« ԱՍՏՎԱԾ ԲԱԽՈՒՄ Է ՔՈ ԿԱՄՔԻ ԴՈՒՌԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏՎԱԾ ԲԱԽՈՒՄ Է ՔՈ ԿԱՄՔԻ ԴՈՒՌԸ »

Սբ. Կատարինե Սիենացի (1347-1380). « Մարամը՝ բերրի հող ».

 

[...] Ո՜վ Մարիամ, Աստծո զորությունն ու ազատությունը այսօր երևում են քո մեջ։ Որովհետև ահա՛, աստվածային խորհրդի այսքա՜ն ծանր ու մեծ որոշումից հետո, հրեշտակն ուղարկվում է քո մոտ՝ հայտնելու համար այս խորհրդի գաղտնիքը և հայցելու քո համաձայնությունը. և Բանը(1) չի իջնում քո արգանդի մեջ, քանի դեռ դու չես տվել քո ազատակամ համաձայնությունը. Նա սպասում է քո կամքի դռան առաջ, որը դու սիրով բացում ես Նրան, Ով փափագում է գալ քո մեջ։ Եվ Նա երբեք ներս չէր մտնի, եթե դու Նրա առաջ դուռը բացած չլինեիր քո պատասխանով. «Տիրոջ աղախինն եմ. թող որ քո խոսքի համաձայն լինի ինձ»։

Ապշեցուցիչ փաստ մեր կամքի ուժի ու ազատության։ Առանց դրա չի կարող կատարվել ո՛չ բարին, ո՛չ չարը. ո՛չ սատանան, ո՛չ արարածները չեն կարող ստիպել նրան մեղանչելու, եթե նա չի կամենում. ինչպես նաև, ոչինչ չի կարող ստիպել նրան անելու նվազագույն բարիքն անգամ, եթե ինքը հրաժարվում է։ Այո՛, իսկապես ազատ է՝ մարդկային այս կամքը, որին ոչինչ չի կարող հարկադրել՝ գործելու բարին կամ չարը, առանց իր համաձայնության։

Քո կամքի դռանը բախեց, ո՜վ Մարիամ, հավիտենականն Աստված, և եթե դու չկամենայիր բացել, Աստված չէր մարմնանա քո մեջ։

Ամո՛թ զգա(2), ուրեմն, հոգի իմ, երբ տեսնում ես այսօր, որ Աստված Ինքը մոտենում է քեզ հանձինս Մարիամի. այսօր կարող ես տեսնել, որ – թեև ստեղծվել ես առանց քո կամքի – չես փրկվելու, եթե չտաս կամքիդ համաձայնությունը, քանի որ Աստված բախում է դռանը, սպասելով, որ Մարիամը(3) համաձայնվի բացել: [...]

(1) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։
(2) Բառացի՝ կարմրիր։
(3) Այսինքն՝ հոգին Մարիամի նմանությամբ։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։