« ՄԻ՞ԹԵ ԿԱՐՈՂ Է ԿՈՒՅՐՆ ՈՒՐԻՇ ԿՈՒՅՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԵԼ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԻ՞ԹԵ ԿԱՐՈՂ Է ԿՈՒՅՐՆ ՈՒՐԻՇ ԿՈՒՅՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԵԼ »

Սբ. Կատարինե Սիենացի (1347-1380). Նամակ Նեապոլսի թագուհուն, թիվ 317.

 

[...] Նա, ով հիմնված է Ճշմարտության ճանաչողության վրա, այսինքն՝ Քրիստոսի, անո՜ւշ Հիսուսի, կստանա ու կվայելի իր հոգու խաղաղությունն ու հանգիստը Սիրո հանդեպ սիրո մեջ։ Այս Սերը հոգին ստանում է այս ճանաչողության միջոցով։ Երկու հիմնական կերպեր կան այս ճշմարտության ճանաչման համար։

Առաջին հերթին, հարկավոր է ընդունել, որ գոյություն ունեցող ամեն ինչ պետք է սիրվի Աստծո մեջ և Աստծո համար, Ով Ինքնին Ճշմարտությունն է, և առանց Նրա ոչինչ գոյություն չունի։ Ով բաժանվում է Ճշմարտությունից, ընթանում է կեղծիքի արահետով, հետևելով դևին, որ դրա հայրն է։ Ես ասում եմ, որ ճշմարտությունը ճանաչելու հատկապես երկու ձև կա։ Առաջինը ճանաչելն է ճշմարտությունը Աստծո, Ով մեզ սիրում է անճառելի սիրով։ Մեզ սիրեց նախքան մեր աշխարհ գալը. մեզ հանուն սիրո ստեղծեց, որպեսզի ունենայինք հավիտենական կյանքը և ընդմիշտ վայելեինք կատարյալ երջանկությունը։ Սա է՛ր և սա է՛ ճշմարտությունը։ Ի՞նչն է փաստում, որ սա այսպես է։ Մեր համար այսքա՜ն բոցավառ սիրով հեղված Արյունը։ [...]

Ապա հարկավոր է, որ ճշմարտությունը ճանաչենք ու տեսնենք մեր մերձավորի մեջ՝ մեծերի ու փոքրերի, ծառաների ու տերերի։ Երբ մերձավորին տեսնում ենք ինչ որ մի բան անելիս, և նա մեզ էլ հրավիրում է նույնը անելու, պարտավոր ենք քննել, թե արդյո՞ք այդ բանը հիմնված է ճշմարտության վրա, թե ո՛չ, և ո՞րն է այդ բանն անելու պատճառը։ Ով սա չի անում, վարվում է իբրև մի անմիտ, ինչպես մի կույր, որ հետևում է մի ուրիշ կույրի, ստի ու կեղծիքի կողմից առաջնորդված, և ցույց է տալիս, որ ճշմարտությունը չունի ինքն իր մեջ և այն չի փնտրում։ Կան ոմանք, որ այնքա՜ն անխելք են, որ այս բանի համար կորցնելու են հոգու և մարմնի կյանքը, իրենց երկրային բարիքների հետ միասին, և դրա համար չեն մտահոգվում, որովհետև կույր են և չգիտեն այն, ինչ պետք է իմանային. քայլում են խավարի մեջ։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։