4) Մեղկության տարրերը – Գրադարան – Mashtoz.org

4) Մեղկության տարրերը

Հոգևոր ներքին խռովքը
 
Եթե հոգևոր մարդու համար «որոշումը դա մտքի կողմից վճիռ կայացնելուց հետո կատարված ընտրությունն է, մեղկությունը այս ամենի մերժումն է», ասում է Գրիգոր Նազիանզացին[1]: Մտային այս շփոթ վիճակով, հետևելիք վարքի վերաբերյալ այս վարանումով է բնորոշվում մեղկությունը: Սեն Վիքթոր վանքի վանական Հյուգոն հետևյալ խոսքերով է բնութագրում մեղկությունը.
 
Մեղկությունը մտրակում է [հպարտությունից, նախանձից ու զայրույթից] մերկացած մարդուն: [...] Մեղկությամբ հոգին կոտրվում է, փշրվում: [...] Մեղկությունը մտքի շփոթությունից ծնված տրտմությունն է, այսինքն՝ հոգու ձանձրույթն ու չափազանց դառնությունը, որի պատճառով մարում է հոգևոր բերկրանքը և, կարծես հուսահատության ինչ որ մի սկզբունքի ազդեցությամբ, միտքը փլուզվում է ինքն իր վրա[2]:
 
Ձանձրույթը
 
Սա մեղկության տարրերից այն մեկն է, որն առավել դյուրությամբ հանդիպում է միայնակյացների, քան թե վանաբնակ վանականների մոտ: Կղզիացումը զրկում է եղբայրների ընկերությունից ու օժանդակությունից և կարող է պատճառ հանդիսանալ մտքի ու մարմնի անգործունության, ընդարմացման, ծույլ անտարբերության, մտատանջության համար, կարող է պատճառել մի անկայունություն, որ մղում է դատարկ շատախոսության ու անպատշաճ հետաքրքրասիրության[3]:
Սա է մեղկության այն կերպը, որի մասին խոսում է Բենեդիկտոսն իր Կանոնագրքի 48րդ գլխում.
 
Լավ կլինի նշանակել մեկ կամ երկու տարեցներ, որոնց որպես պաշտոն կտրվի շրջել ողջ վանքով մեկ, այն ժամերին, երբ եղբայրները պետք է ընթերցանության նվիրվեն, տեսնելու համար, թե պատահաբար կա՞ արդյոք ինչ որ մի ծույլ ու անհոգ եղբայր (frater acediosus), որն ընթերցանությամբ զբաղվելու փոխարեն տրվում է դատարկապորտությանն ու շատախոսությանը, և որն այդպիսով ո՛չ միայն վնասում է ինքն իրեն, այլ նաև՝ ցրվածություն է պատճառում ուրիշներին:
 
Ժան-Ժաք Ռուսոն, որ միայնության մեջ կատարված զբոսանքները սիրում էր ավելի, քան աշխարհիկ հասարակության մեջ գտնվելը, այդուհանդերձ խոստովանում էր. «Ձանձրույթը, միայնության այս մտրակը [...]»[4]:
 
Ապերախտությունը
 
Հովհաննես Կղիմաքոսը և Սիմեոն Նոր Աստվածաբանը մեղկության մեջ տեսնում են արմատավորված ապերախտություն Աստծո հանդեպ: Մեղկությամբ բռնվածը դադարում է երախտագիտություն, գոհություն հայտնել Աստծուն (eucharistía) և ընկնում է ապերախտության, անգոհունակության մեջ (acharistía). «Մեղկությունը մեղադրում է Աստծուն, իբր թե անսիրտ ու անողորմ է (ásplanchnos) և անմարդասեր (aphilánthropos)»[5]: «Միայնության մեջ, մխիթարությունից զրկված (aparákletos), հոգին փորձության է ենթարկվում մեղկության (akedía) և անգոհունակության (acharistía) դևից»[6]:
Ապերախտությունից հոգին հեշտորեն ընկնում է սրբապղծության ու աստվածանարգության մեջ, ապստամբում է Արարչի դեմ: Աղոթքի մեջ թուլությունն, այդ պահին, հոգուն թույլ չի տալիս ընդունել միակ արդյունավետ դեղամիջոցը.
 
Մեղկությունն ու մարմնավոր ծանրացածությունը, որոնք հոգուն հարվածում են ծուլության ու անփութության պատճառով, վանականին հեռացնում են իր ամենօրյա կանոններից և նրա մտքում ծնում են խավար ու վհատություն: Դրան որպես հետևանք, մեղկության դևի կողմից փորձվողի սրտում հաստատվում են սրբապիղծ անարգանքն Աստծո հանդեպ և սանձազերծությունը: Այս իսկ պատճառով, եթե գնում է աղոթելու, հանձնվում է իր այդ վիճակին և իր հոգու մեջ բռնվում է Արարչի դեմ հառնող խոլ մտքերով: Քանի որ դու ճանաչում ես այս վիճակի պատճառն ու ծագումը, վերադարձիր այնտեղ, ուր սովորաբար աղոթում ես, երեսդ ի վար գետին ընկիր ողորմած Աստծո առաջ և արցունքներով ու հառաչանքներով, սրտիդ վշտաբեկ թախծի մեջ, աղերսիր Նրան ազատվել մեղկության և չար մտքերի լծից: Եթե ուժգին ու հարատևությամբ բախես, անհապաղ կազատվես[7]:
 
Առավել նոր ժամանակներում Անրի Միշոն հաստատում է. «Պաշտամունքը, հազիվ թե մարդ հոգնում է նրանից, մինչ այդ բարեպաշտ հոգում հարուցում է աստվածանարգ մտքեր»[8]:
[1] Գրիգոր Նազիանզացի, Բարոյական քերթվածքներ, PG 37, 950A.
[2] Հյուգո Դը Սեն Վիքթոր, Խորհուրդների մասին, II, 13, 1; PL 176, 525-526.
[3] Հմմտ. Հովհաննես Կղիմաքոս, Բանախոսություններ, V, 16; Գրիգոր Մեծ, Հոբի բարոյական մեկնություն, XXXI, 87; Թովմա Աքուինացի, Համառոտություն աստվածաբանության, IIa IIae, q. 35, a. 4.
[4] J.-J. Rousseau, Entretiens sur les romans, p. 14.
[5] Հովհաննես Կղիմաքոս, Սանդուխք դրախտի, XIII, 90; PG 88, 860A.
[6] Նույն, XXVI, 150; PG 88, 1017D.
[7] Սիմեոն Նոր Աստվածաբան, Աստվածաբանական, իմացական և գործնական հոդվածներ, I, 66; SC 51 bis, p. 77.
[8] H. Michaux, Une voie pour l'insubordination, Montpellier 1980, p. 62.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։