորդություն: Ինչպես հաստատում է հոգևոր այսպիսի հայրերից մեկը՝ Եվագրիոս Պոնտացին, իրական միանձն է նա, «ով ամեն ինչից (կամ` ամենքից) անջատված, միացած է ամեն ինչին (կամ` ամենքին) »[6]:
Ամբողջովին տարբեր է վանականության մոտ գործածված մանկավարժությունը, քանի որ վանական կյանքն ունի օրենքներ, որ պարտադիր են բոլորի համար: Պակոմի Կանոնները մատնանշում են գլխավոր տարրերը, որոնցով բնորոշվում է այս կազմակերպությունը և համայնքային մանկավարժությունը: Արժե մի պահ կանգ առնել այն երեք տարրերի վրա, որոնք առավել մոտիկից են վերաբերվում մեր նյութին.
- միաձևության պահանջը. զգեստների, օրակարգի, բնակավայրի, վարվելակերպի, կենցաղի խստության մեջ, և այլն.
- տեղագրական բաժանում աշխարհից, որի պաշտպաններից մեկն է նաև փակարանի պարիսպը, որով գծվում են սրբազան տարածքի սահմանները և «սրբերի[7] հասարակություն»ը պաշտպանվում է մարդկանց մնացած մասից.
- հասարակության ամբողջության կազմակերպված և խստորեն նվիրապետական կառավարում. բուրգի գագաթում «հաղորդության հայրն» է (Պակոմ). վանքերից յուրաքանչյուրի ղեկավարումը վստահված է մի առաջնորդի, որին օգնում է մի երկրորդ եղբայր. վանքերից յուրաքանչյուրն իր հերթին բաժանված է զանազան վանատների, որոնցից յուրաքանչյուրը կրկին ղեկավարվում է մի առաջնորդի կողմից, որին օգնում է մի երկրորդ եղբայր:
Այս կազմակերպությունը ծառայում է նախորդից բավական տարբեր մի հոգեկանության. այստեղ հիշենք վանական այս հոգեկանության երկու առավել նշանակալի յուրահատկությունները.
1. Աղքատությունն այլևս չի հասկացվում և արդարացվում որպես այս աշխարհի հարստություններից հնարավոր չափով ամբողջական հրաժարում, այլ՝ որպես ունեցվածքների ոչ-անձնական-գործածման կամք, ըստ որի` նյութական բարիքներն է՛լ ավելի թանկարժեք են նկատվում, որովհետև համարվում են «Տիրոջ բարիքները»: «Այն ամենը, որ համայնքի ունեցվածքն է, ձերը չէ», հաստատում է Պակոմի հաջորդը` Թեոդորոսը, «ո՛չ էլ ձեր ըստ մարմնի ազգականներինը, որոնք աշխարհում են, այլ ավելի` մեր Տեր Հիսուս Քրիստոսինը, Ով հավաքել է մեզ միասին: Եթե Նա ինչ որ մի բան տալիս է մեզ՝ մեր կարիքների համար, ողորմություններ են, որ բաշխում է մեզ ըստ Իր բարության [...] »[8]: Ահա՛ թե ինչո՛ւ հարկավոր է մեծ խնամք ունենալ վանքի նյութական բարիքների հանդեպ[9]: Այսպիսով, աղքատությունը ո՛չ այնքան զրկանք է (նաև կերակուրները, ամենատկարներին անգամ հարմար, այնքան էլ խիստ չեն), որքան՝ անձնականից ապասեփականացում: Այսպես ըմբռնված և ապրված աղքատությունը դառնում է եղբայրական հաղորդակցության գլխավոր նեցուկներից մեկը: Պակոմի կենսագրության սահիդական մի ձեռագրի վկայության համաձայն, հենց այս կետի վրա է, որ ձախողվեց աշակերտների առաջին կորիզը, որ Պակոմը համախմբել էր իր շուրջը:
2. Հնազանդությունը նույնպես ուժգին կերպով ենթարկված է «հասարակաց կյանքի» գաղափարականին: Խոսքը չի վերաբերվում այլևս, ինչպես մենակեցական կյանքում, հոգևոր կյանքում հասուն մեկին անպայմանադիր հնազանդությամբ ժամանակավոր կերպով ենթարկվելուն, որին թեկնածուն ինքը ընտրում է` Սուրբ Հոգու կողմից ղեկավարվել սովորելու համար, այլ ավելի` ենթակայության մնայուն վիճակի պատկանելուն, որն ինքնըստինքյան արժեքավոր է` որքանով որ խոնարհությունն ապրելու կերպերից մեկն է: Երեք հատկանիշներ կողմնորոշում են հնազանդության գործադրումը և հեղինակության կիրարկումը վանական հոգեկանության ներսում.
– վանքի կամ վանատների մեծավորներից յուրաքանչյուրի իշխանությունը հստակ կերպով սահմանված է և մեծավորներից ո՛չ մեկն իրավասու չէ խախտելու այդ սահմանները. այսպիսով, ով ենթակա է հեղինակությանը, ապահովված է մեծավորների միշտ հնարավոր քմահաճույքների դեմ.
– իշխանությունն արդյունքը չէ պարգևաշնորհների, ո՛չ էլ սրբության, այլ՝ բարձրագույն հեղինակության կողմից միշտ հետսկոչելի որոշմամբ նշանակման. եղբայրները հավաքվում էին տարեկան ժողովների և այդ առիթով Պակոմը նշանակում էր վանքերի մեծավորներին սկսվող նոր տարվա համար.
– հնազանդության պարունակությունը կախում չունի տվյալ պահի ներշնչումից, այլ՝ նախապես սահմանված է օրենքի կողմից, որ վերաբերվում է եղբայրներին ու մեծավորներին (վերջիններս նույնպես ենթակա են օրենքին). հասարակության ներսում յուրաքանչյուր ոք ունի իր պաշտոնը, որը պարտավոր է կատարել և որից ներս ուրիշները չեն կարող միջամտել:
[1] Մակար 33.
[2] Conl., III, 3-5.
[3] Pr. 49.
[4] GR 15.
[5] Nau 290.
[6] De oratione, 124.
[7] Այսինքն՝ առանձնացվածների, Աստծո ծառայությանն ընծայվածների։
[8] Bo 183.
[9] Հմմտ., օրինակի համար, Pr. 70, զգեստի վերաբերյալ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։