« ՁԵԶՆԻՑ ԱՄԵՆԱՄԵԾԸ ԹՈՂ ՈՐ ՁԵՐ ԾԱՌԱՆ ԼԻՆԻ » – Գրադարան – Mashtoz.org

« ՁԵԶՆԻՑ ԱՄԵՆԱՄԵԾԸ ԹՈՂ ՈՐ ՁԵՐ ԾԱՌԱՆ ԼԻՆԻ »

Սբ. Բենեդիկտոս Նուրսիացի (480-547). « Վանական Կանոնագիրք », 7.

 

[...] Եղբայրներ, աստվածային Գիրքը մեզ ասում է. «Ով պանծացնում է ինքն իրեն, կխոնարհեցվի, իսկ ով խոնարհվում է, կպանծացվի»։ Այս խոսքերով մեզ ցույց է տալիս, որ որևէ պանծացում գոռոզության կերպերից մեկն է։ Սաղմոսերգուն վկայում է, որ կամենում է հեռու մնալ դրանից, ասելով. «Տե՜ր, չի հպարտանում իմ սիրտը և գոռոզությամբ վեր չի բարձրանում իմ հայացքը. մեծ բաներ չեմ ցանկանում, որ գերազանցում են իմ ուժերին» (Սղմ 131, 1)։ [...]

Սրանից հետևում է, եղբայրներ, որ եթե ուզում ենք հասնել գերագույն խոնարհության գագաթին, և եթե ուզում ենք արագընթաց հասնել այն երկնային բարձունքին, ուր մարդը բարձրանում է ներկա կյանքի խոնարհությամբ, հարկավոր է [...] մեր գործերով բարձրանալ այն սանդուղքով, որը երազում երևաց Հակոբին, և որի վրա նա տեսավ, թե ինչպես էին «վեր բարձրանում և վար իջնում հրեշտակները» (Ծնդ 28, 12)։

Անկասկած, վար իջնելն ու վեր բարձրանալը ա՛յլ նշանակություն չունեն մեր համար, քան միայն այն, որ գոռոզությամբ իջնում ենք, իսկ խոնարհությամբ՝ բարձրանում։ Այդ սանդուղքը, որ բարձրանում է, մեր երկրային կյանքն է, որը Տերը բարձրացնում է մինչև երկինք, երբ մեր սիրտը խոնարհվում է։ [...]

Խոնարհության առաջին աստիճանը կայանում է հոգու խորքում Աստծո երկյուղը միշտ պահպանելու և այն երբևէ մոռանալուց խուսափելու մեջ։ Հարկավոր է միշտ մտաբերել այն, ինչ Աստված հրամայել է։ [...]

Մտքերի չարության վրա զգոն և հսկող լինելու համար՝ իսկապես խոնարհ վանականը(*) անդադար կկրկնի իր սրտում. «Հավատարիմ եղա Նրա հետ և զգուշացա մեղքից» (Սղմ 18, 24)։ Ինչ վերաբերվում է մեր կամքը կատարելուն, Աստվածաշունչը մեզ դա արգելում է, երբ ասում է. «Մի՛ հետևիր կրքերին» (Սրք 18, 30)։ Նմանապես, «Հայր մեր»ի մեջ Աստծուն խնդրում ենք, որ Իր կամքը կատարվի մեզնում. «Տիրոջ աչքերն ամենուր են, քննում են չարերին ու բարիներին. Տերը երկնքից խոնարհվում է մարդկանց վրա՝ տեսնելու, թե կա՞ մի իմաստուն. կա՞ մեկը, որ փնտրում է Աստծուն» (Առկ 15, 3; Սղմ 14, 2)։ [...]

Խոնարհության բոլոր աստիճաններն ի վեր բարձրանալով՝ վանականը շուտով կհասնի Աստծո այն սիրույն, որը, կատարյալ դառնալով, փարատում է ամեն վախ (1Հվհ 4, 18)։ Այս սիրո շնորհիվ, ամեն բան, որ առաջ կատարում էր ո՛չ առանց հոգու տագնապի, կսկսի գործադրել առանց որևէ ջանքի, գրեթե ինքնաբերաբար և սովորության ուժով, [...] Քրիստոսի սիրո համար, բարու սովորությունը ձեռքբերած լինելու պատճառով և առաքինության ճաշակման դիտավորությամբ։ Ահա՛ որ, այդ ժամանակ, Տերը կբարեհաճի Սուրբ Հոգու միջոցով հայտնվել Իր մշակի հոգում։ [...]

(*) Բառացի՝ եղբայրը։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։