4) Աբբա Եսայի (Սկիտացի) – Գրադարան – Mashtoz.org

4) Աբբա Եսայի (Սկիտացի)

Սկիտացի Աբբա Եսայիի գրություններից հատվածներ քաղելով՝ հնարավոր է մի փոքրիկ մենագրություն կազմել «Ընդդեմ անհոգության»:
 
Անհոգությունը սատանայի ներշնչանքն է.
 
Ահա՛ [Տեր Հիսուսի հետ խաչված երկու ավազակների] իմաստը. իր անհոգությունից վերարթնանալուց առաջ, միտքը թշնամու հետ է, բայց եթե մեր Տեր Հիսուս Քրիստոսը նրան հարություն է տալիս իր անհոգությունից և նրան վերագտնել է տալիս տեսողությունն ու ամեն բան կշռադատելու կարողությունը, այն կարող է բարձրանալ խաչի վրա: Այնժամ թշնամին համառորեն պնդում է և շարունակում է նախատել չարախոսություններով, հուսալով, որ տկարացած միտքը գուցե կհրաժարվի ջանքից և կրկին կվերադառնա անհոգության մեջ[1]:
 
Առանց խնամքի մնացած հոգին ժանգոտում է չօգտագործված երկաթի նման.
 
Հոգին նմանվում է երկաթին. ժանգոտում է, եթե անտեսվում է, բայց եթե կրակով տաքացվում է, կրակը մաքրագործում է նրան. քանի դեռ կրակի մեջ է, կրակի նման է և ոչ ոք չի կարող դպչել նրան, որովհետև կրակ է: Այսպես է նաև հոգին. քանի դեռ բնակվում է Աստծո մոտ և սերտ հաղորդության մեջ է Նրա հետ, դառնում է հուր և այրում է իր թշնամիներին, որոնք իրեն ժանգոտել էին տալիս իր անհոգության օրերին[2]:
 
Անհոգությունը կրքերի մայրն է.
 
Առաքինությունների գործիքները չափավորությամբ կատարված մարմնական ջանքն ու հոգնություններն են. կրքերի բողբոջները ծնվում են անհոգությունից[3]:
 
Անհոգությունը ծնվում է վհատությունից.
 
Մի մարդ երկու ծառա ուներ, և նրանց ուղարկեց իր արտի ցորենը հավաքելու, պատվիրելով նրանցից յուրաքանչյուրին՝ օրեկան յոթ լծաչափ հնձել: Առաջինը հնարավոր ամեն բան արեց՝ տիրոջ հրամանները կատարելու համար, բայց չկարողացավ ավարտին հասցնել այդ գործը, որն իր ուժերից վեր էր: Ինչ վերաբերվում է երկրորդին, նա վհատությամբ բռնված՝ ասաց իր սրտում. «Ո՞վ է երբևէ ընդունակ հանապազօրյա նման մի գործ կատարելու», և, արհամարհանքով լի, այլևս ուշադրություն չդարձրեց ստացած հրամանին, այլ՝ մերթ քնելով, մերթ նստած մնալով, մերթ հորանջելով, մերթ այս ու այն կողմ պտտվելով՝ ինչպես դուռն իր ծխնիների վրա, մսխեց ու վատնեց իր ամբողջ օրը: Երեկոյան երկուսն էլ ներկայացան տիրոջը, որը զանազանություն դրեց երկուսի միջև և ճանաչեց ու ընդունեց եռանդուն ծառայի աշխատանքը, թեև չէր կարողացել ավարտին հասցնել այնքանը, որքան իրեն հրամայվել էր: Եվ տնից դուրս վռնդեց անհոգ ծույլին[4]:
 
Անհոգությունը կորցնել է տալիս Աստծո երկյուղն ու հիշատակը.
 
Մենք կարիքն ունենք երկյուղի՝ Աստծո բարության հանդեպ, որն առաջնորդում է մեզ. Աստծո հիշատակի հանդեպ, որն անդադար խթանում է մեզ. սուրբ խոնարհության հանդեպ, որն ամեն վայրկյան սանձում է մեր սրտերը Աստծո ողորմությամբ: Ուշադիր լինենք չանտեսելու այն ամենը, որ մեր համար հայթայթում է այս առաքինությունները և պահպանում է դրանք, որպեսզի մինչև վերջ օթևանեն մեր հոգում և մենք անդադար տեսնենք մեր մեղքերը և չվստահենք ինքներս մեզ[5]:
 
Հոգևոր անհոգությունը զանցառության մեղքն է.
 
Ամեն օր ի նկատի առ, որ անհոգությամբդ ավելացնում ես մեղքերդ: Արդարև, գրված է. «Ով ընդունակ է գործելու բարին և չի գործում, մեղանչում է» (Հկբ 4, 17)[6]:
 
Անհոգությունը հոգեպես կույր է դարձնում.
 
Քանի դեռ մարդն անհոգ է ինքն իր նկատմամբ, իր սրտում համոզված է, թե մտերիմ ընկեր է Աստծուն, բայց եթե կրքերից ազատված է, ամաչում է աչքերը դեպի երկինք բարձրացնել, Աստծո առջև. արդարև, տեսնում է, թե որքա՜ն հեռու է Աստծուց[7]:
 
Ուշադիր եղիր անհոգ չգտնվելու աղոթքներումդ. դրանք են, արդարև, որ լույս են բերում հոգուն[8]:
 
Եթե կույրը տեսնում է, եթե կաղը քայլում է, իսկ բորոտը՝ մաքրվում, մարդը, որն իր անհոգության ժամանակ մեռած էր իր մոլությունների պատճառով, հարություն է առնում և այլևս վերանորոգված է, և սուրբ ճշմարտությունների հարցում աղքատացած իր զգայարաններին ավետում է բարի ավետիսը, այսինքն՝ որ ինքը տեսնում է, քայլում է և մաքրված է[9]:
 
Նա, ով պայքարում է, տեսնում է [մեղքերն] իրենց ողջ դառնությամբ. իսկ նա, ով անհոգ է, պատիժ է պատրաստում ինքն իր համար[10]:
 
Անհոգ չլինել, և ո՛չ իսկ փոքր բաներում.
 
Ինչպես պատահում է, որ կուժի վրայի փոքրիկ ճեղքը թողնում է, որ միջի ամբողջ գինին գետին թափվի առանց սեփականատիրոջ կողմից նկատվելու, եթե նա անհոգ է, նմանապես փոքր ու աննշան բանն է կործանում մարդու շահած արդյունքը, եթե վերջինս անհոգ է[11]:
 
Անհոգ չլինել փոխ առած գործիքների նկատմամբ.
 
Եթե եղբայրներիցդ մեկից ինչ որ մի բան ես փոխ վերցնում քո անձնական գործածության համար, անհոգ մի՛ եղիր, այլ՝ մտածիր վերադարձնել այն շուտով. իսկ եթե խոսքն ինչ որ մի գործիքի է վերաբերվում, գործդ անելուց հետո իսկույն վերադարձրու այն. եթե այն կոտրում ես, այդ գործիքից մի ուրիշը պատրաստիր, և մի՛ եղիր անհոգ[12]:
 
Փութկոտություն՝ մարդահաճության, անհոգություն՝ աստվածահաճության մեջ.
 
Վա՜յ մեզ, որ չենք մերժում որևիցէ մի բան ասել կամ անել, միայն թե հաճելի լինենք մարդկանց, և ամբողջովին անտեսում ենք այն, ինչն արդար է[13]:
 
Անհոգ չլինել աղոթքի մեջ.
 
Երբ խցիդ մեջ ուղիղ կանգնած ես աղոթքներդ կատարելու համար, անհոգությամբ արհամարհանք մի՛ դրսևորիր, քանի որ Աստծուն պատվելու փոխարեն կարթնացնես Նրա զայրույթը: Այլ՝ ուղիղ կանգնիր Աստծո երկյուղի մեջ[14]:
 
Չհպարտանալ սեփական ձեռքբերումների համար.
 
Անհոգ մի՛ եղիր, մի՛ արհամարհիր քո խիղճն ու գիտակցությունը և ամբողջ վստահությունդ ինքդ քո վրա մի՛ դիր, որովհետև հասել ես Աստծուն արժանի ինչ որ մի բանի, մինչ տեսնում ես քեզ քո թշնամիների երկրում[15]:
 
Անհոգների հանդեպ արհամարհանքը ունայն է դարձնում աղոթքը.
 
Երբ դու քո աղոթքներն ես անում, եթե դրանք խոնարհությամբ ես կատարում, ինքդ քեզ անարժան նկատելով, դրանք հաճելի են Աստծուն: Բայց եթե սրտումդ բարձրացնում ես քեզ, մտքովդ գնալով ուրիշ մեկին, որ քնած է կամ որ անտեսում է իր աղոթքները, քո ջանքն ու հոգնությունը ունայն է[16]:
 
Եթե մի մարդ մեծ ջանք ու հոգնություն է գործի դնում, բայց արհամարհում է ինչ որ մեկին, ում տեսնում է ինչ որ մի մեղք կամ անհոգություն կատարելիս, իր ողջ ապաշխարանքն ունայն է, որովհետև արհամարհեց Քրիստոսի անդամներից մեկին. դատեց նրան և դատաստանը չթողեց դատավորին, որն Աստված Ինքն է[17]:
 
Վարդապետը պատասխանատու է աշակերտի անհոգության համար.
 
Ուշադիր եղեք, որ անհոգ չգտնվեք իմ պատվիրանների պահպանման գործում. այլապես – ներող եղեք – ձեզ չեմ թույլատրի մնալ իմ հետ: Եթե պահպանեք դրանք, – լինի ծածուկ, թե արևի լույսի տակ, – ես եմ, որ ձեր համար հաշիվ եմ տալու Աստծուն. եթե չպահպանեք դրանք, Նա ձեզնից հաշիվ կպահանջի ձեր անհոգության համար, ինչպես որ հաշիվ կպահանջի ինձնից իմ անօգուտության համար[18]:
 
Կրքերի ու զգայարանների սանձումով ջնջվում է անհոգության մեղքը.
 
[Կրքերի ու զգայարանների] սանձումը, երբ կատարվում է գիտակցությամբ, ջնջում է անհոգությունները, որոնք վրա էին հասել իրենից առաջ[19]:
[1] Աբբա Եսայի, Ուսուցումներ, 8, 55; in Abbé Isaïe, Recueil ascétique, Bellefontaine 1985, pp. 97-98.
[2] Նույն, 25, 10; p. 212.
[3] Նույն, 16, 52; p. 132.
[4] Նույն, 10, 46; p. 108.
[5] Նույն, 23, 3; p. 192.
[6] Նույն, 27, 12; p. 254.
[7] Նույն, 10, 45; p. 108.
[8] Նույն, 16, 103; p. 135.
[9] Նույն, 13, 1; p. 115.
[10] Նույն, 17, 7; p. 151.
[11] Նույն, 12, 1; p. 113.
[12] Նույն, 4, 58; p. 63.
[13] Նույն, 29, 40; pp. 270-271.
[14] Նույն, 3, 58; p. 54.
[15] Նույն, 23, 2; p. 191.
[16] Նույն, 8, 52; p. 96.
[17] Նույն, 8, 66; p. 102.
[18] Նույն, 1, 28-29; p. 45.
[19] Նույն, 23, 2; p. 191.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։