« ԶԱԿՔԵՈՍՆ ԱՌԱՋ ՎԱԶԵՑ ԵՎ ... ՄԻ ԺԱՆՏԱԹԶԵՆՈՒ ՎՐԱ ԲԱՐՁՐԱՑԱՎ » – Գրադարան – Mashtoz.org

« ԶԱԿՔԵՈՍՆ ԱՌԱՋ ՎԱԶԵՑ ԵՎ ... ՄԻ ԺԱՆՏԱԹԶԵՆՈՒ ՎՐԱ ԲԱՐՁՐԱՑԱՎ »

Սբ. Կատարինե Սիենացի (1347-1380). Նամակ 119, Օլիվետյան միաբանության վանահորը, թիվ 73.

 
[...] Ահա՛ մի քաղցրահամ դեղորայք, երբ սիրտն ուժասպառ ու կարկամած է. պետք է Զակքեոսի նման վարվենք, որ բարձրահասակ չէր, և որ մի ծառի վրա բարձրացավ՝ Աստծուն տեսնելու համար։ Իր եռանդն իր համար արժանացավ այս քաղցրալուր խոսքին. «Շուտով ցած իջիր, Զակքեոս, որովհետև այսօր քո տանն եմ օթևանելու»։
Այսպե՛ս պետք է վարվենք, երբ ցածր ենք, երբ կքված սիրտ ունենք և սակավ սեր. պետք է Սրբազնասուրբ Խաչի ծառը բարձրանանք, և այնտեղ կտեսնենք և կհպվենք Աստծուն, և այնտեղ կգտնենք Իր անճառելի սիրո հուրը. այն սերը, որն Իրեն մղեց վազելու՝ փարվելու Խաչի չարչարանքներին. այն սերը, որն Իրեն խայտանքով լցրեց և քաղցի ու ծարավի սաստիկ տոչորմամբ ցանկալ տվեց Իր Հոր պատիվն ու մեր փրկությունը։ [...]
Եթե կամենանք, եթե մեր ծույլ անհոգությունը մեզ չխոչընդոտի, կկարողանանք, Խաչի ծառը բարձրանալով, ինքներս մեր մեջ իրականացնել այս խոսքը, որ դուրս է ելել Ճշմարտության բերանից. «Երբ վեր բարձրանամ, ամեն բան դեպի ինձ կձգեմ» (Հվհ 12, 32)։ Պետք է որ ադամանդի նման կարծր սիրտ ունենանք, որ կարողանանք չհուզվել այսքա՜ն մեծ սիրո դիմաց։
Հազիվ է սիրտն այս նետի մխրճմամբ վիրավորվում, իսկույն կրկին ոտքի է կանգնում իր ողջ ուժով, և ո՛չ միայն մարդը մաքրագործվում է, այլ՝ հոգին, որի համար Աստված արեց ամեն բան, մերկացվում է իր անկատարություններից։ [...]
Բարձրացե՛ք այս Սրբազնասուրբ Ծառը, որտեղ են գտնվում հասուն պտուղները բոլոր առաքինությունների, որոնց կրողը Աստծո Որդու Մարմինն է։ Վազե՛ք բոցավառ սլացքով։ Աստծո սուրբ և քաղցր սիրո մեջ մնացեք. քա՜ղցր Հիսուսի, սե՜ր Հիսուսի։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։