5) «Adiaphoría» – Անտարբերություն – Գրադարան – Mashtoz.org

5) «Adiaphoría» – Անտարբերություն

«Adiaphoría»ն, անտարբերությունը, կարող է լավ կամ վատ լինել:
Հուստինոսն ասում է, որ ցինիկ փիլիսոփան ունի այն, ինչին արժանի է. «Ցինիկների համար, որոնք իրենց իբրև նպատակակետ ընտրել են անտարբերությունը, անհնարին է անտարբերությունից բացի ա՛յլ բարիք ճանաչել [մարդկանց կողմից]»[1]:
Աբբա Ամոնն ընդգծում է եռանդի ու անտարբերության միջև անհաշտ անհամատեղելիությունը. «Չեք կարող միաժամանակ եռանդուն և անտարբեր լինել»[2]:
Անապատի Հայրերի խոսքերը («ապոֆտեգմա») մատնացույց են անում այն կապը, որ գոյություն ունի ցանկամոլության ու որկրամոլության միջև. «Մարմնական շարժումը ծնվում է կերակուրների հարցում ընտրողության ու չափավորության բացակայությունից (adiaphoría)»[3]:
Դորոթեոս Գազացին իր հերթին նկարագրում է վանականի հանցավոր անտարբերությունը.
– սննդի հարցում. «Նախևառաջ հարկավոր է զգուշանալ կերակուրների հարցում ընտրողության ու չափավորության բացակայությունից, որովհետև կերակուրների հարցում ընտրողության ու չափավորության բացակայությունը, – ինչպես ասում են Հայրերը, – ամեն տեսակ չարիք է ծնում մարդու մեջ»[4].
– անձնական վարքի և մարդկային հարաբերությունների մեջ. «Մենք ինքներս մեզնից հեռու ենք վանում Աստծո երկյուղը, որովհետև [...] չենք պահպանում մահվան ու պատժի հիշողությունը, չենք հսկում ինքներս մեր վրա, քննության չենք ենթարկում մեր ապրելակերպը, այլ՝ ապրում ենք կարևոր չէ ինչպե՛ս (adiaphóros) և շփվելով կարևոր չէ ո՛ւմ հետ (metà adiaphóron)»[5].
– դատողություններում. «Մենք՝ թշվառներս, կարծես թե ոչի՛նչ լինի (adiaphóros)՝ դատում ենք, հակառակություն զգում, արհամարհում, եթե մեզ պատահում է տեսնել, կամ լսել, կամ նույնիսկ սոսկ կասկածել ինչ որ մի բան»[6].
– սաղմոսերգության մեջ. «Ահա՛ այն բոլոր նզովքները, որոնք մեր վրա ենք բարդում սաղմոսերգելով, եթե չարիքին չարիքով ենք պատասխանում [...]: Եվ սակայն, դա մեզ բնավ չի մտահոգում, անտարբեր ենք մնում»[7].
– մտքի ցրվածության մեջ. «Եթե մեկը կամենում է ձեռքբերել առաքինությունները, չպետք է թողնի, որ իրեն հաղթեն անտարբերությունը կամ մտքի ցրվածությունը»[8]:
Այսուհանդերձ, սակայն, Դորոթեոսը հաստատում է անօգուտ մտահոգությունների նկատմամբ հոգու և մտքի անդորրի պահպանման գերագահությունը (որն անտարբերություն չէ). «Անշուշտ, անտարբերությունը վատ բան է. ո՛չ նվազ, սակայն, պետք է ուշադիր լինենք, որ [մեզ մտահոգող] ինչ որ մի բան չնախընտրենք ավելի, քան մեր հոգևոր անդորրը»[9]:
 
Բարսեղ Կեսարացին իր «Համառոտ Կանոններ»ում խստորեն պախարակում է «նրանց, ովքեր խուսափում են ամենածանր մեղքերից, բայց անտարբերությամբ (adiaphóros) գործում են թեթև մեղքերը»[10]:
Իսկ իր «Ընդարձակ Կանոններ»ում զգուշացնում է սեփական ունեցվածքները բաժանելու հարցում անտարբերություն դրսևորելուց.
 
Հարց. – Հարկավո՞ր է, որ ով միանում է Տիրոջն ընծայվածներին, իր ունեցվածքներն առանց խտրականության (adiaphóros) թողնի իր խելազուրկ ազգականներին:
Պատասխան. – Քանի որ Տերն ասել է. «Վաճառիր այն ամենն, ինչ ունես, և տուր աղքատներին, և գանձ կունենաս երկնքում. ապա ե՛կ, հետևիր ինձ» (Մտթ 19, 21), և տակավին. «Վաճառեցեք այն, ինչ ունեք, և ողորմություն տվեք» (Ղկս 12, 33), կարծում եմ, որ ով նման նպատակ հետապնդելով դուրս է գալիս իր ընտանիքից, չպետք է արհամարհանքով վերաբերվի իր ունեցվածքների հետ, այլ ընդհակառակը՝ պետք է բծախնդիր խղճմտանքով հոգատարություն ցուցաբերի դրանց նկատմամբ որպես Տիրոջն ընծայված առարկաների: Աստծո մեծ երկյուղով պետք է հենց ինքը բաժանի դրանք, եթե ընդունակ է այդ գործը կատարելու և եթե բավականաչափ փորձառություն ունի. և կամ, դա պետք է անի մեծ կշռադատությամբ ընտրված անձանց միջոցով, որոնք գործով փաստած կլինեն, որ կարող են տնօրինել այդ ունեցվածքները հավատարմությամբ և իմաստությամբ: Պետք է իմանա, որ վտանգներից զերծ չէ այդ գործը ազգականներին վստահելը, կամ թողնելը, որ որևիցէ մեկը զբաղվի դրանք բաժանելու գործով[11]:
 
Իգնատիոս Լոյոլացուց սկսած (իգնատիոսյան դպրոցում և ֆրանսիական դպրոցում), անտարբերությունը միշտ գործածվում է Աստծո կամքին անվերապահ կերպով ենթարկվելու դրական իմաստով:
[1] Հուստինոս, Երկրորդ ջատագովություն, III, 7.
[2] PO XI, p. 485; Սինայական ձեռագրի պատառիկներ, 464, ff. 255-256.
[3] Անտոն Անապատական, Խոսքեր, 22; in Vita e detti dei Padri del Deserto, Roma 1997, pp. 87-88.
[4] Դորոթեոս Գազացի, Հոգևոր ուսուցումներ, XV, 161; SC 92, pp. 449-451.
[5] Նույն, IV, 52; SC 92, p. 233.
[6] Նույն, VI, 75; SC 92, p. 279.
[7] Նույն, VIII, 92; SC 92, p. 315.
[8] Նույն, X, 105; SC 92, p. 341.
[9] Նույն, VI, 58; SC 92, p. 245; հմմտ. VI, 59-60; SC 92, pp. 247-249.
[10] Բարսեղ Կեսարացի, Համառոտ Կանոններ, 293.
[11] Բարսեղ Կեսարացի, Ընդարձակ Կանոններ, 9.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։