3) Մեղկության նկարագրությունը – Գրադարան – Mashtoz.org

3) Մեղկության նկարագրությունը

Եվագր Պոնտացին, Նեղոսը և Հովհաննես Կղիմաքոսը մանրամասն և պատկերավոր կերպով նկարագրել են մեղկությունը:
 
Մեղկության դևը, որն անվանվում է նաև «միջօրեի դև» (Սղմ 90, 6), բոլոր դևերից ամենաճնշողն է. հարձակվում է վանականի վրա չորրորդ ժամի մոտակայքում և նրա հոգին պաշարված է պահում մինչև ութերորդ ժամը[1]: Նախևառաջ այնպես է անում, որ արևը դանդաղ է թվում իր շարժման մեջ, կամ մինչև իսկ անշարժ, և որ օրը թվում է, թե հիսուն ժամ ունի: Ապա մղում է վանականին աչքերը շարունակ դեպի պատուհաններն ուղղել, խցից դուրս վազել, արևին նայել՝ տեսնելու համար, թե տակավին որքան հեռու է իններորդ ժամից[2], և այս ու այն կողմ նայել, թե եղբայրներից ինչ որ մեկը [...] : Ինչպես նաև, նրան խորշանք է ներշնչում այն վայրի հանդեպ, ուր բնակվում է, և ինքնին կենսաձևի և ձեռագործ աշխատանքի հանդեպ. ներշնչում է նաև միտքը, թե սերը պակասել է եղբայրների միջև, և որ չկա մեկը, որ մխիթարի իրեն: Իսկ եթե պատահել է նաև, որ ինչ որ մեկն այդ օրերին վշտացրել է այդ վանականին, դա ևս դևը գործածում է նրա հոգում խորշանքն ավելացնելու համար: Հայնժամ մղում է նրան ցանկանալու ա՛յլ վայրեր, ուր կկարողանա հեշտորեն գտնել այն, ինչի կարիքն ունի, և զբաղվել ինչ որ մի նվազ տքնաջան ու առավել շահութաբեր արհեստով. և հավելում է, որ Տիրոջը հաճելի լինելը կախում չունի վայրից. արդարև, ամենուր – ասված է – կարելի է պաշտամունք մատուցել Աստվածությանը: Դրան միացնում է ազգականների և անցյալ տարիների հիշատակը, և նրան ցույց է տալիս, թե որքա՜ն երկարատև է կյանքի ժամանակը, նրա աչքերի առաջ դնելով հոգեվարժության ճիգն ու ջանքերը. մի խոսքով, ամեն հնար գործի է դնում, որպեսզի վանականը լքի իր խուցը և փախչի մարզադաշտից:
Այս դևին անմիջապես չի հետևում ուրիշ ոչ մի դև. մանավանդ թե, պայքարից հետո հոգու մեջ տարածվում են խաղաղության վիճակն ու անասելի բերկրանքը[3]:
 
Մեղկությունը հոգու ընդհանուր ջլատություն է, ուժասպառություն (atonía). հարվածում է այն հոգուն, որը «լավորակ բնություն» չունի և վեհանձնորեն չի դիմակայում փորձությունների դեմ: Արդարև, ինչ որ է կերակուրը առողջ մարմնի համար, նույնն է փորձությունը վեհանձն հոգու համար: Հյուսիսային քամին ուռճացնում է ծիլերը, իսկ փորձություններն ամրապնդում են հոգու ուժը: Անջուր ամպը քշվում է քամուց, իսկ անհամբեր ու անհարատև (hypomoné) միտքը՝ մեղկության (akedía) քամուց: Գարնանային ցողն աճեցնում է արտի պտուղը, իսկ հոգևոր խոսքը վերամբարձում է հոգու վիճակը: Մեղկության կոհակները տնից դուրս են փախցնում վանականին, մինչդեռ նա, ով գործադրում է համբերությունն ու հարատևությունը (hypomoné), բնակվում է անդորրի (hesychía) մեջ:
Մեղկ հոգին որպես չքմեղանք է առաջ քաշում հիվանդներին այցելությունը, իրականում՝ գոհացնում է իր սեփական ցանկությունը. մեղկ վանականը պատրաստ է ծառայելու, բայց իբրև պարտք ու պարտականություն է նկատում սեփական գոհացումը: Թեթև քամին անգամ կքում է տկար բույսին, և երևակայության թափառումներն իրենց հետ քշում տանում են մեղկին: Քամիների ուժը չի ցնցում լավ արմատավորված ծառին, և մեղկությունը չի կքում ամրապինդ հոգուն: Թափառական վանականը անապատի չոր մացառ է. մի քիչ բնակվում է մի տեղում, և ահա՛ կրկին, իր կամքին հակառակ կարծես, թափառում է: Տեղափոխված ծառը պտուղ չի տալիս, և թափառական վանականն էլ չի հասունացնի առաքինության պտուղը: Հիվանդը միայն մի կերակուրով չի գոհանում, և ո՛չ էլ մեղկ վանականը՝ միայն մի աշխատանքով: Նրան, ով սիրում է տռփանքը, միայն մի կինը բավական չէ, ո՛չ էլ միայն մի խուցն է բավական մեղկ վանականին:
Մեղկի հայացքն անդադար սևեռված է պատուհանին և նրա միտքը այցելուներ է պատկերացնում: Դուռը ճռնչա՞ց: Ահա՛ նա ոտքի է ցատկում: Մի ձա՞յն լսեց: Ծիկրակում է պատուհանից և այնտեղից չի հեռանում, մինչև որ չի հարկադրվում ոտքերի ընդարմացման պատճառով:
Երբ կարդում է, մեղկը հաճախ է հորանջում և հեշտորեն տրվում է քնին. տրորում է աչքերը, տարածում ու ձգում է բազուկները, և աչքերը գրքից կտրելով՝ նայում է պատին. ապա մի քանի րոպեով վերադառնում է ընթերցանությանը, սկսում է թերթել գիրքը, տեսնելու համար խոսքի ավարտն ու եզրակացությունը, հաշվում է էջերը, պրակների քանակը, գտնում է թերություններ և քննադատում է ձեռագիրն ու զարդապատկերները. ի վերջո, գիրքը կրկին փակելով, այն իր գլխի տակ է դնում և ննջում է ո՛չ շատ խորը քնով, որովհետև ահա՛ քաղցը գալիս է կրկին արթնացնելու նրա հոգին, և վերադառնում է զբաղվելու իր կարիքներով:
Մեղկ վանականը դժկամ ու անհոժար է աղոթելու հարցում, և երբեք չի արտասանում աղոթքի խոսքերը: Արդարև, ինչպես հիվանդը ծանր բեռ չի կրում, այդպես էլ մեղկը ջանասիրությամբ չի կատարում Աստծո գործը: Հիվանդը կորցրել է մարմնի ուժը, իսկ մեղկը թուլացրել է հոգու լիցքը:
Մեղկությունը բժշկվում է անսասան հաստատամտությամբ և ամեն բան ժրաջան հարատևությամբ ու Աստծո երկյուղով կատարելով: Յուրաքանչյուր գործի մեջ քեզ մի չափ սահմանիր, և գործդ կիսատ մի՛ թող այդ չափն ամբողջացնելուց առաջ: Մտքի ուշադրությամբ և ուժով աղոթիր, և մեղկության ոգին հեռու կփախչի քեզնից[4]:
 
Մեղկությունը. մի տարտամ զգացում, որ մղում է թափառելու և արհամարհելու աշխատասիրությունը. հոգու անդորրին (hesychía) թշնամի լինելով, խռովք է սաղմոսերգության դեմ, չկամություն է աղոթքի, թուլություն՝ հոգեմարզության մեջ: Հանգստի ժամից դուրս վրա հասնող քնկոտություն է, թափառող քուն, վերին որովայնախոռոչի ծանրություն, խուցի նկատմամբ ատելություն է, խորշանք՝ որևէ ձևի ու չափի ճիգ կամ ջանք գործադրելու հանդեպ: Հաստատամտության հակակշիռն է, հայեցողության արգելակը, Սուրբ Գրքերի անգիտությունն ու անտեսումն է, տրտմության ընկերը, քաղցի ժամացույցը[5]:
 
Մեղկության ոգին ընկերակցում է տրտմության ոգուն: Այս դևն ահավոր է և շատ հզոր, և անդադար պատերազմ է մղում վանականների դեմ: Գործի է անցնում հատկապես վեցերորդ ժամի մոտակայքում. այդ իսկ պատճառով անվանվում է «միջօրեի դև»: Պատճառում է զզվանքի և ուժասպառության սարսուռ, ատելություն բնակավայրի նկատմամբ և եղբայրների, որոնց հետ ապրում է, մտքի ցրվածություն աղոթքի և ընթերցանության ժամանակ: Հուշում, թելադրում է տեղափոխվելու միտքը, բնակավայր ու կենսակերպ փոխելու կարիքը, այն մյուս կյանքը պատկերում է իբրև փրկությանն առավել հարմար և համոզում է, որ եթե չմեկնի, կորած է: Ինչպես նաև, հարուցում է մի անսովոր քաղց և վերարթնացնում է ախորժակը: Ապա մղում է մտածելու, թե լավ կլիներ, եթե գնար եղբայրներին տեսակցելու, պարզ այցելության կամ ինչ որ մի ծառայություն մատուցելու համար, և հազիվ թե ամբողջացնում է համոզելու իր գործը, ճանաչել է տալիս փոփոխամտությունը, խռովքն ու ցանկասիրությունը, և կամաց կամաց որսում է աշխարհային զբաղմունքների ու մտահոգությունների ցանցերի մեջ: Նույնիսկ եթե չի կարողանում հաղթանակ տոնել, այդուհանդերձ՝ կարողանում է ծանր քուն պատճառել, և այդ կերպ քեզ ընկղմելուց հետո՝ ջանում է տիրապետություն հաստատել վրադ: Այս ոգուն պարտության մատնելու համար կարիքն ունենք աղոթքի, ընթերցանության, համբերության ու հարատևության (hypomoné), հոգու ամրության ու անսասանության, դատարկաբանություններից խուսափելու և սեփական ձեռքերով կատարված աշխատանքի:
Մեղկությունը ամրությունից ու անսասանությունից զուրկ հոգու ուժասպառությունն է, կամ՝ հաճոյասիրությամբ բռնված հոգու անտարբերությունը[6]:
 
Բժիշկը հիվանդներին այցելելու է գնում վաղ առավոտյան, մեղկությունը վանականներին այցելում է միջօրեին: Հոգևոր անդորրի (hesychía) մեջ ապրողների դեմ է հատկապես, որ պատերազմ է մղում մեղկության կիրքը:
Մեղկության գործերն են. աղոթքի ժամանակ այս ու այն կողմ շարժել ոտքերը, հայացքը մերթ պատերին, մերթ առաստաղին, մերթ խցում գտնվող ինչ որ մի առարկայի վրա սևեռել. պատուհանից դուրս նայել, ականջները լարել, կարծես թե լսել է ինչ որ մեկի գալու ձայնը[7]:
 
Վանաբնակ կյանքը թշնամի է մեղկությանը, բայց միայնակյացը նրան իբրև անբաժան ընկեր ունի. այն նրան չի թողնելու մահից առաջ և մինչև վերջ շարունակելու է պատերազմ մղել նրա դեմ ամեն օր: Երբ տեսնում է ինչ որ մի միայնակյացի խուցը, ժպտում է և, մոտենալով, վրան է խփում նրա կողքին:
Բժիշկը հիվանդներին առավոտյան է այցելում, մինչ կեսօրի մոտ է, որ մեղկությունն այցելելու է գալիս նրանց, ովքեր մարզվում են կրոնավորական կյանքում: Հուշում, թելադրում է նվիրվել հյուրընկալության պահանջներին, մղում է տրվելու ձեռագործ բուռն աշխատանքի, առատ ողորմություններ բաշխել կարողանալու մտադրությամբ, եռանդագին հորդորում է այցելել հիվանդներին, մտաբերել տալով խոսքը Նրա, ով ասել է. «Հիվանդ էի և ինձ այցելելու եկաք»: Ցանկություն է առաջացնում տեսակցության գնալու նրանց, ովքեր տրտմության ու վհատության մեջ են, հուշելով ու թելադրելով մխիթարել և գոտեպնդել տկարներին, հենց ինքը, որ այդքա՜ն թույլ է ու տկար:
Երբ աղոթում ենք, այն մեզ մտաբերել է տալիս որոշ անհրաժեշտ ու անհապաղ բաներ և – ինքը, որ այսքա՜ն անբանական է – ամեն հնարք գործի է դնում՝ ընդունելի փաստարկներով մեզ այնտեղից դուրս քարշ տալու համար, կարծես սանձով:
Մեղկության այս դևը, ճաշից երեք ժամ առաջ, մեզ դող ու սարսուռ է պատճառում, գլխացավ և մինչև իսկ աղիքային ցավեր: Երբ մոտենում է իններորդ ժամը, մեզ մի քիչ հանգիստ է թողնում. ապա, երբ սեղանը պատրաստ է, մեզ իսկույն ոտքի է կանգնեցնում անկողնուց: Բայց երբ հասնում է աղոթքի ժամանակը, մարմինն իրեն կրկին ծանրացած է զգում: Եվ մինչ աղոթում ենք, ընկղմում է մեզ քնկոտության մեջ և անպատեհ հորանջումներով մեր բերանից խլում է աղոթքի խոսքերը[8]:
 
Հովհաննես Կղիմաքոսը մեղկության մասին մի տեսակ բանաստեղծություն է շարադրել.
 
Մեղկությունը հոգու թուլություն է,
մտքի նվաղում,
հոգեմարզության նկատմամբ անհոգություն,
կատարած ուխտի հանդեպ ատելություն,
աշխարհային իրողությունների նկատմամբ նախանձ,
Աստծո դեմ մեղադրանք, իբր թե անսիրտ է ու դաժան,
սաղմոսերգության մեջ ուժասպառություն է,
աղոթքի մեջ՝ անզորություն,
երկաթյա էներգիա է ծառայության մեջ,
փույթ ու եռանդ է ձեռագործ աշխատանքներում,
տրամադրելիություն է [դատարկ շատախոսություններին] ականջ դնելու մեջ[9]:
 
Եվ, այն անձնավորելով, նրան թվարկել է տալիս իր ազգականներին.
 
Բազմաթիվ են պատճառները, որոնցից սերում եմ. երբեմն հոգու անզգայությունն է, ուրիշ անգամներ՝ վերին իրողությունների մոռացումը, իսկ երբեմն էլ՝ չափազանցությունը աշխատանքների մեջ: Իմ որդիները բնակավայրի փոփոխություններն են: Իմ ընկերներն են հոգևոր հոր հանդեպ անհնազանդությունն ու դատաստանի մոռացումը[10]:
 
Թեոդորոս Ստուդիոնացին, իր հերթին, խնամքով նկարագրում է մեղկությամբ վարակված վանականին, և դա անում է՝ մասամբ գործածելով Կղիմաքոսի միևնույն բառապաշարը.
 
Մեղկ է նկատվում նա, ով կորցնում է սեփական փրկության հույսը: Մեղկությունը վանական կանոնապահության նկատմամբ ատելությունն է, աշխարհային իրողությունների հանդեպ հիացումը, Աստծո դեմ մեղադրանքն է, իբր թե Նա անբարեգութ է ու անմարդասեր, սաղմոսերգության մեջ ուժասպառությունն է և աղոթքի մեջ անզորությունը:
Պատվիրում ենք պատժել այս մոլությունը քառասնօրյա ապաշխարությամբ, և որ մեղկը երեք շաբաթ զրկվի գինուց և ձեթից, և որ ամեն օր երկու հարյուր հիսուն ծնրադրում կատարի: Արդարև, մինչև դժոխքի ամենախորին հատակը կարող է հասցնել մեղկության մոլությունը[11]:
[1] Այսինքն՝ ցերեկվա ժամը 10-ից 14-ը։
[2] Նույնն է, ինչ այսօր ժամացույցին նայելը՝ շարունակ, հաճախակի, հիվանդագին, «ինչ որ մի բանի» անհասկանալի ու անտրամաբանական սպասումով։
[3] Եվագր Պոնտացի, Պրակտիկոս, 12; SC 171, pp. 521-527.
[4] Եվագր Պոնտացի, Չարության ութը ոգիների մասին, 13-14; PG 79, 1157D-1160C.
[5] Եվագր Պոնտացի, Առաքինություններին հակառակ մոլությունների մասին, 4; PG 79, 1144B-C.
[6] Նեղոս, Ութը մոլի մտածությունների մասին, PG 79, 1456D-1457B.
[7] Նույն, PG 79, 1460A-B.
[8] Հովհաննես Կղիմաքոս, Սանդուխք դրախտի, XIII, 90; PG 88, 860A-C.
[9] Նույն, PG 88, 860A.
[10] Նույն, XIII, 92; PG 88, 860D-861A.
[11] Թեոդորոս Ստուդիոնացի, Կանոններ, 6; PG 99, 1724C.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։