« ԵԹԵ ԿԱՄԵՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՍՆԵԼ ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԿԵՏԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ԵԹԵ ԿԱՄԵՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՍՆԵԼ ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԿԵՏԻՆ »

ԲԵՆԵԴԻԿՏՈՒՍ ՆՈՒՐՍԻԱՑԻ, Վանական կանոնագիրք, VII, 5-10.31-32.34-35.44.49.51.55-56.59-62.67-69 (SC 181, pp. 472-490).
 
 
[...] Եթե կամենում ենք հասնել խոնարհության գագաթնակետին, մեր գործերով պետք է կառուցենք այն աստիճանը, որը երազում երևաց Հակոբին և որի վրա տեսավ, թե ինչպես էին իջնում և բարձրանում հրեշտակները: Այդ իջնելն ու բարձրանալը մեզ ցույց են տալիս, որ ինքներս մեզ պանծացնելով իջնում ենք, իսկ խոնարհությամբ՝ բարձրանում: Արդ, այդ կանգուն աստիճանը մեր կյանքն է այս աշխարհում, որին Տերը, խոնարհ սրտի խորություններով, բարձրացնում է մինչև երկինք: Այդ աստիճանի երկու կողմնակի տախտակները մեր մարմինն ու մեր հոգին են: Եվ այս տախտակների վրա աստվածային կանչը հաստատել է խոնարհության աստիճանները, որպեսզի կարողանանք դրանցով վեր բարձրանալ: [...]
Խոնարհության առաջին աստիճանը կայանում է նրանում, որ մեր մտքում միշտ ներկա պահենք Աստծո երկյուղը, բացարձակապես խուսափելով մոռացությունից: [...]
Խոնարհության երկրորդ աստիճանը կայանում է նրանում, որ չսիրենք մեր սեփական կամքը, չուրախանանք մեր սեփական ցանկություններն իրականացնելով, այլ՝ մեր գործերով նմանվենք Տիրոջը, որն ասում է. «Չեմ եկել իմ կամքը կատարելու, այլ՝ կամքը Նրա, ով առաքել է ինձ» (Հվհ 6, 38): [...]
Խոնարհության երրորդ աստիճանը կայանում է նրանում, որ մեզնից բարձրաստիճաններին ենթարկվենք ամբողջական հնազանդությամբ ի սեր Աստծո, նմանվելով Տիրոջը, որի մասին Առաքյալն ասում է. «Մահվան չափ հնազանդ եղավ» (Փլպ 2, 8):
Խոնարհության չորրորդ աստիճանը կայանում է նրանում, որ պահպանենք համբերությունն ու հոգու խաղաղությունը, եթե հնազանդության գործում հանդիպում ենք դժվարին ու խորշելի իրավիճակների, կամ մինչև իսկ անարդարությունների: [...]
Խոնարհության հինգերորդ աստիճանը կայանում է նրանում, որ խոնարհասիրտ խոստովանությամբ մեր վանահորը հայտնենք այն չար մտքերը, որոնք ծնվում են մեր սրտում, կամ այն չար գործերը, որոնք կատարել ենք ծածուկ: [...]
Խոնարհության վեցերորդ աստիճանը կայանում է նրանում, որ վանականն իրեն երջանիկ է զգում նաև ամենավատթար իրավիճակում, և ի՛նչ գործ էլ իրեն հանձնեն, նա իրեն վատ ու անարժան մշակ է համարում:
Խոնարհության յոթներորդ աստիճանը կայանում է նրանում, որ իմանում ենք, որ բոլորից ամենափոքրն ենք ու ամենանվաստը, ո՛չ թե լոկ խոսքով, այլ՝ սրտի խորը համոզմամբ: [...]
Խոնարհության ութերորդ աստիճանը կայանում է նրանում, որ վանականն անում է միայն այն, ինչն իրեն հանձնարարվում է վանքի ընդհանուր կանոնի և տարեցների օրինակների կողմից:
Խոնարհության իններորդ աստիճանը կայանում է նրանում, որ վանականը զսպում է իր լեզուն և, հասնելով լռությանը, խոսում է միայն այն ժամանակ, երբ իրեն ինչ որ մի հարց են ուղղում: [...]
Խոնարհության տասներորդ աստիճանը կայանում է նրանում, որ այլևս հակված կամ պատրաստակամ չենք լինում ծիծաղին, որովհետև գրված է. «Անմիտը ծիծաղելով բարձրացնում է ձայնը» (Սրք 21, 23):
Խոնարհության տասնմեկերորդ աստիճանը կայանում է նրանում, որ վանականը, երբ խոսում է, արտասանում է սակավաթիվ, բայց իմաստնալի խոսքեր, մեղմորեն, առանց քմծիծաղի, խոնարհությամբ ու լրջությամբ, առանց ձայնի պոռթկումների, որովհետև գրված է. «Իմաստունը ճանաչվում է սակավախոսությունից» (Սրք 20, 5.7):
Խոնարհության տասներկուերորդ աստիճանը կայանում է նրանում, որ վանականը, սրտում խոնարհ մնալով, իր մարմնով իսկ դառնում է խոնարհության նշան իրեն տեսնողների համար: [...]
Այս բոլոր աստիճանները բարձրանալով, վանականը բավականին շուտով կհասնի Աստծո սիրույն, որը դառնալով կատարյալ՝ հեռացնում է երկյուղը:
Այս սիրո շնորհիվ, այն ամենը՝ ինչը որ սկզբից կատարում էր երկյուղով, կսկսի կատարել առանց որևէ ջանքի, բնականորեն և կարծես սովորության ուժով, ո՛չ այլևս դժոխքի վախից մղված, այլ՝ ի սեր Քրիստոսի, վարժվելով բարուն և այն հոգեզվարթությամբ, որ ծնվում է առաքինությունից: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։