« ԻՄԱՑԵՔ, ՈՐ ՄԱՐԴՈՒ ՈՐԴԻՆ ՄՈՏ Է » (Մրկ 13,29) – Գրադարան – Mashtoz.org

« ԻՄԱՑԵՔ, ՈՐ ՄԱՐԴՈՒ ՈՐԴԻՆ ՄՈՏ Է » (Մրկ 13,29)

Սբ. Թեոդորոս Ստուդիոնացի (759-826). Քրիստոնեական Ուսուցումներ, 43.
 
 
[...] Ինչպիսի՜ ահ ու դող կպատի մեզ, երբ կթողնենք այս աշխարհը։ [...] Ինչպե՞ս կդիմագրավենք այդ ահավոր օրվան, եթե մեզնից մեկն ապրի անհոգությամբ։
Երբ հրեշտակապետի փողը կհնչի և բոլոր մարդիկ հարություն կառնեն (1Թղ 4, 16), և բոլոր ժողովուրդները, ցեղերն ու լեզուները (հմմտ. Հյտ 5, 9) կներկայանան դատաստանի, այդ ժամանակ երկինքը կքանդվի մեծ դղրդումով, տարրերը կայրվեն (հմմտ. 2Պտ 3, 10.12), ողջ արարչությունը կփոխակերպվի, սուրբ հրեշտակների բոլոր բյուր բազմությունները երկյուղով առաջ կգան և կբազմի Նա՝ Դատավորն ամենքի ու ամեն ինչի։
Այդ ժամանակ յուրաքանչյուրի գործերն ու խոսքերը կմերկացվեն, Նա մեր առաջ կդնի փաստերը. հանցանքը կերևա այնպես, ինչպես երևում է առաջին հայացքից, հանցանքն իր տեղի, կերպի ու ժամանակի պարագաներով, և ամբողջը՝ մի ակնթարթում (հմմտ. 1Կր 15, 52)։
Այդ ժամանակ «կգնան», ասում է Սուրբ Գիրքը, «նրանք, ովքեր բարին են գործել, հավիտենական կյանքի մեջ, իսկ նրանք, ովքեր չարն են գործել, հավիտենական պատժի մեջ» (Մտթ 25, 46). այնտեղ «լինելու է լաց և ատամների կրճատում» (Մտթ 8, 12), «նրանց կրակը չի հանգչելու և նրանց որդը չի մեռնելու» (Ես 66, 24)։ [...]
Բայց ո՛չ մեզ, Տե՜ր, ո՛չ մեզ, այլ՝ Քո Անվանն ենք փառք ու գովք տալու (հմմտ. Սղմ 113, 1) այդ օրը, կանգնելով Քո աջ կողմում։ [...] «Ո՞վ կբաժանի մեզ Քրիստոսի սիրուց։ Նեղությո՞ւնը, տագնա՞պը, քա՞ղցը, հալածա՞նքը, վտա՞նգը, սո՞ւրը», մինչ «ձեր համար մահվան ենք ենթարկվում ամբողջ օրը. սպանդի տարվող ոչխարներ ենք դարձել» (հմմտ. Հռմ 8, 35-36): Նրա՛ն փառք հավիտյանս հավիտենից։ Ամեն։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։