3) Դորոթեոս Գազացի – Գրադարան – Mashtoz.org

3) Դորոթեոս Գազացի

Դորոթեոս Գազացին վանական գրականության մեջ այն հեղինակն է, ով բոլորից ավելի շատ է զգուշացնում անհոգության դեմ: Այդուհանդերձ, նրա գրություններում գտնվում են երկու հատվածներ, ուր անհոգությունը վերցված է դրական իմաստով:
 
Ուշադրություն չդարձնել այլոց թերություններին.
 
Եթե սերն ունենայինք մեզնում, կարեկցանքի (sympátheia) և գթասրտության հետ միասին, ուշադիր չէինք լինի (ameleîn բայն է) դիտելու մերձավորի թերությունները[1]:
 
Չխռովվել, պահպանել հոգու անդորրը
 
Եթե ձեզնից մեկն ինչ որ մի պաշտոն ունի, կամ եթե պետք է ինչ որ մի բան խնդրի պարտիզպանից, կամ տնտեսից, կամ խոհարարից, կամ ինչ որ մի ծառայության պաշտոնն ունեցող ուրիշ որևիցէ մի եղբորից, լինի՛ ով խնդրում է, լինի՛ ով պաշտոնն ունի, թող ջանա նախևառաջ պահպանել հոգու անդորրը և չտրվի խռովքին, ո՛չ էլ հակակրանքին, ո՛չ էլ զայրույթին[2], ո՛չ էլ սեփական քմահաճույքին[3] որևիցէ մի բանում, ո՛չ էլ ինքնարդարացմանը, Աստծո պատվիրանից չհեռանալու համար: Խոսքը ինչի՛ մասին էլ որ լինի, փոքր լինի, թե մեծ, պետք է արհամարհի այն և ետևից չընկնի (ameleîn բայն է): Անշուշտ, անտարբերությունը (adiaphoría) վատ բան է, բայց իրոք չարժե նման բաները նախընտրել ավելի, քան սեփական հոգու անդորրը, այն աստիճան, որ սեփական հոգուն վնաս հասցնելու վտանգին ենթարկվի, միայն թե կարողանա իրականացնել իր ցանկությունը:
Հետևաբար, ինչպիսի գործի մեջ էլ գտնվելու լինեք, նույնիսկ եթե ծայրաստիճան անհապաղ ու ծանրակշիռ խնդիր է, չեմ կամենում, որ երբևէ ինչ որ մի բան անեք վիճաբանության ոգով կամ խռովքով[4]:
 
Բացառությամբ այս երկու դեպքերի, որոնցում «améleia»ն դրական իմաստ ունի, մյուս բոլոր դեպքերում այն խստիվ դատապարտվում է.
 
Եթե [վանականին] պատահած կլինի մեղանչել տկարության կամ անհոգության պատճառով, Աստված նրան տվել է [Քառասնորդացի] այս սուրբ օրերը, որպեսզի արթնությամբ ու խոնարհությամբ սեփական հոգին խնամելով և ապաշխարությամբ՝ սրբվի մեղքերից[5]:
 
Վանական կյանքին խորապես գիտակ և հմուտ լինելով, Դորոթեոսը ցույց է տալիս, թե որքա՜ն դժվար է արմատախիլ անել տարիներ շարունակ անփութության մատնված թերությունները, որոնց անհոգությունը թողել է, որ խորը արմատներ գցեն հոգու մեջ.
 
Եթե սեփական վարքը փոխելուց և անցյալ գործերի համար ապաշխարելուց հետո [մարդը] հոգատարություն չի ցուցաբերում (ameleîn բայն է) բարի գործեր կատարելու և առաքինությունները ձեռքբերելու, նրան պատահում է այն, ինչ ասված է Ավետարանում. «Երբ պիղծ ոգին դուրս է գալիս [...]» (Ղկս 11, 24-27)[6]:
 
Մի ա՛յլ հատվածում Դորոթեոսը նկարագրում է անհոգ վանականին, որը խնամք չի դրսևորում առարկաների նկատմամբ.
 
Նյութական առարկաների նկատմամբ սեփական խիղճն ու գիտակցությունը պահպանել՝ նշանակում է վատ չգործածել դրանք, չթողնել, որ ինչ որ մի բան փչանա կամ թափվի, այլ՝ եթե տեսնում ենք, որ ինչ որ մի բան թափվել է, արհամարհանքով չանտեսենք, այլ՝ վերցնենք այն և իր տեղը դնենք, նույնիսկ եթե խոսքը սակավ արժեք ունեցող բանի մասին է:
Նշանակում է վատ չգործածել սեփական հագուստները: Ինչ որ մեկը կարող էր, օրինակի համար, հագնել իր զգեստը տակավին մեկ կամ երկու շաբաթ ևս, և սակայն շտապում է լվանալու այն և ժամանակից առաջ թակելու, և այդպիսով, փոխանակ այն դեռ հինգ ամիս ևս կամ նույնիսկ ավելի գործածելու, հաճախակի լվանալով մաշեցնում է ու անգործածելի դարձնում: Սա սեփական խղճի ու գիտակցության դեմ գործել է:
Նույնն է նաև անկողնու պարագան: Հաճախ պատահում է, որ մինչ կարող ենք մի պարզ բարձով գոհանալ, և սակայն ներքնակ ենք ուզում. մազագործ ծածկոց ունենք, և սակայն ուզում ենք փոխել այն և վերցնել մի ուրիշը, նորը կամ ավելի գեղեցիկը, ցուցամոլության պատճառով կամ մեղկության: Կարող էինք կարկատված պատմուճանով գոհանալ, և սակայն բրդյա պատմուճան ենք ուզում, և նույնիսկ զայրանում ենք, եթե չենք ստանում:
Իսկ հետո, եթե սկսում ենք մեր հայացքը եղբայրակիցների վրա նետել և ասել. «Ինչո՞ւ նա այսինչ բանն ունի, իսկ ես՝ ոչ», ինչպիսի՜ մեծ առաջադիմություն է սա: Կամ տակավին, փռում ենք մեր զգեստները կամ մեր ծածկոցները արևի տակ և անհոգությամբ մոռանում ենք (ameleîn բայն է) ժամանակին հավաքել, թողնելով, որ խանձվեն: Սա նույնպես սեփական խղճի ու գիտակցության դեմ գործել է:
Նույնն է նաև կերակուրների պարագան: Կարող էինք մի քիչ բանջարեղենով գոհանալ, կամ չոր ընդեղեններով, կամ մի քիչ ձիթապտղով, բայց բավարարվելու փոխարեն ցանկանում ենք ա՛յլ, ավելի հաճելի կամ ավելի թանկ կերակուրներ: Այս ամենը սեփական խղճի ու գիտակցության դեմ գործել է[7]:
 
Ի վերջո, նա խստագույնս կշտամբում ու պախարակում է այն վանականին, որն անհոգությամբ անտեսում է հոգևոր առաջադիմության առիթները.
 
Եթե ձեզնից մեկը տհաճ մի խոսք է լսում, կամ պետք է իրեն տհաճ ինչ որ մի բան կրի, թող որ իսկույն չվհատվի, անմիջապես չզայրանա, պայքարի պահին և [հոգևոր] օգուտ շահելու առիթի դիմաց չգտնվի թուլացած սրտով, անհոգ, անուժ, նվազագույն բախմանն անգամ դիմանալուն անընդունակ, սեխի նման, որն հազիվ թե մի փոքրիկ քարի է դպչում, իսկույն վնասվում է ու նեխում:
Ընդհակառակն, ամրապինդ սիրտ ունեցեք, մեծ ու ընդարձակ զգացողության (makrothymía) կարողությունն ունեցեք, ձեր փոխադարձ սերը թող որ ամեն ինչ հաղթահարի, ի՛նչ էլ որ պատահելու լինի[8]:
 
Մարդը չպետք է անտեսի (ameleîn) իր [հոգևոր] կառույցի տարրերից ոչ մեկը, այլ՝ պետք է այն վեր բարձրացնի համաչափ ու ներդաշնակ եղանակով[9]:
 
Ուշադիր լինենք ինքներս մեզ, եղբայրներ. արթուն և հսկող լինենք, քանի դեռ ժամանակ ունենք: Ինչո՞ւ անհոգությամբ անտեսենք ինքներս մեզ[10]:
 
Եթե հիշեինք, եղբայրներ, սուրբ ծերերի խոսքերը, եթե անդադար խորհրդածեինք դրանց շուրջ, դժվար թե կպատահեր մեզ մեղանչել, դժվար թե կպատահեր մեզ անհոգությամբ անտեսել ինքներս մեզ[11]:
 
[Մեզնից] յուրաքանչյուրն ապրում է անհոգության մեջ, առանց որևէ բանի նկատմամբ հոգատարություն ցուցաբերելու, բայց մերձավորից հաշիվ ենք պահանջում պատվիրանապահության հարցում[12]:
 
Սեփական խիղճն ու գիտակցությունը [մարդկանցից] գաղտնի, [միայն] Աստծո համար է պահում նա, ով խուսափում է, օրինակի համար, աղոթքն անտեսելուց, արթնության ու հսկողության մեջ թերանալուց, երբ կրքոտ մի միտք բարձրանում է դեպի իր սիրտը[13]:
 
Ուշադիր եղեք, եղբայրներ, չանտեսելու փոքր բաները, ուշադիր եղեք չարհամարհելու դրանք իբրև չնչին կամ ոչինչ բաներ[14]:
 
Ուշադիր եղեք չանտեսելու ինքներդ ձեզ, որովհետև փոքր անհոգությունն անգամ ծանր վտանգների է ենթարկում մեզ[15]:
 
Չարը ո՛չ էություն ունի, ո՛չ էլ գոյացություն. մեր անհոգությունն է (améleia), որ այն դուրս է բերում չգոյությունից, և մեր ուղղումն է, որ այն կրկին ընկղմում է[16] չգոյության մեջ[17]:
 
Մենք այն աստիճան անհոգ ենք, որ չգիտենք անգամ, թե ինչո՛ւ ենք դուրս ելել [աշխարհից], չգիտենք անգամ, թե ի՛նչ էինք ուզում: Ահա՛ թե ինչու չենք առաջադիմում[18]:
 
Տեսնո՞ւմ եք, թե ի՛նչ է նշանակում ունենալ մի կիրք, որն արդեն սովորություն է դարձել: Տեսնո՞ւմ եք, թե ինչպիսի՛ դժբախտություն է, ինչպիսի՛ թշվառություն: [Գողանալու մոլությունն ունեցող] այդ եղբայրը գիտեր, որ դա վատ բան է, գիտեր, որ չարիք էր գործում, դրա պատճառով նեղվում էր ու մտատանջվում, լաց էր լինում, բայց այդուհանդերձ՝ այդ տարաբախտը կարծես շղթայված քարշ էր գալիս վատ սովորության ետևից, որն իր մեջ ձևավորվել էր նախորդ տարիների իր անհոգության պատճառով[19]:
 
Մի՛ թողեք, որ [ձեր անհոգության պատճառով] կիրքը ձեր մեջ սովորություն ծնի[20]:
 
Որքան ավելի է անտեսվում արտը և այն անմշակ թողնվում, այնքան ավելի է փշերով ու տատասկով լցվում. և երբ գնում ենք այն կրկին մաքրելու, որքան ավելի է փշերով ծածկված, այնքան ավելի են արյունոտվում ձեռքերը նրա, ով ուզում է արմատախիլ անել այդ մոլախոտերը, որոնք թողել է, որ աճեն իր անհոգության ժամանակ[21]:
 
Մի օր, մի սուրբ ծերունի իր աշակերտների հետ գտնվում էր մի տեղ, ուր տարբեր չափսերի բազմաթիվ կիպարիսներ կային, փոքր ու մեծ: Ծերունին ասաց աշակերտներից մեկին. «Արմատախիլ արա այս կիպարիսը»: Դա մի շատ փոքրիկ, դալար տունկ էր, և եղբայրն այն իսկույն արմատախիլ արեց միայն մի ձեռքով: Ծերունին նրան մի ուրիշ կիպարիս ցույց տվեց, առաջինից ավելի մեծը, և ասաց. «Սա էլ արմատախիլ արա»: Եղբայրն այն երկու ձեռքերով ցնցեց և ապա արմատախիլ արեց: Ծերունին նրան մի ուրիշն էլ ցույց տվեց, է՛լ ավելի մեծը, և նա կարողացավ այն արմատախիլ անել ավելի ջանք գործադրելով: Նրան տակավին մի ուրիշն էլ ցույց տվեց, շատ ավելի մեծը, աշակերտը երկար ժամանակ ցնցեց այն, բայց մեծ ջանքով ու քրտինքով միայն կարողացավ արմատախիլ անել նաև այս մեկը: Ի վերջո, ծերունին նրան ցույց տվեց մի ուրիշը ևս, նախորդներից ավելի մեծը, և աշակերտը, իր բոլոր ջանքերով հանդերձ, չկարողացավ այն արմատախիլ անել: Ծերունին, տեսնելով, որ աշակերտը չէր կարողանում արմատախիլ անել այդ ծառը, եղբայրներից մեկին պատվիրեց ոտքի կանգնել և օգնել նրան, և այդպիսով՝ երկուսով կարողացան արմատախիլ անել այդ ծառը:
«Ահա՛, այսպես է տեղի ունենում նաև մոլությունների[22] դեպքում, եղբայրներ», այնժամ ասաց ծերունին եղբայրներին. «քանի դեռ փոքր են, եթե ուզում ենք, կարող ենք հեշտորեն արմատախիլ անել դրանք: Բայց եթե անտեսում ենք, – որովհետև փոքր են, – գնալով ամրանում են, և որքան ավելի են ամրապնդվում, այնքան ավելի ջանք պետք է գործի դնենք՝ դրանք արմատախիլ անել կարողանալու համար: Իսկ եթե, ապա, չափից ավելի են հզորանում մեր դեմ, այլևս չենք կարողանում արմատախիլ անել դրանք, հակառակ մեր բոլոր ջանքերի, և միայն մի հույս է մնում. որ մեզ օգնության հասնեն Սրբերը, որոնք – Աստծուց հետո – խնամք ու հոգատարություն ունեն մեր հանդեպ»[23]:
[1] Դորոթեոս Գազացի, Հոգևոր ուսուցումներ, VI, 76; SC 92, p. 281.
[2] Բառացի՝ կրքին:
[3] Բառացի՝ սեփական կամքին:
[4] Դորոթեոս Գազացի, Հոգևոր ուսուցումներ, IV, 58; SC 92, pp. 245-247.
[5] Նույն, XV, 160; SC 92, p. 449.
[6] Նույն, XII, 132; SC 92, p. 395.
[7] Նույն, III, 45; SC 92, p. 217.
[8] Նույն, IV, 57; SC 92, p. 245.
[9] Նույն, XIV, 150; SC 92, p. 423.
[10] Նույն, XI, 114; SC 92, p. 359.
[11] Նույն, VI, 69; SC 92, p. 269.
[12] Նույն, VII, 84; SC 92, p. 299.
[13] Նույն, III, 43; SC 92, p. 215.
[14] Նույն, III, 42; SC 92, p. 213.
[15] Նույն, XI, 113; SC 92, p. 357.
[16] Բառացի՝ տարրալուծում է:
[17] Դորոթեոս Գազացի, Հոգևոր ուսուցումներ, XI, 116; SC 92, p. 363.
[18] Նույն, X, 104; SC 92, p. 337.
[19] Նույն, XI, 122; SC 92, p. 373.
[20] Նույն, XI, 123; SC 92, p. 377.
[21] Նույն, XII, 130; SC 92, p. 391.
[22] Բառացի՝ կրքերի: Հարկավոր է ընդհանրապես ի նկատի առնել, որ երբ վանական (հատկապես վաղ շրջանի) գրականության մեջ գործածվում է «կիրք» եզրը, սովորաբար այն գործածվում է որպես «մոլություն» եզրին հոմանիշ, թեև դրանց նշանակությունը քրիստոնեական մարդաբանության մեջ բնավ էլ նույնը չէ: Նման դեպքերում խոսքը վերաբերվում է այն պարագաներին, երբ կրքերը շեղվել են ուղիղ ճանապարհից և վերածվել են մոլությունների: Հարկավոր է նաև ի նկատի առնել, որ կիրք և մոլություն հասկացողությունները չեն վերաբերվում միայն սեռական ոլորտին (կամ այդ ոլորտի սոսկ բացասական դրսևորումներին), ինչպես ներկա ժամանակներում կարծվում է թյուր ընկալմամբ (ամենայն հավանականությամբ՝ մի քանի դար տևած իսլամական տիրապետության պատճառով, որի արդյունքում իսլամական սեռակենտրոն մտածելակերպը խորապես ներթափանցել է լոկ անունով ''քրիստոնյա'' ժողովուրդների մեջ): Քրիստոնեական մտահամակարգում շա՜տ ավելի խիստ շեշտադրմամբ պախարակվում են ընչաքաղցության, կաշառքի, անսանձ փառասիրության, ագահության, կեղծավորության, դաժանության, անարդարության, թույլի իրավունքները ոտնահարելու, աղքատի հացը գողանալու, ծուլության, դատարկապորտության և նման մոլությունները:
[23] Դորոթեոս Գազացի, Հոգևոր ուսուցումներ, XI, 115; SC 92, p. 361.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։