5) Մեղկության պատճառները – Գրադարան – Mashtoz.org

5) Մեղկության պատճառները

Գերհոգնածությունը
 
Մեղկությունը կարող է ծնվել գերհոգնածությունից. մարդն ինչ որ մի գործի մեջ է նետվում սեփական ուժերի ներածից ավելիի չափով և, հետևաբար, քանդվում է նրա ներքին ողջ հավասարակշռությունը:
 
Անել ավելին, քան որքան կարող ենք անել, – խոսքը բարեգործություններին վերաբերվի, թե ուրիշ որևիցէ մի գործի, – նշանակում է թերանալ կշռադատության մեջ, քանի որ դա հանգեցնում է խռովքի, ձանձրույթի և դժգոհության[1]:
 
Իսահակ Ասորին նկատել է տալիս, որ «մեղկությունը բխում է մտքի ցրվածությունից»[2]: Իսկ Թովմա Աքուինացին գրում է.
 
Մեղկությունը, ինչպես ասում է Հովհան Դամասկացին, «ճնշող տրտմություն» է, որ մարդու հոգում ծնում է մի այնպիսի ընկճվածություն, որ նա այլևս ոչինչ անելու ցանկություն չի ունենում [...] : Ահա՛ թե ինչու է մեղկությունը մի տեսակ խորշանք ծնում գործելու հանդեպ[3]:
 
Մեղկությունը նման դեպքերում մղում է սկսելու գործերը, բոլորն էլ, սակայն, անավարտ թողնելով.
 
Հարց. – Որտեղի՞ց է ծնվում մեղկությունը: Ի՞նչ անել, երբ հայտնվում է:
Պատասխան. – Կա ֆիզիկական մեղկությունը, որ ծնվում է ուժասպառությունից, և կա սատանայից եկող մեղկությունը: Ահա՛ թե ինչպես կարող ենք զանազանել դրանք միմյանցից. սատանայից եկողը ներկայանում է հանգստի կարիք ունենալու ժամանակից առաջ: Օրինակ, եթե մարդ մի գործ է սկսում, աշխատանքի մեկ երրորդը կամ մեկ քառորդը անելուց առաջ այն ստիպում է մարդուն լքել այդ աշխատանքը և հեռանալ աշխատանքի վայրից: Նա, ուրեմն, չպետք է հանձնվի այդ փորձությանը, այլ՝ պետք է աղոթի, վերադառնա իր աշխատանքին և պինդ ու հաստատուն մնա: Թշնամին, տեսնելով, որ մարդն աղոթում է սրա համար, դադարում է նրան փորձելուց, որովհետև չի ցանկանում աղոթքի դրդապատճառներ տալ նրան: Մեղկությունը, մինչդեռ, ֆիզիկական է, երբ մարդը հոգնում է իր ուժերից անդին և ինքն իրեն հարկադրում է չափազանց աշխատանք կատարելու. դրա հետևանքը հանդիսացող ֆիզիկական մեղկությունը ծնվում է մարմնի ուժասպառությունից: Նման դեպքերում, հետևաբար, հարկավոր է գնահատել սեփական ուժերը և մարմնին հանգիստ շնորհել ըստ Աստծո երկյուղի[4]:
 
Միջնադարյան հեղինակները յուրահատուկ կերպով ընդգծել են մեղկության այս կերպը.
 
Մեղկությունը դա մտքի մի տեսակ ընդարմացում է, որ կաշկանդում ու խափանում է բարի գործեր կատարել սկսելը[5]:
 
Ով շարունակ ցանկանում է այն, ինչ չի անում, և ձանձրանում է այն գործից, որ անում է, չի վայելում ներկան, ո՛չ էլ լիանում է ապագայով: Իրոք, ինչը որ սկսված է, լքում է ավարտելուց առաջ, իսկ այն, ինչը տակավին սկսելիք է, դրան ձեռնարկում է ժամանակից առաջ[6]:
 
Խղճահարությունը
 
Բարեպաշտական հրահանգների նպատակը Տիրոջ հանդեպ սեր արթնացնելն է, պատվիրանները տրվել և կանոնները հաստատվել են հոգին ազատելու համար: Բայց շատ հաճախ պատահում է, որ որոշ խղճահար հոգիների համար այն, ինչը որ պետք է նպաստեր հոգևոր կյանքին, իրականում, ի վերջո, ծառայում է այն փաստացի հանգցնելուն.
 
Հարց. – Ինչ վերաբերվում է հաճախ խաչակնքվելուն, դա մի բան է, որ ինձ տանջում է գիշեր ու ցերեկ:
Պատասխան. – Եթե ուշադիր ենք, միայն մի անգամ խաչակնքվելը բավական է մեր պաշտպանության և մեր փրկության համար, լինի գիշեր ժամանակ, թե ցերեկվա ընթացքում: [...] Բայց դևերն այնպես են անում, որ ձանձրույթի ու վհատության մեջ ընկնենք, այնպես՝ որ այլևս ոչ մի բան չանենք ուշադրությամբ, և ո՛չ իսկ միայն մեկ անգամ[7]:
 
Հարց. – Երբ ասում եմ սաղմոսները, պատահում է, որ միտքս ցրվում է, կամ սխալվում եմ: Ի՞նչ պետք է անեմ:
Պատասխան. – Եթե սխալվում ես, վերսկսիր արդեն սկսածդ սաղմոսը այն խոսքերից, որոնք հիշում ես: Եթե մեկ, կամ երկու, կամ երեք անգամ վերսկսելուց հետո չես կարողանում վերհիշել խոսքերը, կամ եթե այդ խոսքերը վերհիշելով հանդերձ չես կարողանում շարունակել, այդ նույն սաղմոսը վերսկսիր սկզբից: Բայց եթե պատահում է, որ չես հիշում այդ սաղմոսի մեծ մասը, ուրեմն չկաշկանդվելու ու չձանձրանալու համար՝ վերսկսիր սաղմոսերգությունդ հաջորդ սաղմոսից, որովհետև թշնամու նպատակը փառաբանությանը խոչընդոտելն է մոռացության միջոցով[8]:
 
Հարկավոր է նաև նշել, որ միշտ չէ, որ անձն ինքն է սեփական կամքով ընկղմվում խղճահարությունների մեջ: Մեծապես հաճախակի են դեպքերը, երբ աշխարհական հավատացյալները կամ սկսնակ անփորձ վանականները չափազանցությունների ու խղճահարությունների մեջ են նետվում հոգևոր կյանքի իրական դինամիկաներին և Հայրերի հարազատ ուսուցումներին անվարժ ու անծանոթ քահանաների կամ աշխարհականների կողմից, ովքեր ինքնակոչ կերպով ներկայացնում են իրենց իբրև հոգևոր առաջնորդներ:
 
Կլիման
 
Հոգևոր հին հեղինակները մեծապես ուշադիր էին կլիմայական պայմաններին: Ֆիլոն Ալեքսանդրացին արդեն նկատում էր, որ թերապևտների վանքը, որ գտնվում էր Մարեոտիս լճի եզերքին, Ալեքսանդրիայի արվարձանների մոտակայքում, կլիմայական գերազանց պայմաններ էր վայելում.
 
Յուրաքանչյուր խմբից լավագույններն ուղարկվում են գյուղագնացության, որպեսզի այնտեղ գտնվեն ինչպես իրենց հայրենիքում, մի շատ նպաստավոր վայրում, որ գտնվում է Մարեոտիս լճի վերևում, մի միջին բարձրության բլրան վրա. դիրքը գերազանց է, և՛ տեղի ապահովության, և՛ մթնոլորտի հավասարակշիռ ջերմաստիճանի առումով: Շրջակա գյուղերն ու ավանները ապահովում են այդ պաշտպանությունը. ծովի հետ հաղորդակցվող լճից անդադար վեր բարձրացող զեփյուռը և մոտակա բաց ծովն ապահովում են օդի մի հիանալի բաղադրություն. ծովից փչող հովերը թեթև են, իսկ լճից փչողները՝ թանձր, և դրանց համադրումից ստացվում է մի շատ առողջարար կլիմա[9]:
 
Ֆիլոնից առաջ Հիպոկրատն էր նկատել, որ «մյուս քամիները [...] ապահովում են մաքուր ու անամպ օդ և խոնավության բաժին են բերում հոգու տապին»[10]: Քամիներն, իրոք, հատկապես տաք քամիները, ջլատում են դյուրաբեկ խառնվածքի տեր հոգիներին և նրանց նետում են մեղկության մեջ: Սա, օրինակ, փաստվել է Իտալիայի «scirocco», Աֆրիկայի «khamsin», Կորսիկայի «libeccio», Շվեյցարիայի «föhn» քամիների դեպքում:
Գրիգոր Նյուսացին իր նամակներից մեկում նկարագրել է մեղկության իր վիճակը և դրա պատճառը վերագրել է ամառվա չափազանց շոգին.
 
Մի տեսակ թմրության (akedía) մեջ էի, որը ճամփորդության հոգնության պատճառով ավելանում ու ավելանում էր: Դրան գումարեք ամառվա բուռն շոգը և նրանք, որ դիտում էին մեզ ու մատնացույց անում: Այս ամենը, միասին դրված, վրաս այնքան ծանր էր կշռում, որ իմ վրա իրականանում էր մարգարեի խոսքը. «Հոգիս ընդարմացավ (akediân բայն է, նվաղեց) ինձնում» (Սղմ 142, 4): Եվ արդեն կեսօրվա մոտերքն էր [...][11]:
 
Բարսանուֆիոսն ու Հովհաննես Գազացին ևս հաճախ ընդգծում են, որ ֆիզիկական ու հոգևոր հիվանդագին վիճակներից ոմանք իրենց որպես պատճառ ունեն շոգը կամ գարնան ընթացքում օրերի երկարելու երևույթը (torpor vernalis):
 
Հարց. – Երբ ինքնին վայրը, ուր ծնվում է սատանայից եկող մեղկությունը, չափազանց տաք է և նպաստում է մեղկությանը, ճնշելով մարդուն, եթե հնարավոր չէ երկուսին էլ դիմանալը, ի՞նչ պետք է անել: Հարկավո՞ր է ուրիշ տեղ գնալ պայքարի ժամին:
Պատասխան. – Լավ է դիմադրել՝ պայքարի պահին այդ վայրից չհեռանալու համար: Բայց եթե մեկը, հոգնությունից ուժասպառ եղած, հաղթվում է, թող հեռանա այդտեղից և այդ բեռից ազատվելով՝ թող ինքնին մեղկության դեմ պայքարի Աստծո անունը կանչելով. հայնժամ կստանա իր օգնությունը: Բայց հեռանալը մեղկության իսկ պատճառով, երբ տեղի պայմանները ճնշող չեն, կծանրացնի պայքարը և հոգուն վնաս կպատճառի: Որովհետև եթե մեղկությունը տիրապետություն է հաստատում մարդու վրա, միմիայն ի գին մեծ ջանքերի է արտաքսվում, նույնիսկ եթե աղոթքներ են կատարվում նրա համար[12]:
 
Հարց. – Խնդրում եմ ասես ինձ, թե ինչո՞ւ է այնպես պատահում, որ հատկապես զատկական հիսուն օրերի ընթացքում են վրաս սովորականից ավելի հարձակվում մեղկությունն ու տկարությունը:
Պատասխան. – Մենք սա կրում ենք, որովհետև ջրամբար ենք, այլ ո՛չ թե՝ աղբյուր, այսինքն՝ տկար ենք և անընդունակ ենք միշտ միևնույն վիճակում տևելու: Փոխվում են մթնոլորտային պայմանները, օրերը երկարում են և մենք նեղվում ու չարչրկվում ենք դրանից, մինչ կատարյալ հայրերը չեն ճանաչում այս փորձությունը[13]:
 
Մեղկությունը որպես մի թուլություն նկարագրելուց հետո, Սիմեոն Նոր Աստվածաբանը դրան որպես պատճառ մատնանշում է հարավային քամին.
 
Մեղկության դևը սովորաբար հարձակվում է հատկապես նրանց վրա, ովքեր առաջադիմել են աղոթքի մեջ և դրանում հարատևում են: Նման մարդկանց դեմ դևերից ոչ մեկն այնքան հզոր չէ, որքան սա, լինի՛ այն դեպքում, երբ այդ կարողությունը նրան թույլատրվում է նախախնամության տնօրինությամբ, լինի՛ այն մյուս դեպքում, երբ մեր դեմ կիրառվող այդ կարողությունը քաղում է – ինչպես ես ավելի հակված եմ կարծելու – մարմնի անհանգստություններից: Ահա՛ թե ի՛նչ եմ ուզում ասել. երբ լավ կերել եմ և ստամոքսս ծանրաբեռնվել է, և կուշտ քնել եմ, այդ ժամանակ կիրքը տիրում է մտքիս և ես կքվում եմ ու տեղի տալիս. մյուս կողմից, եթե չափազանցված ճգնություններ եմ գործի դնում, միտքս մթագնած ու դանդաղկոտ եմ դարձնում, և ընկնում եմ միևնույն կրքի մեջ: Պատահում է նաև, որ օդի բաղադրությունը – չգիտեմ ինչպես ասեմ – և հարավային քամու ծանր գոլորշիները միևնույն արդյունքն են գործում հոգեմարզիկների վրա[14]:
[1] Բարսանուֆիոս և Հովհաննես Գազացի, Նամականի, Նամակ 621.
[2] Իսահակ Ասորի, Ճառ ԼԳ., - Oeuvres spirituelles. Les 86 Discours ascétiques. Les Lettres, Paris 1981, p. 207.
[3] Թովմա Աքուինացի, Համառոտություն աստվածաբանության, IIa IIae, q. 35, a. 1.
[4] Բարսանուֆիոս և Հովհաննես Գազացի, Նամականի, Նամակ 562.
[5] Ռաբան Մաուրուս, Եկեղեցական կանոնակարգությունների մասին, Գիրք Գ., Մեղկության մասին, PL 112, 1251.
[6] Հյուգո Դը Սեն Վիքթոր, Խոկման մասին, SC 155, p. 59.
[7] Բարսանուֆիոս և Հովհաննես Գազացի, Նամականի, Նամակ 436.
[8] Նույն, Նամակ 443.
[9] Ֆիլոն Ալեքսանդրացի, Հայեցողական կյանքի մասին, 22-23.
[10] Հիպոկրատ, Սննդակարգի մասին, II, 38, 5.
[11] Գրիգոր Նյուսացի, Նամակ Ա., PG 46, 1001D.
[12] Բարսանուֆիոս և Հովհաննես Գազացի, Նամականի, Նամակ 563.
[13] Նույն, Նամակ 452.
[14] Սիմեոն Նոր Աստվածաբան, Աստվածաբանական, իմացական և գործնական հոդվածներ, I, 73; SC 51 bis, p. 81-83.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։