
« ՀԱՎԱՏՔԻ ՆԱՎԱԿԸ ՆՍՏԵԼ ԵՎ ԱՆՎԱԽ ԹԻԱՎԱՐԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԹՈՐԿԱԼԻ ԾՈՎՈՒՄ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
Սբ. Կատարինե Սիենացի (1347-1380). « Նամակ 140, Եղբ. Ռ. Քափուացուն », թիվ 94.
[...] Հարկավոր է մերկանալ ինքներս մեզնից, զգեստավորվել Խաչված Քրիստոսով, Սրբագույն Հավատքի նավակի մեջ նստել և անվախ թիավարել աշխարհի փոթորկալի ծովում։ Որովհետև ով գտնվում է այս նավակի մեջ, չպետք է ծառայական վախ ունենա. իր նավակն օժտված է բոլոր պաշարներով, որ հոգին կարող է ցանկանալ։
Երբ գալիս են մեր վրա հարձակվելու հանդիպակաց քամիները և հնարավորություն չեն տալիս մեզ իսկույն գոհացնելու [մեր] փափագները, չպետք է կորցնենք մեր հոգու խաղաղությունը, այլ՝ պետք է կենդանի հավատք ունենանք. քանի որ բավականաչափ կերակուրով ապահովված ենք, և մեր նավակն այնքա՜ն ամուր է, որ ամենասոսկալի քամիներն անգամ, այն դեպի խութերը հրելով, երբեք չեն կարողանալու խորտակել այն։
Ճիշտ է, որ նավակը հաճախ ծածկվելու է ծովի ալիքներով, բայց ո՛չ՝ որպեսզի կորցնենք քաջությունը. դա նրա համար է, որ ավելի լավ ճանաչենք ինքներս մեզ և առավել կատարյալ կերպով զանազանենք անդորրը փոթորիկից։ Անդորրի ժամանակ չպետք է կանոնազուրկ վստահություն ունենանք, այլ՝ պարտավոր ենք – սուրբ երկյուղով – դիմել խոնարհ ու շարունակական աղոթքների [օգնությանը], և վառ բաղձանքով հետամուտ լինել Աստծո փառքին և հոգիների փրկությանը՝ Խաչի նավակի վրա։ Սրա համար է Աստված թույլ տալիս դևերին, մարմնին ու աշխարհին՝ հասնել մեր ետևից և մեզ խռովալի ալիքներով ծածկել։
Բայց եթե հոգին, որ գտնվում է այս նավակի վրա, չի մնում եզրին կանգնած, այլ՝ տեղավորվում է կենտրոնում՝ Խաչված Քրիստոսի հրավառ սիրո վիհի մեջ, նրան ոչ մի չարիք չի պատահում. ընդհակառակը՝ ավելի ուժեղ է դառնում, ավելի քաջ՝ ջանք ու հոգնություն և աշխարհի անարդար հանդիմանությունները կրելու հարցում, որովհետև փորձած ու ճաշակած է լինում Աստվածային Նախախնամության օգնությունը։
Մերկացեք, ուստի, սեփական անձի սիրուց և զգեստավորվեցեք Խաչված Քրիստոսի վարդապետությամբ։ Աղերսում եմ ձեզ, ուզում եմ, որ Ամենասուրբ Խաչի այս նավակի մեջ մտնեք և որ այս փոթորկալի ծովը կտրեք անցնեք կենդանի և արթուն հավատքի լույսի ներքո։ [...]