«ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՍՏԾՈ ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹՐԻՔԻՆ»
- 01
- 02
- 03
Եր. Հուլիանա Նորուիչացի (1342-1416). « Աստվածային Սիրո Հայտնություններ », գլուխ 39.
[...] [Երբ մեղավորն ընդունում է իր հանցանքը,] Աստվածային շնորհը ծնունդ է տալիս մի այնպիսի մեծ զղջման, կարեկցանքի և Աստծո հանդեպ ճշմարիտ ծարավի, որ մեղավորը, անմիջապես ազատվելով մեղքից ու հոգու ցավից, ոտքի է կանգնում։ [...]
Զղջումը մաքրագործում է մեզ, կարեկցանքը՝ նախապատրաստում, Աստծո հանդեպ ճշմարիտ ծարավը՝ մեզ արժանի դարձնում։ Որքան որ հասկանում եմ ես, ահա՛ երեք միջոցները, որոնցով հոգիները գնում են երկինք, այսինքն՝ նրանք, ովքեր մեղք են գործել երկրի վրա և որ փրկվելու են։ Որովհետև բոլոր մեղք գործող հոգիները պետք է բուժվեն այս երեք դեղամիջոցներով։
Նաև եթե բժշկվում են, սպիերը մնում են Աստծո առաջ, ո՛չ որպես վերքեր, այլ՝ որպես փառավոր նշաններ։ Եթե այստեղ՝ ներքևում ունենք պատիժ ու ապաշխարանք, ընդհակառակը՝ երկնքում փոխհատուցվելու ենք մեր Տիրոջ սիրով։ [...]
Մեղքը նրանց, ովքեր սիրում են Իրեն, Նա համարում է տրտմություն և ցավ, բայց, Իր սիրո պատճառով, չի դատապարտում այն։ Փոխհատուցումը, որ ստանալու ենք, փոքր չի լինելու, այլ մանավանդ թե՝ լինելու է մեծ, պատվի ու փառքի արժանի։ Եվ այսպես, ամոթը փոխակերպվելու է փառքի և ուրախության։
Որովհետև մեր Տերն, Իր սիրո մեջ, չի ուզում, որ Իր ծառաները հուսահատվեն հաճախակի ու ողորմելի անկումների պատճառով. մեր անկումներն Իրեն չեն խոչընդոտում՝ սիրելու մեզ։ [...] Ուզում է, որ մենք իմանանք, որ Ինքը մեր ողջ կյանքի հիմքն է՝ սիրո մեջ, և, է՛լ ավելի, որ Ինքը մեր հավիտենական Պաշտպանն է. որ զորությամբ պաշտպանում է մեզ բոլոր թշնամիներից, որ խոյանում են մեր դեմ։ Եվ քանի որ, ցավոք, նրանց հաճախ ենք մեզ գետին գցելու առիթ տալիս, Իր կարիքը մենք շա՜տ ունենք։ [...]