6) Մեղկության դարմանման միջոցները – Գրադարան – Mashtoz.org

6) Մեղկության դարմանման միջոցները

Հերոնիմոսը հիվանդագին թախծոտության, մելամաղձոտության պատճառներն ախտորոշելուց հետո, գրեթե մասնագիտական ձեռնհասությամբ ծանուցում է, որ այն ավելի հաճախ վերաբերվում է ո՛չ թե հոգևոր խորհուրդների, այլ՝ բժշկության ոլորտին.
 
Կան վանականներ, որ խուցերի խոնավության, չափազանցված ծոմապահության, միայնության հանդեպ զգացած տհաճության, չափազանց երկարատև ընթերցանության, իրենց ականջի տակ օր ու գիշեր հնչող [միջատների] բզզոցի պատճառով ի վերջո ընկնում են մելամաղձոտության մեջ, և ավելի Հիպոկրատի բուժումների կարիքն ունեն, քան թե մեր խորհուրդների[1]:
 
Այդուհանդերձ, սակայն, աղոթքը, կայունությունը, ողջամիտ հանգիստն ու սթափումը, մերձավորի հանդեպ սերը մշտապես պահպանում են իրենց որոշակի արդյունավետությունը:
 
Աղոթքը և հատկապես վերջին իրականությունների շուրջ խորհրդածությունը
 
Մարդուն սեփական ճակատագրի դիմաց դնելով՝ մահվան, դատաստանի և դժոխքի շուրջ խորհրդածությունը կարող է մի ցնցում առաջացնել, զգաստացնել թմրած ու ընդարմացած մարդուն: Մարկոս Ճգնավորը, Հովհաննես Մոսխոսը, Հովհաննես Կղիմաքոսը, Դորոթեոս Գազացին համամիտ են այս խորհուրդը հուշելու հարցում.
 
Եթե չարից տարբեր ձևերով չարչարվելով ընկնում ես մեղկության մեջ, հիշիր [այս աշխարհից] ելքն ու դառը պատիժները[2]:
 
Մի երիտասարդ վանական Աբբա Հերասիմոսի վանքը գնաց՝ տեղի վանահայր Աբբա Ալեքսանդրին այցելելու: «Աբբա», ասաց նրան, «ուզում եմ հեռանալ այն տեղից, ուր ապրում եմ, որովհետև մի մեծ վհատություն է տիրացել վրաս (akediân բայն է): «Որդյակ», պատասխանեց նրան Աբբա Ալեքսանդրը, «դա ակնհայտ կերպով նշանակում է, որ չես մտածում հավիտենական պատժի, ո՛չ էլ երկնքի արքայության մասին: Եթե մտածեիր, այդ վհատությունը քո վրա չէր տիրանա»[3]:
 
Իմ հակառակորդներն, – ասում է մեղկությունը, – սաղմոսերգությունն ու ձեռագործ աշխատանքն են. իմ թշնամին մահվան շուրջ մտածումն է. ինձ մահ տվողը աղոթքն է, գալիք բարիքների անսասան հույսի հետ միասին[4]:
 
Եղբայրներից մեկը հարցրեց ծերերից մեկին. «Ինչո՞ւ է մեղկությունը չարչարում ինձ [...] »: Ծերը պատասխանեց նրան. «Որովհետև տակավին չես խորհրդածել ո՛չ հուսացված հանգստի, ո՛չ էլ գալիք պատժի մասին»[5]:
 
Մեղկությանը (այսինքն՝ թուլությանը, վհատությանը, դասալքությանը) ընդդիմանում է համբերության, հարատևության առաքինությունը (hypomoné). համբերություն և կրելու պատրաստակամություն՝ փորձություններում, և հարատևություն՝ խցի մեջ և մենակեցական կյանքում.
 
Եղբայրներից մեկը հարցրեց ծերերից մեկին և նրան ասաց. «Հայր, ինձ շատ է տանջում մեղկությունը»: Պատասխանեց. «Որդյակ իմ, դրա պատճառն այն է, որ տակավին չես ճանաչում ո՛չ ջանասերներին սպասվող վարձատրությունը, ո՛չ էլ անհոգներին սպասվող պատիժը: Արդարև, եթե դու տեսնեիր, թե ինչպես են խցիդ մեջ որդեր վխտում, կորով կունենայիր և ո՛չ թե, անշուշտ, մեղկություն»:
Մեղկությունը, ազդեցություն գործադրելով հոգու բոլոր կարողությունների[6] վրա, հաճախ շարժման մեջ է դնում բոլորը կրքերը միասին: Իմանալով սա, Տերն ասել է. «Ձեր համբերությամբ (hypomoné) կտիրապետեք ձեր հոգիներին» (Ղկս 21, 19)[7]:
 
Կայունությունը
 
Եվագր Պոնտացին, Պալլադիոս Գաղատացին և Մաքսիմոս Խոստովանողը մեղկության կողմից փորձվածներին հանձնարարում են զգաստությամբ ու խնամքով պահպանել կայունությունը սեփական խցում.
 
Չպետք է լքել խուցը փորձությունների ժամին, որքան էլ որ համոզիչ լինեն պատրվակները, որ ձուլում ենք մեր մտքում, այլ՝ հարկավոր է նստած մնալ ներսում և հարատևել (kathêsthai kaì hypoménein), և արիաբար դիմագրավել վրադ հարձակվողներին, բոլորի՛ն, բայց հատկապես՝ մեղկության դևին, որը բոլորից ամենադժնդակը լինելով՝ հոգին փորձության է դնում ամենածայրահեղ չափով: Արդարև, փախչելը և այդ պայքարներից խուսափելը մտքին սովորեցնում է հանճարից զուրկ լինել, վախկոտ և դասալիք[8]:
 
Մի օր, ամբողջովին բարոյալքված վիճակում (akediân) գնացի նրա մոտ [Մակար Ալեքսանդրացու] և ասացի. «Աբբա, ի՞նչ պետք է անեմ: Մտքերը (loghismoí) ճնշում են ինձ և շարունակ կրկնում. ''Դու ոչինչ չես անում, հեռացի՛ր այստեղից''»: Պատասխանեց. «Ասա՛ նրանց. ''Հանուն Քրիստոսի ես պահպանում եմ այս պատերը''»[9]:
 
Սկզբում ծաղրվելով սատանայից, որը բոլորին ծաղրում է ու խաբում, [վանականներից մեկը] կարծեց, թե ձանձրացել է (akediân) իր առաջին խցից, և ուստի թողեց այն և իր համար մի ուրիշ խուց կառուցեց [...][10]:
 
Փորձությունների ժամանակ մի՛ լքիր քո վանքը, այլ՝ արիաբար կրիր մտքերի կոհակները. դիմադրիր հատկապես տրտմության և մեղկության մտքերին[11]:
 
Ողջամիտ հանգիստն ու սթափումը
 
Խոնարհաբար որպես հարկավոր նկատված կարճատև զբոսանքը նախընտրելի է, քան համառ ու հպարտամիտ առանձնությունը.
 
Հարկավոր է, որ յուրաքանչյուր ոք հնարավոր առավելագույն չափով մնա անդորրի մեջ, և հարատևի իր օթևանում. սա կլինի իր բարքերի կայունության վկայությունը: Խոսքը բնավ չի վերաբերվում բանտարկված մնալուն. ամենայն ազատությամբ թող կատարվեն հարկավոր զբոսանքները, երբ խիղճը ոչինչ չի գտնում հանդիմանելու, և թող որ այցելություն տրվի լավագույն և իրենց կյանքի արմատականության պատճառով ամենաօգտակար եղբայրներին, այդպիսի օգտակար հանդիպումներից առաքինության օրինակներ հավաքելով, կատարելով – ինչպես ասում էինք – չափավոր քանակի զբոսանքներ, որոնք պախարակվելու արժանի չեն: Հաճախ պատահում է, որ զբոսանքը ցրում է նաև մեղկությունը, որ ծնվում է հոգում, և թույլ տալով – այսպես ասած – վերագտնելու ուժերը և մի քիչ ազատ շնչելու, հնարավորություն է տալիս առավել մեծ փութաջանությամբ առաջ նետվելու դեպի քրիստոնեական կյանքի պայքարները:
Իսկ եթե ինչ որ մեկն իրեն մեծ է կարծում այն բանի համար, որ խցից դուրս չի գալիս, թող իմանա, որ հպարտացել է մի դատարկ բանի համար, որովհետև խցից դուրս չգալու փաստը ինքնըստինքյան բարի բան չէ, ո՛չ էլ երբեմն երբեմն դուրս գալն է բարի կամ չար դարձնում, այլ՝ բարու անսասան ու անտեղիտալի ընտրությունը, կամ ընդհակառակն՝ անկայունությունը, որոնք մարդուն դարձնում են եռանդուն կամ անհոգ[12]:
 
Օգտակար կարող են լինել առանց չափազանցությունների կատարված ֆիզիկական աշխատանքները, «մի քիչ ձեռագործ աշխատանք, որով դնչակալ է դրվում մեղկությանը»[13]: Իրական վանական ավանդության մեջ միշտ մեծապես հարգվել և կիրառվել են արհեստներն ու արվեստները. հողագործությունն ու գյուղատնտեսական մթերքների մշակումը (մեղվաբուծությունից մինչև պանրագործություն, և այլն), փայտագործություն, կավագործություն, քարերի (օրինակ՝ խաչքարեր) և մետաղների (օրինակ՝ սրբազան ոսկերչություն) մշակում, մագաղաթագործություն, նկարչություն (հատկապես՝ սրբապատկերներ), և այլն:
Որոշակի օգտակարություն ունի նաև ֆիզիկական հիգիենայի նկատմամբ պատշաճ խնամքը. ուշադրություն դարձնելը քնի ժամերին ու տևողությանը, ինչպես նաև՝ մարմնի լվացմանն ու մաքրությանը: Թովմա Աքուինացին ամենայն ծանրակշիռ լրջությամբ այսպես է վերնագրել Աստվածաբանության Համառոտության հոդվածներից մեկը. «Այն բանի մասին, թե քունն ու լոգանքները մեղմացնում են վիշտն ու տրտմությունը»[14]:
Օգոստինոսն արդեն պատմում է, որ իր մոր թաղումից հետո, տխրությունը որոշ չափով փարատելու նպատակով, գնացել է շոգեբաղնիքում լիցքաթափվելու. «Մտքովս անցավ գնալ նաև լոգանքներ ընդունելու, քանի որ լսել էի, թե բաղնիքներն այդպես են կոչվում, որովհետև հույները դրանք balaneîon են անվանում, քանի որ մարմնից դուրս են հանում հոգու ցավն ու սրտնեղությունը»[15]: Բայց հավելում է, որ իր դեպքում անարդյունավետ է եղել:
Թեև ճիշտ է, որ ֆիզիկական սթափումը կարող է որոշ չափով դուրս բերել ընդարմացած վիճակից և որոշակի կորով հաղորդել չափավոր կերպով ընկճված մարմնին կամ մտքին, այդուհանդերձ՝ լիովին ակնհայտ է, որ բարոյական մեծ վշտերը, ողբը կամ խորը արմատներ նետած մելամաղձոտությունը չեն կարող արդյունավետ լուծում ստանալ նման միջոցներով:
 
Մերձավորի հանդեպ սերը
 
Հովհաննես Կղիմաքոսը հայտարարում է, որ վանաբնակ կյանքը (մենակեցականի համեմատ) «մեղկության թշնամին է»[16]:
Մերձավորի հանդեպ սերն է – իր բոլոր կերպերով – մեղկության դեմ լավագույն դարմանը. «Մերձավորի հանդեպ սերը բուժում է տրտմությունից», ասում է Աբբա Եսային[17]:
 
Եղբայրներից մեկը հարցրեց Աբբա Պիմենին. «Ի՞նչ պետք է անեմ: Որովհետև, մինչ իմ խցում եմ, ինձ պակասում է քաջությունը»: Ծերը պատասխանեց. «Ոչ ոքի մի՛ արհամարհիր, ո՛չ էլ դատապարտիր, և ոչ ոքի դեմ մի՛ չարախոսիր, և Աստված քեզ հանգիստ կշնորհի և կյանքդ խցի մեջ անխռով կլինի»[18]:
 
Տարեցների հավատարմության վկայությունը թանկարժեք օգնություն է մեղկությամբ բռնված երիտասարդի համար.
 
Սպիտակ մազերի ներքո ծաղկող դեմքերի երանգը, հագուստների ոճն ու կերպարանքը, համեստ խոսելաձևը, խոհեմությունն ու զգուշավորությունը արտահայտվելիս և մտքերի շնորհալիությունը. այս ամենը քեզ ուժ կհաղորդի, երբ դու նույնպես մեղկության մեջ կլինես[19]:
 
Թովմա Աքուինացին, տրտմությունն իբրև մտքի համար ամենաաղետաբեր կիրքը նկատելով, այն դարմանելու համար որպես արդյունավետ միջոց հանձնարարում է համբերությունը.
 
Մյուս բոլոր կրքերի միջից, տրտմությունը յուրահատուկ կերպով հզոր է մտքի բարիքը խոչընդոտելու գործում: [...] Ուստի անհրաժեշտ է, որ լինի մի առաքինություն, որ պաշտպանի մտքի այս բարիքն ընդդեմ տրտմության, որպեսզի միտքը չկքվի և տեղի չտա տրտմությանը: Այդ առաքինությունը համբերությունն է[20]:
[1] Հերոնիմոս, Նամակ ՃԻԵ., 16.
[2] Մարկոս Ճգնավոր, Նրանց մասին, ովքեր կարծում են, թե գործերով են արդարացված, 36; PG 65, 936C.
[3] Հովհաննես Մոսխոս, Հոգևոր մարգագետին, 142, Napoli 1982, p. 161.
[4] Հովհաննես Կղիմաքոս, Սանդուխք դրախտի, XIII, 92; PG 88, 861A.
[5] Դորոթեոս Գազացի, Հոգևոր ուսուցումներ, XII, 125; SC 92, p. 383.
[6] Բառացի՝ էներգիաների:
[7] Նեղոս, Ութը մոլի մտածությունների մասին, PG 79, 1457D-1460A.
[8] Եվագր Պոնտացի, Պրակտիկոս, 28; SC 171, p. 565.
[9] Պալլադիոս Գաղատացի, Լաուզուսյան պատմություն, XVIII, 29.
[10] Նույն, XVI, 2.
[11] Մաքսիմոս Խոստովանող, Հոդվածներ սիրո մասին, I, 52.
[12] Հոգեմարզական կանոններ, VII, 2; in Nella tradizione basiliana, Bose 1997, pp. 84-86.
[13] Կալլիստոս և Իգնատիոս Քսանթոպուլոս, Խստակրոն մեթոդի ու կանոնի մասին, 45; in La Filocalia IV, Torino 1987, p. 217.
[14] Թովմա Աքուինացի, Համառոտություն աստվածաբանության, Ia IIae, q. 38, a. 5.
[15] Օգոստինոս, Խոստովանություններ, IX, 12, 32.
[16] Հովհաննես Կղիմաքոս, Սանդուխք դրախտի, XIII, 90; PG 88, 860A.
[17] Աբբա Եսայի, Բան 17, 2.
[18] Անապատի Հայրերի խոսքերը, IX, 8; in Detti, Roma 1980, p. 171.
[19] Պալլադիոս Գաղատացի, Լաուզուսյան պատմություն, Նախաբան, 16.
[20] Թովմա Աքուինացի, Համառոտություն աստվածաբանության, IIa IIae, q. 136, a. 1.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։