« ՀԵՌԱՑԻՐ ՉԱՐԻՑ, ԳՈՐԾԻՐ ԲԱՐԻՆ, ՓՆՏՐԻՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀԵՌԱՑԻՐ ՉԱՐԻՑ, ԳՈՐԾԻՐ ԲԱՐԻՆ, ՓՆՏՐԻՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ »

ԲԵՆԵԴԻԿՏՈՒՍ ՆՈՒՐՍԻԱՑԻ, Վանական կանոնագիրք, Նախաբան, 8-18 (SC 181, pp. 414-416).
 
 
Վերջապես ոտքի՛ կանգնենք, ուրեմն: Աստվածաշունչը մեզ ուղղում է այդ հրավերը հետևյալ խոսքերով. «Ահա՛ մեր համար քնից արթնանալու ժամը» (Հռմ 13, 11): Մեր աչքերը աստվածացնող լույսին բացած, մեր ականջները որոտի ձայնից ազդված, ունկնդրենք Աստծո հզոր ձայնը, որն ամեն օր մեզ հորդորում է. «Այսօր ունկն դրեք Նրա ձայնին, մի՛ կարծրացրեք ձեր սիրտը» (Սղմ 94, 7-8): Ինչպես նաև. «Ով ականջ ունի լսելու, թող հասկանա այն, ինչ Աստված ասում է Եկեղեցիներին» (Հյտ 2, 7): Իսկ ի՞նչ է ասում: «Եկե՛ք, որդիներս, ունկնդրեք ինձ, ձեզ կսովորեցնեմ Աստծո երկյուղը» (Սղմ 33, 12): «Ընթացեք, քանի դեռ ձեզ լուսավորում է կյանքը, որպեսզի չպարուրի ձեզ մահվան խավարը» (Հվհ 12, 35): Եվ Տերը, ամբոխի մեջ փնտրելով մի աշխատավոր, ասում է նաև. «Ո՞վ է մարդը, որ ցանկանում է կյանքը» (Սղմ 33, 13): Եթե դու հասկանում ես սա և պատասխանում ես. «Ե՛ս», Աստված քեզ ասում է. «Դու ցանկանո՞ւմ ես ճշմարիտ կյանքը, հավիտենականը»: Ուրեմն. «Լեզուդ պահպանիր չարից, և շուրթերդ՝ խաբեության խոսքերից: Հեռացիր չարից, գործիր բարին, փնտրիր խաղաղությունը, հետամուտ եղիր նրան» (Սղմ 33, 14-15): Եվ երբ այսպես կվարվեք, ես հայացքս կուղղեմ ձեր վրա, ականջ կդնեմ ձեր աղոթքներին և «ձեր ինձ կանչելուց առաջ արդեն կասեմ. Ահա՛ ես» (Ես 58, 9; Սղմ 33, 16):
 
***
 
ԲԵՆԵԴԻԿՏՈՒՍ ՆՈՒՐՍԻԱՑԻ, Վանական կանոնագիրք, Նախաբան, 28 (SC 181, p. 448).
 
 
Նա, ով արդարություն է գործում, [...] նա է, ով սատանային վռնդում է իր սրտից. բռնում է դիվային մտքից սերվածներին և նրանց ճզմում է Քրիստոսով:
 
***
 
ԲԵՆԵԴԻԿՏՈՒՍ ՆՈՒՐՍԻԱՑԻ, Վանական կանոնագիրք, Նախաբան, 35-38 (SC 181, pp. 420-422).
 
 
Տերը մեզնից ակնկալում է, որ օր օրի գործերով պատասխանենք Իր սուրբ խրատներին: Արդարև, այս կյանքի օրերը մեզ տրված են որպես ժամկետի երկարաձգում, որպեսզի ուղղենք մեր սխալները, ինչպես ասում է Առաքյալը. «Չգիտե՞ս, որ Աստված համբերատար է, որպեսզի դու փոխես կյանքդ» (Հռմ 2, 4): Եվ Իր խանդաղատանքով Տերն ասում է. «Ես չեմ ցանկանում մեղավորի մահը, այլ՝ որ դարձի գա և ապրի» (Եզկ 18, 23):
 
***
 
ԲԵՆԵԴԻԿՏՈՒՍ ՆՈՒՐՍԻԱՑԻ, Վանական կանոնագիրք, Նախաբան, 47-49 (SC 181, p. 424).
 
 
Եթե արդարությունը հասցնում է առաջարկելու որոշ թեթև պարտադրանքներ՝ մոլություններն ուղղելու և սերը պաշտպանելու համար, իսկույն սարսափահար մի՛ փախիր փրկության ճանապարհից, որից ներս հնարավոր է մտնել միմիայն անցելով նեղ ու անձուկ դռնով: Հիրավի, սրբության կյանքի և հավատքի մեջ կամաց կամաց հառաջադիմելով սիրտն ընդարձակվում է, և մարդը, սիրո մի անասելի քաղցրությամբ համակված, սրընթաց սլանում է Աստծո պատվիրանների ճանապարհով:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։