« ՄԵԿԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՐՅՈՒՐ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԵԿԻ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՐՅՈՒՐ »

Սբ. Կատարինե Սիենացի (1347-1380). « Հնազանդությունը », VII, 160.

 

[Սրբուհի Կատարինեն լսում է, թե ինչպե՛ս է Աստված իրեն ասում.] Պետրոսին, որ Իրենից հարցնում էր, թե. «Վարդապետ, մենք ամեն ինչ թողեցինք և եկանք Քո ետևից։ Փոխարենը ի՞նչ ենք ստանալու», իմ Ճշմարտությունն այս պատասխանը տվեց. «Մեկի փոխարեն հարյուրն եմ տալու ձեզ, և ունենալու եք հավիտենական կյանքը» (հմմտ. Մրկ 10, 28֊30)։ Կարծես ասելու լիներ. «Ճիշտ վարվեցիր, Պետրոս, որ ամեն ինչ թողեցիր, որովհետև ա՛յլ կերպ չէիր կարողանա հետևել ինձ. բայց Ես այս կյանքում մեկի փոխարեն հարյուրը կտամ քեզ»։

Եվ ո՞րն է այս հարյուրապատիկը, սիրասուն դուստր իմ, որին հետո հաջորդում է հավիտենական կյանքը։ Ո՞րն էր Իր միտքը և ի՞նչ էր կամենում ասել իմ Ճշմարտությունը։ Երկրային բարիքների մասի՞ն էր խոսում։ Ո՛չ միայն և ո՛չ առաջնային իմաստով, թեև երբեմն բազմացնում եմ երկրային բարիքներն ի նպաստ նրանց, ովքեր առատաձեռն են ողորմության գործում։ Բայց խոսքն ինչի՞ մասին է, ուրեմն։ Լավ լսիր. նա, ով տալիս է իր սեփական կամքը, ինձ տալիս է «մեկ» բան. իր կամքը։ Եվ ես, այս միակ բանի փոխարեն, նրան «հարյուրապատիկն» եմ հատուցում։

Ինչո՞ւ հարյուր թիվը։ Որովհետև հարյուրը կատարյալ թիվ է, և նրա վրա չես կարող ավելացնել ոչինչ, եթե ո՛չ միայն՝ որ վերսկսես հաշվել մեկից։ Նմանապես, սերը կատարելագույն է՝ բոլոր առաքինություններից գերիվեր, քանի որ անհնարին է բարձրանալ ավելի կատարյալ մի առաքինության։ Եվ անհնարին է նրա կատարելությանը ինչ որ մի բան ավելացնել, եթե ո՛չ միայն՝ վերադառնալով սեփական անձի ճանաչողությանը, վերսկսելու համար արժանիքների մի նոր հարյուրակ, բայց միշտ հասնում ես «հարյուր» թվին և կանգ ես առնում։ Սա այն հարյուրապատիկն է, որ պարգևում եմ նրանց, ովքեր ինձ տվել են իրենց կամքի «մեկ»ը, և՛ ընդհանուր, և՛ մասնավոր հնազանդության մեջ։

Այս հարյուրապատիկով է, որ դուք ունեք հավիտենական կյանքը։ [...] Հարյուրապատիկը աստվածային սիրո հուրն է։ Եվ որովհետև ինձնից ստացել են հարյուրապատիկը, գտնվում են արտակարգ ուրախության մեջ, որն ամբողջությամբ լցնում է նրանց սիրտը։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։