« ՈՏՔԻ՛ ԿԱՆԳՆԵՑԵՔ ԵՎ ՎԵ՛Ր ԲԱՐՁՐԱՑՐԵՔ ՁԵՐ ԳԼՈՒԽՆԵՐԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՈՏՔԻ՛ ԿԱՆԳՆԵՑԵՔ ԵՎ ՎԵ՛Ր ԲԱՐՁՐԱՑՐԵՔ ՁԵՐ ԳԼՈՒԽՆԵՐԸ »

Սբ. Թեոդորոս Ստուդիոնացի (759-826). Քրիստոնեական Ուսուցումներ, 46.
 
 
[...] Խնդրում եմ ձեզ, հետևաբար, ձեզ միշտ ողջ ու առողջ պահեցեք ձեր հոգու գաղտնարանում։ Մի՛ գործեցեք, որդիներ իմ, ոչ մի այնպիսի արարք, որ կարող է կորստյան ու ավերման հասցնել ձեր հոգիները։ Այո՛, երկնչենք այս Աստծուց, որ շուտով հայտնելու է խավարի գաղտնիքները՝ բացահայտ դարձնելու համար սրտերի նպատակները (1Կր 4, 5) և հատուցելու համար յուրաքանչյուր մարդու ո՛չ միայն իր գործերի (հմմտ. Մտթ 16, 27), այլ նաև՝ իր խոսքերի ու մինչև իսկ մտքերի փոխարեն։ [...]
Եվ ո՞վ չի մնա զգոն, մերժելով իր ծուլությունն ու քնկոտ անգործությունը։ Արթնացե՛ք։ Արթնացե՛ք։ Գիշերն ավարտվել է։ Գալիք վերստին արարման օրն արդեն իսկ սկսել է ծագել (հմմտ. Հռմ 13, 12)։ Ուշադիր լինենք, որ մահը մեզ անպատրաստ չգտնի և մեզ հավիտենական անդարման ցավ չբերի։ [...] Վերստին ոտքի կանգնենք, կրկին ու կրկին, և ջանք գործադրենք՝ կատարելու այն ամենն, ինչը որ հաճելի է Աստծուն. քաջարի կերպով կրենք ներկա իրողությունները, ուրախանանք նրանցով, որոնց հույսն ունենք (հմմտ. Հռմ 12, 12; Եբր 11, 1)։ [...] Գիտեմ, որ փրկվելու ենք և անվերջ պար ենք բռնելու երկնքում, ուրախանալով նրանց հետ, ովքեր աշխարհի սկզբից ի վեր բարեհաճո են եղել Քրիստոսին։ [...]
Խզեցեք անգործության կապանքները, եղեք զվարթ, եղեք հավասարակշռված. ձեր հոգին թող որ խաղաղ լինի, և ձեր սիրտը՝ թեթև. օգտակար եղեք մեկդ մյուսին. հեռացրեք մտահոգություններն ու սրտնեղությունները։ [...] Եվ ի՞նչ կարիք կա ամեն ինչի համար մտահոգվելու ու տագնապելու։ Ընտրեցեք, խորհուրդ եմ տալիս ձեզ, լավագույն մասը (հմմտ. Ղկս 10, 41-42). ականջ դրեք մեր խոնարհ խոսքերին (հմմտ. Ղկս 10, 39)։ Թող որ դուք, որդիներ իմ, ողջ լինեք Տիրոջ մեջ և ուրախանաք երկյուղի մեջ (հմմտ. Սղմ 2, 11) [...] Քրիստոս Հիսուսի՝ մեր Տիրոջ, որին են պատկանում փառքն ու զորությունը՝ Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։