« ԱՂՈԹՔԸ ՀՈԳՈՒ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆՆ Է » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՂՈԹՔԸ ՀՈԳՈՒ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆՆ Է »

ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ, Հոգեմարզական ճառեր, 32 (ed. Spanos, pp. 139-140).
 
 
[...] Այն պահին, երբ մարդն աղոթում է, աղերսում է Աստծուն և Նրա հետ զրուցում է, ճիգ գործադրելով՝ հավաքելու համար բոլոր կողմերից [...] իր մտքերը, նա բացվում է միայն Աստծո առաջ և Աստված լցնում է նրա սիրտը: Հայնժամ նա ըմբռնում է անըմբռնելին: Հիրավի, Սուրբ Հոգին [...] փչում է նրա մեջ, մինչև որ աղոթքի իսկ շարժումը կանգ կառնի ամենաբարձր ուշադրության մեջ, իսկ միտքը, իր հիացմունքի մեջ, կբռնվի զմայլանքով և կլցվի սիրով, և կմոռանա իր փափաքն ու իր խնդրանքը: Նրա շարժումներն ընկղմվում են մի խորը արբեցության մեջ: Նա այլևս աշխարհում չէ: Այլևս չի զանազանում հոգու և մարմնի և առարկաների ու իրողությունների հիշողության միջև: Մեծն ու աստվածաշնորհ Գրիգորն ասում է դրա մասին. «Աղոթքը հոգու մաքրությունն է: Այն ինքնուրույն կերպով դադարում է, երբ Ամենասուրբ Երրորդության լույսը հափշտակում է նրան զմայլանքի մեջ»: [...]
 
***
 
ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ, Հոգեմարզական ճառեր, 31 (ed. Spanos, p. 134).
 
 
[...] Ա՛յլ բան է աղոթքի բերկրանքը, և ա՛յլ բան է հայեցողության աղոթքը: Երկրորդն առավել թանկարժեք է, քան առաջինը, այնպես՝ ինչպես հասուն մարդն առավել հառաջադիմյալ է, քան երեխան: Պատահում է, որ սաղմոսներից մեկի նախադասությունները շատ քաղցր են լինում բերանին, և որ աղոթքի ժամանակ միայն մեկ նախադասության արտասանումը թույլ չի տալիս մեզ շարունակել և անցնել մի ա՛յլ նախադասության, այնքա՜ն որ անսպառելի է: Բայց պատահում է նաև, որ աղոթքից ծնվում է հայեցողությունը, որը դադարեցնում է այն, ինչ ասում են շուրթերը: Այդ ժամանակ մարդը հափշտակության մեջ է: Հայեցողությունը նրան դարձնում է անշունչ մարմնի նման: Սա այն է, ինչն անվանում ենք հայեցողության աղոթք: [...] Բայց այս հայեցողության մեջ տակավին մի չափ կա. [...] այն տակավին աղոթք է: Խորհրդածությունը դեռ չի հասել այն կետին, որում այլևս չկա աղոթք, և որն առավել բարձր է: Հիրավի, լեզվի և սրտի շարժումները բանալիներ են աղոթքի մեջ: Բայց այն, ինչը գալիս է հետո, մուտքն է գանձի սենյակ: Այստեղ լռում են ամեն բերան ու ամեն լեզու, և՛ սիրտը, որ հավաքում է մտքերը, և՛ միտքը, որ կառավարում է զգայարաններին, և՛ խորհրդածության աշխատանքը: [...] Թող դադարի դրանց գործունեությունը: [...] Որովհետև եկել է տան Տերը: [...]
 
***
 
ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ, Հոգեմարզական ճառեր, 85 (ed. Spanos, p. 347).
 
 
[...] Սուրբ Հոգին, երբ բնակություն է հաստատում մի մարդու մեջ, նրանից այլևս չի հեռանում [այն պահից սկսած, երբ այդ մարդը դառնում է աղոթք], որովհետև Հոգին Ինքը չի դադարում աղոթել նրանում: Այդ մարդը քնած լինի, թե արթուն, աղոթքն այլևս չի հեռանում իր հոգուց: Ե՛վ ուտելիս, և՛ խմելիս, և՛ քնելիս, կամ ուրիշ որևիցէ մի բան անելիս, և մինչև իսկ ամենախորը քնի մեջ, աղոթքի բույրն առանց ջանքի բարձրանում է նրա սրտում: Աղոթքն այլևս չի հեռանում նրանից: Նրա կյանքի բոլոր պահերին, նաև երբ թվում է՝ թե դադարել է, աղոթքը ծածուկ կերպով անդադար գործում է նրանում: Քրիստոսակիր Հայրերից մեկն ասում է, որ աղոթքը մաքուրների լռությունն է: Արդարև, նրանց մտքերն աստվածային շարժումներ են: Մաքրագործված սրտի ու մտքի շարժումները քաղցրությամբ լի ձայներ են, որոնցով այդպիսի մարդիկ ծածուկ կերպով անդադար երգում են ծածուկ Աստծո համար: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։