բ) Փոխադարձ լրացնողություն – Գրադարան – Mashtoz.org

բ) Փոխադարձ լրացնողություն

Միանձնական այս երկու սկզբնական կենսաձևերից առաջինը, հետևաբար, շեշտը դնում է միանձնի հոգևոր անձնական փորձառության վրա, որի հաջողությունն ավելի կարևոր է, քան որևէ տեսակի կազմակերպություններն ու օրենքները. երկրորդն, ընդհակառակը, ծայրաստիճան արժեքավորում է մարդկային կյանքի հավաքական բնույթը, հասնելով մինչև իսկ հասարակաց կանոնների նվիրականացման վտանգին, ի վնաս անձի խղճի ու ներաշխարհի: Այսուամենայնիվ, բազմաթիվ ազդակների ազդեցության ներքո` երկու ճանապարհները շատ չանցած մերձեցան իրար և ստեղծվեց միախառնման հնարավորությունը:
Մենակեցությունը, իր գաղափարականով իսկ անկայուն, շատ ժամանակ չանցած արդեն չկարողացավ հավատարիմ մնալ սկզբնական ներշնչմանը, քանի որ սկսեց գրավել միշտ ավելի բազմաքանակ աշակերտներ, որոնց ներկայությունը պահանջում էր հավաքական գեթ նվազագույն կազմակերպում: Իսկապես, կարող ենք նկատել, թե ինչպե՛ս շուտով սկսեցին ստեղծվել միայնակյացների մեծ խմբերին վերաբերվող չգրված օրենքներ, կանոններ, որոնք սահմանում էին, օրինակի համար, կերակուրների չափը, հյուրասիրությունը և նյութական աշխատանքը: Արտաքին աշխարհի իրադարձությունները նույնպես ստիպեցին արագացնել այս հեղաշրջումը. ավազակների շարունակական ասպատակությունները (Սկիտեի ամենաբազմաբնակ անապատում թալանումներ ու սպանություններ տեղի ունեցան հատկապես 407, 434 և 444 թվականներին) միայնակյացներին ստիպեցին մտածել ինքնապաշտպանության մասին: Այսպիսով, 444 թվականին, Սկիտեում վանականների համար կառուցվեց աշտարակ-ապաստարան. քիչ ժամանակ անց կառուցվեցին նաև շրջակա պարիսպներ, իսկ հաջորդ դարում, Դանիել Սկիտացու կյանքից տեղեկանում ենք, որ իր անապատում արդեն գոյություն ուներ դասական վանականությանը շատ նման կյանքի որոշ կազմակերպվածություն:
Մյուս կողմից, եթե պակոմյան վանականությունը շատ շուտով անկում ապրեց, որովհետև բավական չափով հաշվի չէր առել Աստծո փնտրտուքի անձնական բնույթը, նրա ժառանգը հանդիսացող բարսեղյան վանականությունը սկիզբ տվեց հասարակաց կյանքի մի ուրիշ կազմակերպության, որի սկզբունքներն ընդարձակ տեղ էին թողնում անձնական ներաշխարհին: Վարք Հարանցի կողքին (որն էապես միայնակեցական բնույթի գրականության նմույշն է), Բարսեղի կանոններն ու խրատները մինչև օրս մնում են վանական սկզբնավորման հիմքը Արևելյան Եկեղեցիներում:
Արևմուտքում, վանական-աստվածաբանը, որն անկասկածելիորեն ամենաարդյունավետ կերպով նպաստեց երևութապես միայն հակասական երկու կենսաձևերի ներդաշնակեցմանը, Հովհաննես Կասսիանոսն է: Վերջինիս նպատակն էր Արևմուտքին ծանոթացնել և արևմտյան մտայնությանը հարմարեցնել վանական այն փորձառությունը, որն ինքն անձամբ ապրել էր Եգիպտոսում[1]: Իրականում, թեև նա անձամբ ապրել էր միայն մենակեցական փորձառությունը, իր աշխատության շարադրման ընթացքում որոշում է հաշվի առնել նաև պակոմյան գաղափարականի փորձառությունը. այդպիսով հանձն առավ կատարելու առավել եզակի աշխատանք, քան կարծում էր ինքն իսկ. սկզբնական երկու տիպարներից քաղված տարրերից մեկնելով` առաջ բերեց մի նոր հոգեկանություն, որն ամբողջովին կողմնորոշված է դեպի այն, ինչը որ ինքը կոչում է «արտաքին մարդու կազմավորումը»[2], ապա «կազմավորումը»[3] և «կատարելագործումը ներքին մարդու»[4], ցույց տալով, որ այս հոգեկանությունը կարող է ծաղկել և՛ վանականության գրկում, և՛ մենության մեջ:
Շուտով, սակայն, համընդհանուր տարածված համոզում դարձավ, որ միանձնականությանը նվիրվողի աճը Սուրբ Հոգու համաձայն ապրված կյանքում` զարգանում է երկու հանգրվաններով. առաջինը՝ կրթության շրջանը, լավ հաջողվելու համար պահանջում է վանական հասարակության ներկայությունը. երկրորդը, մինչդեռ, պահանջում է մենություն և լռություն: Սա այն է, ինչը որ իրագործեց Սուրբ Սաբայի (439-532) ծրագրած կազմակերպությունը[5]. հասարակության մեջ ապրված սկզբնական շրջանի մի քանի տարիներին հետևում էր կյանքը «լաուրա»ներում, այսինքն` մի տեսակ հսկողության ենթակա մենակեցության վայրերում: Թերևս այս ընթացքին է ակնարկում նաև Բենեդիկտոսը, երբ իր Կանոնների 73րդ գլխում աշակերտին հրավիրում է առաջադիմելու «դարձի կյանքի այս սկզբից» այն կողմ – սկիզբ ասելով ակնարկում է իր Կանոնագրքին – և «շտապելու դեպի կատարելություն», հետևելով «Սուրբ Հայրերի ուսուցումներին»: Եվ մեջբերում է Կասսիանոսին, Անապատի Հայրերին, Բարսեղին: 11րդ դարի վանական մեծ վերանորոգիչները նույնպես «սկզբնական վանականությանն» էին դիմում որպես իրենց աղբյուրի, նկատելով այն որպես մեկ միասնական զանգված:
[1] Instit., Praefatio.
[2] Instit., V-XII.
[3] Conl., I-X.
[4] Conl., XI-XXIV.
[5] Կյուրեղ Սկիտոպոլսցի, Vita di S. Saba; Schwartz, Texte und Untersuchungen, vol. 49, 2, Leipzig 1939.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։