« ԵԹԵ ՄԵԿԸ ՍԻՐՈՒՄ Է ԻՆՁ, [...] ՆՐԱ ՄՈՏ ԿԳԱՆՔ ԵՎ ՆՐԱ ՄՈՏ ԿՕԹԵՎԱՆԵՆՔ » – Գրադարան – Mashtoz.org

« ԵԹԵ ՄԵԿԸ ՍԻՐՈՒՄ Է ԻՆՁ, [...] ՆՐԱ ՄՈՏ ԿԳԱՆՔ ԵՎ ՆՐԱ ՄՈՏ ԿՕԹԵՎԱՆԵՆՔ »

Սբ. Թերեզա Ավիլացի (1515-1582). « Տարբեր տեղեկագրեր », 46 և 48.
 
 
[...] Մի օր վայելում էի, հոգու ամփոփման մեջ, այն ընկերությունը, որը միշտ ունեմ հոգուս մեջ. ինձ թվում էր, որ Աստված գտնվում էր այնտեղ, այնպես՝ որ մտածում էի Պետրոս Առաքյալի այն խոսքի մասին. «Դու Քրիստոսն ես, կենդանի Աստծո Որդին» (Մտթ 16, 16), որովհետև Աստված իսկապես կենդանի(*) էր իմ մեջ։
Այս իրողության գիտակցումը չէր նմանվում մյուսներին. սա առավել զորեղ է դարձնում հավատքը։ Այդ պահին անհնարին կլիներ կասկածել, որ Երրորդությունը հոգու մեջ է մի յուրահատուկ ներկայությամբ՝ Իր զորությամբ և Իր էությամբ։ Դա զգալը ծայրաստիճան նպաստավոր է՝ ըմբռնել տալու համար մի այդպիսի ճշմարտություն։ Մինչ ապշում էի՝ տեսնելով մի այսքա՜ն բարձր Վեհություն մի այսքա՜ն անարժեք արարածի մեջ, ինչպիսին որ իմ հոգին է, լսեցի այս խոսքը. «Քո հոգին անարժեք չէ, դուստր իմ, քանի որ իմ պատկերով է ստեղծված» (հմմտ. Ծնդ 1, 27)։
Մի ուրիշ անգամ, ինքս իմ ներսում ի նկատի էի առնում Աստվածային երեք Անձերի այս ներկայությունը։ Լույսն այնքա՜ն վառ էր, որ ոչ մի կասկած չէր թողնում այն բանի վերաբերյալ, որ այնտեղ ներկա էր կենդանի Աստվածը, ճշմարիտ Աստվածը։ [...] Մտածում էի, թե կյանքը որքա՜ն դառն է, որ խանգարում է մեզ՝ մշտապես մնալու այդքա՜ն զմայլելի ընկերության մեջ, և [...] Տերն ինձ ասաց. «Դուստր իմ, այս կյանքից հետո այլևս չես կարողանա ծառայել ինձ միևնույն ձևով։ Ուստի, և՛ երբ ուտում ես, և՛ երբ քնում ես, և՛ երբ որևիցէ մի բան ես անում, արա՛ դա հանուն իմ սիրո, կարծես դու չես այլևս, որ ապրում ես, այլ՝ ես քո մեջ»։ Սա այն է, ինչ հռչակել է Պողոս Առաքյալը (հմմտ. Գղտ 2, 20)։ [...]
(*) Բնագրի եզրը կարող է թարգմանվել նաև, առավել տառացի կերպով, որպես "ապրող", ինչը որ ավելի ընդգծում է կենդանի էակի ակտիվ, գործուն, զգալի ներկայությունը, որի մասին էլ Սրբուհին խոսում է քիչ հետո։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։