1) Եզրույթի պատմությունը – Գրադարան – Mashtoz.org

1) Եզրույթի պատմությունը

Դասական հունարենում «akedía» եզրը մատնացույց է անում անհոգությունը (a-kêdos), անտարբերությունը, ծուլությունը, ինչ որ մի բանի նկատմամբ հոգածության, խնամքի և հետաքրքրության բացակայությունը: Ինչպես հունարենում, այնպես էլ հայերենում, իր մեջ բովանդակում է իմաստների մի բազմազանություն, որոնց միասնությունն է արտահայտում մեկ բառով: Դրանք են. թույլ, թուլամորթ, թուլակամ, անկամ, կամազուրկ, անկորով, անջիղ, անարի, վհատ, հիվանդագին աստիճանի տխուր ու թախծոտ, ծույլ, հեղգ ու պղերգ լինելը:
Հին Կտակարանի հունարեն Յոթանասնից թարգմանության մեջ, հատկապես՝ Սաղմոսներում, մատնանշում է հիվանդության տառապանքները կրած կամ չարագործների կողմից հալածված մարդու բարոյալքումը, հուսահատությունը, սաստիկ տկարությունը, հոգնածությունն ու ուժասպառ վիճակը (Սղմ 60, 3; 101, 1; 118, 28; 142, 4):
Նոր Կտակարանում, մինչդեռ, լիովին բացակայում է, և՛ որպես գոյական, և՛ որպես բայ:
Հերմասն այս եզրը գործածում է միայն մեկ անգամ, մատնանշելու համար վհատությունը նրանց, ովքեր խռովվում են աշխարհի մտահոգությունների պատճառով.
 
Զառամյալ ծերունիների նման, որոնք կրկին երիտասարդանալու հույս այլևս չունենալով՝ ա՛յլ բան չեն սպասում, քան միայն՝ մահը, այդպես նաև դուք, աշխարհի գործերով ջլատված, անձնատուր եք եղել վհատությանը (akedía) և ձեր հոգսերը չեք հանձնել Տիրոջը. այդ իսկ պատճառով, ձեր սրտերը պատառոտվել են և դառնությունները ծերացրել են ձեզ[1]:
 
Եվագր Պոնտացու և Կղիմաքոսի մոտ «akedía» եզրը մատնացույց է անում ձանձրույթը, հոգու և մտքի ընդարմացումը, թուլությունն ու թուլամորթությունը: Կասսիանոսի և Բենեդիկտոսի մոտ՝ ծուլությունն ու դատարկապորտությունը:
Մեղկությունը դա հոգևոր դիրքորոշում է, որ մոտենում է աշխատանքի և աղոթքի նկատմամբ խորշումին, կյանքի իմաստի կորուստին: Սիմեոն Նոր Աստվածաբանի համաձայն, «akedía-ն հոգու (psyché) և մտքի (noûs) մահն է»[2], ինչը որ նշանակում է, որ միաժամանակ մտային և հոգևոր հիվանդություն է:
[1] Հերմաս, Հովիվը, XIX, 3.
[2] Սիմեոն Նոր Աստվածաբան, Աստվածաբանական, իմացական և գործնական հոդվածներ, I, 74; SC 51 bis, p. 82.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։