« ՁԵՐ ԳԼԽԻ ՄԱԶԵՐՆ ԱՆԳԱՄ ԲՈԼՈՐԸ ՀԱՇՎՎԱԾ ԵՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ՁԵՐ ԳԼԽԻ ՄԱԶԵՐՆ ԱՆԳԱՄ ԲՈԼՈՐԸ ՀԱՇՎՎԱԾ ԵՆ »

Սբ. Կատարինե Սիենացի (1347-1380). " Երկխոսություն Աստվածային Նախախնամության մասին ", 18.

 

 

[...] (Սրբուհի Կատարինեն լսում է, թե ինչպե՛ս է Աստված իրեն ասում). «Ոչ ոք չի կարող փախչել իմ ձեռքից։ Որովհետև Ես Նա Եմ, Ով Եմ (Ել 3, 14), մինչդեռ դուք ինքներդ ձեզնից չեք. գոյություն ունեք այն չափով, որքանով որ ստեղծված եք իմ կողմից։ Ես արարիչն եմ այն ամեն ինչի, որ մասնակցում է գոյությանը, բացառությամբ մեղքի, որը գոյություն չէ, և հետևաբար՝ ստեղծված չէ իմ կողմից։ Եվ քանի որ այն իմ մեջ չէ, արժանի չէ սիրված լինելու։ Արարածն ինձ վշտացնում է միայն այն ժամանակ, երբ սիրում է այն, ինչը որ չպետք է սիրի, այսինքն՝ մեղքը։ [...] Մարդկանց համար անհնարին է դուրս գալ ինձնից. կա՛մ օթևանում են իմ մեջ՝ արդարության աքցանի ներքո, որը պատժում է իրենց հանցանքները, կա՛մ էլ՝ օթևանում են իմ մեջ՝ ողորմությանս կողմից պահպանված։ Բացի՛ր, ուրեմն, իմացականությանդ աչքը և նայի՛ր իմ ձեռքին. կտեսնես, որ քեզ ճշմարտությունն եմ ասում»։

Այդ ժամանակ, բացելով հոգու աչքը՝ հնազանդվելու համար Ամենաբարձրյալ Հորը, տեսնում էի ողջ տիեզերքն Իր աստվածային ձեռքի մեջ փակված։ Եվ Աստված ինձ ասում էր. « Դուստր իմ, այժմ տեսնում և իմանում ես, որ ոչ ոք չի կարող փախչել ինձնից։ Բոլորն այստեղ պահվում են արդարության կամ ողորմության կողմից, որովհետև իմն են, ստեղծված են իմ կողմից, և ես նրանց սիրում եմ անսահմանորեն։ Ինչպիսին էլ որ լինի նրանց չարությունը, նրանց հանդեպ, հետևաբար, ողորմություն եմ գործի դնելու՝ իմ ծառաների պատճառով. ընդունելու եմ խնդրանքը, որ ներկայացրեցիր այդքա՜ն սիրով ու ցավով»։ [...]

Այդ ժամանակ իմ հոգին, կարծես արբեցության մեջ և ինքն իրենից դուրս, Նրա հանդեպ փափագի միշտ ավելի մեծ հրայրքով, ինքն իրեն զգում էր միաժամանակ երանելի ու վշտահար։ Երանելի՝ այն միության պատճառով, որ ունեցել էր Աստծո հետ, ճաշակելով Նրա բերկրանքն ու Նրա բարությունը, ամբողջովին ընկղմված Նրա ողորմության մեջ։ Վշտահար՝ որովհետև տեսնում էի այդքա՜ն բարությունը վիրավորված։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։