« Ի՞ՆՉ Է ԴԺՈԽՔԸ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻ ԴԻՄԱՑ » – Գրադարան – Mashtoz.org

« Ի՞ՆՉ Է ԴԺՈԽՔԸ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻ ԴԻՄԱՑ »

ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ, Հոգեմարզական ճառեր, 60 (ed. Spanos, pp. 245-247).
 
 
 
 
[...] Մի՛ ասա, թե Աստված արդար է: [...] Եթե Դավիթն անվանում է Նրան արդար և ուղղամիտ, Իր Որդին մեզ հայտնել է, որ Նա նախևառաջ բարի է ու հեզ: Նա բարություն է անում չարերին ու ամբարիշտներին (Ղկս 6, 35):
Ինչպե՞ս կարող ես Աստծուն արդար անվանել, երբ կարդում ես աշխատավորներին տրված աշխատավարձի առակը: «Ընկեր, քեզ չեմ զրկում, ես այս վերջինին կամենում եմ տալ այնքան, որքան և քեզ: Կամ թե՝ նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ» (Մտթ 20, 13-15):
Եվ նմանապես, ինչպե՞ս կարող ենք Աստծուն արդար անվանել, երբ կարդում ենք անառակ որդու առակը, որը զեխության մեջ վատնում է իր հոր հարստությունները. և, միայն որովհետև կարոտի զգացումներ է դրսևորում, իր հայրը վազում է դեպի նա, փաթաթվում է նրան և նրան լիակատար իշխանություն է տալիս իր բոլոր ունեցվածքների վրա:
Աստծո մասին այսպիսի բաներ պատմողն ուրիշ ինչ որ մեկը չի եղել, այնպես՝ որ կկարողանայինք կասկածել. Իր իսկ Որդին է դրանք պատմել: Նա է Աստծո մասին այդպիսի վկայություն տվել:
Ո՞ւր է Աստծո արդարությունը: Ահա՛ այն. որ մենք մեղավոր էինք և Քրիստոսը մեռավ մեր համար: [...] Ա՜հ, սքանչելիքներն են մեր Արարչի շնորհի: Ա՜հ, անչափելի բարությունն է, որով պատում է մեղավորների մեր գոյությունը, մեզ վերստին արարելու համար: [...] Նա կրկին ոտքի է կանգնեցնում նրան, ով Իրեն անարգել է ու անպատվել: [...]
Մեղքը դա հարության շնորհը չըմբռնելն է: Ո՞ւր է դժոխքը, որ կարող է տրտմեցնել մեզ: Ո՞ւր է դատապարտությունը, որ կարող է այնքան սարսափեցնել մեզ, որ մինչև իսկ կորցնենք Աստծո սիրո բերկրանքը: Ի՞նչ է դժոխքը հարության շնորհի դիմաց, երբ Նա դուրս կկորզի մեզ դատապարտությունից, այս ապականացու մարմնին կպարգևի անապականությամբ զգեստավորվելու շնորհը, երբ փառքի կբարձրացնի դժոխք ընկած մարդուն: [...]
Ո՞վ երբևէ կարող է բավականաչափ հիանալ մեր Արարչի շնորհով, այնքան՝ որքան արժանի է: Պատիժների փոխարեն, որոնց արդարացիորեն արժանի են մեղավորները, Նա նրանց պարգևում է հարությունը: Մարմինների փոխարեն, որոնք պղծել են Իր օրենքը, Նա նրանց զգեստավորում է փառքով: [...]
Ահա՛, Տե՜ր, ես այլևս չեմ կարող լռել շնորհիդ հորդառատ ալիքների դիմաց: Ներսումս ոչ մի միտք չի մնացել, որով կարող եմ արտահայտել երախտագիտությունը, որ պարտավոր եմ Քեզ: [...] Փա՜ռք Քեզ երկու աշխարհներում, որ ստեղծել ես մեր աճի ու զարգացման և մեր երջանկության համար, Քո մեծամեծ գործերի ճանապարհով առաջնորդելով մեզ դեպի ճանաչումը Քո փառքի: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։