« ՃԱՆԱՉԵԼ ԱՍՏԾՈՒՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ » – Գրադարան – Mashtoz.org

« ՃԱՆԱՉԵԼ ԱՍՏԾՈՒՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ »

Սբ. Կատարինե Սիենացի (1347-1380). « Արցունքների պարգևը », III, 90.

 

[...] [Սրբուհի Կատարինեն լսեց, թե ինչպե՛ս էր Աստված իրեն ասում.] Ձեր անձերի ճանաչմամբ ու ատելությամբ, և իմ Բարության ճանաչմամբ է, որ հասնում եք կատարելությանը. ուստի լավագույն պահը, որ հոգին գիտի, որ ես իր մեջ եմ, հենց այս պայքարի պահերն են։ Եվ ինչպե՞ս։ Կասեմ ձեզ։

Եթե, իրեն այս պայքարների մեջ տեսնելով, հստակ կերպով գիտակցում է, որ այս հարձակումներն իրեն տհաճություն են պատճառում, և որ միաժամանակ իրենից կախում չունի դրանցից ազատվելը, մերժելով հանդերձ համաձայնություն տալ դրանց, կարող է այդ ժամանակ հասկանալ, որ ինքը ոչինչ է։

Արդարև, եթե ինչ որ մի բան լիներ ինքն իր մեջ, կպաշտպանվեր այս փորձություններից, որոնց չէր ուզենա ենթարկվել։ Այսպես, այս միջոցով, խոնարհվում է իր սեփական անձի ճշմարիտ ճանաչողության մեջ, և սրբազնասուրբ Հավատքի լույսի ներքո, գալիս է Իմ՝ հավիտենական Աստծո մոտ, որի Բարությունն ուղիղ և սուրբ է պահում նրա կամքը, թույլ չտալու համար – բազմաթիվ հարձակումների ժամանակ – , որ ընկրկի թշնամու առջև՝ համաձայնություն տալով փորձություններին, որոնց կողմից իրեն պաշարված է զգում։

Ձեզ նպաստավոր է, հետևաբար, մխիթարվել սիրո իմ քաղցր Բանի՝ իմ Միածին Որդու(1) վարդապետությամբ, տրտմության կամ նեղությունների, կամ մարդկանցից ու դևից եկող փորձությունների պահերին. քանի որ սրանք են միջոցները՝ ձեր առաքինությունն ավելացնելու և ձեզ հասնել տալու համար մեծ կատարելությանը։ [...]

 

(1) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։