« ԻՆՉ ՈՐ ՄԻ ԲԱՆ ՏԵՍՆՈ՞ՒՄ ԵՍ » – Գրադարան – Mashtoz.org

« ԻՆՉ ՈՐ ՄԻ ԲԱՆ ՏԵՍՆՈ՞ՒՄ ԵՍ »

Եր. Հուլիանա Նորուիչացի (1342-1430). « Աստվածային սիրո հայտնություններ », 52.

 

[...] Տեսա, որ Աստված ուրախանում է մեր Հայրը լինելու համար, Աստված ուրախանում է մեր Մայրը լինելու համար, Աստված ուրախանում է մեր ճշմարիտ Փեսան լինելու և մեր հոգին իբրև Իր նախասիրյալ հարս ունենալու համար։ Քրիստոսն ուրախանում է մեր Եղբայրը լինելու համար, Հիսուսն ուրախանում է մեր Փրկիչը լինելու համար։ [...]

Մեր կյանքի ժամանակվա ընթացքում, մենք, որ փրկվելու ենք, ճանաչում ենք մի անհավատալի խառնուրդ՝ բարու և չարի։ Մեր մեջ ունենք մեր Հարուցյալ Տեր Հիսուս Քրիստոսին, և միաժամանակ՝ Ադամի անկման ու մահվան թշվառությունն ու չարությունը։ [...] Ադամի անկման պատճառով մենք ա՜յն աստիճան դյուրաբեկ ենք, որ, մեղքի ու տարբեր ցավերի պատճառով, մեզ թվում է, թե խավարի մեջ ենք. կուրացած, չենք կարողանում և ո՛չ իսկ նվազագույն սփոփանք ապրել։ Կամքով, փափագով, սակայն, Աստծո մեջ ենք մնում, և վստահությամբ հավատում ենք Նրա ողորմությանն ու Նրա շնորհին։ Այսպես է, որ Նա գործում է մեր մեջ։ Իր բարությամբ՝ բացում է մեր մտքի աչքերը, և մեզ տեսնել է տալիս՝ երբեմն ավելի, երբեմն նվազ, ըստ կարողության, որ մեզ պարգևում է։ Որքան որ մեզ բարձրացնում է, այնքան թույլ է տալիս, որ ընկնենք։

Այս խառնուրդն այնքա՜ն տարօրինակ է, որ մեր համար դժվար է հասկանալ, – և՛ ինքներս մեր, և՛ մեր նման ուրիշների վերաբերյալ Քրիստոսի մեջ, – թե ի՛նչ ճանապարհի վրա ենք գտնվում, այնքա՜ն որ փոփոխական է այն, ինչ զգում ենք։  Բայց կարևորն այն է, որ մի սուրբ «այո՛» ասենք Աստծուն, երբ Նրան զգում ու լսում ենք, ճշմարտապես Նրա հետ լինելու համար՝ ամբողջ սրտով, հոգով, ուժերով (Մրկ 12, 30). այնժամ ատում ու արհամարհում ենք չարի հանդեպ ունեցած մեր հակումը։ [...]

Արդարև, մենք գտնվում ու ապրում ենք այս "հյուսվածքի" մեջ մեր կյանքի բոլոր օրերի ընթացքում։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։