« ՍՐԲԵՐԸ, ԱՍՏԾՈՒՆ ՆՄԱՆՎԵԼՈՎ, ԲՈԼՈՐԻ ՎՐԱ ՀԵՂՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՍԻՐՈ ԳԵՐԱՌԱՏՈՒԹՅՈՒՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՍՐԲԵՐԸ, ԱՍՏԾՈՒՆ ՆՄԱՆՎԵԼՈՎ, ԲՈԼՈՐԻ ՎՐԱ ՀԵՂՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՍԻՐՈ ԳԵՐԱՌԱՏՈՒԹՅՈՒՆԸ »

ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ, Հոգեմարզական ճառեր, 81 (ed. Spanos, p. 307).
 
 
[...] Սա է նշանը, որով ճանաչվում են նրանք, ովքեր հասել են կատարելությանը. նույնիսկ եթե օրեկան տասն անգամ նետվեն կրակի մեջ ի սեր մարդկանց, դա նրանց չի գոհացնի: Այն է, ինչ Մովսեսն ասում է Աստծուն. «Եթե ներելու ես նրանց մեղքը, ների՛ր: Եթե ոչ, ուրեմն իմ անունն էլ ջնջիր այն գրքից, որ գրել ես» (Ել 32, 31): Նաև այն է, ինչ ասում է երանելի Պողոս Առաքյալը. « [...] Քրիստոսից հեռացած, երդումով խնդրում էի ինքս իսկ նզովք լինել իմ եղբայրների և մարմնով ազգակիցների համար [...] » (Հռմ 9, 3):
[...] Եվ մանավանդ Աստված Ինքը, Տերը, այնքա՜ն սիրեց Իր արարածներին, որ Իր սեփական Որդուն հանձնեց խաչի մահվան: «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ նրա համար մահվան հանձնեց Իր Միածին Որդուն» (Հվհ 3, 16): [...] Այսպես նաև Սրբերը, [...] Աստծուն նմանվելով, բոլորի վրա հեղում են իրենց սիրո գերառատությունը: [...]
 
***
 
ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ, Հոգեմարզական ճառեր, 58 (ed. Spanos, pp. 238-239).
 
 
[...] Թո՛ղ, որ հալածեն քեզ, բայց դու մի՛ հալածիր:
Թո՛ղ, որ խաչեն քեզ, բայց դու մի՛ խաչիր:
Թո՛ղ, որ վիրավորեն քեզ, բայց դու մի՛ վիրավորիր:
Թո՛ղ, որ զրպարտեն քեզ, բայց դու մի՛ զրպարտիր:
[...] Ուրախ եղիր նրանց հետ, ովքեր ուրախ են: Եվ արտասվիր նրանց հետ, ովքեր արտասվում են: Սա՛ է [հոգու] մաքրության նշանը:
Տառապիր հիվանդների հետ: Վշտացիր մեղավորների հետ: Ուրախացիր նրանց հետ, ովքեր զղջում են: Բոլորի ընկերը եղիր: Բայց, հոգուդ խորքում, մնա՛ միայնակ: [...] Պատմուճանդ տարածիր նրա վրա, ով մեղքի մեջ է ընկնում, և ծածկիր նրան: Եվ եթե չես կարող քո վրա վերցնել իր սխալը և կրել պատիժը նրա փոխարեն, նրա դեմ [գոնե] մի՛ բռնացիր: [...]
 
***
 
ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ, Հոգեմարզական ճառեր, 23 (ed. Spanos, p. 99).
 
 
[...] Երբ տալիս ես, տուր առատաձեռնորեն, ուրախությամբ լուսավորված դեմքով: Եվ տուր ավելի, քան որքան քեզնից խնդրել են: [...] Տարբերություն մի՛ դիր հարուստի և աղքատի միջև: Մի՛ փորձիր տեղեկանալ, թե ո՛վ է արժանի, իսկ ո՛վ՝ անարժան: Թող որ բոլոր մարդիկ հավասար լինեն քո առաջ, այդպիսով կկարողանաս դեպի բարին ձգել նաև անարժաններին: [...] Տերն ուտում էր մաքսավորների ու պոռնիկների սեղանից: Իրենից չէր հեռացնում անարժաններին, որպեսզի կարողանար դեպի Իրեն ձգել բոլորին: [...] Համարիր, հետևաբար, որ մարդկային բոլոր էակները, նույնիսկ եթե անհավատներ են կամ մարդասպաններ, հավասար են բարու և պատվի մեջ, և որ նրանցից յուրաքանչյուրը քո եղբայրն է ըստ բնության, նույնիսկ եթե, առանց իմանալու, մոլորվել և հեռացել է ճշմարտությունից: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։