« ՇԱՏԵՐԸ ԿԳԱՆ ԻՄ ԱՆՈՒՆՈՎ [...]. ՉՀԵՏԵՎԵՔ ՆՐԱՆՑ » – Գրադարան – Mashtoz.org

« ՇԱՏԵՐԸ ԿԳԱՆ ԻՄ ԱՆՈՒՆՈՎ [...]. ՉՀԵՏԵՎԵՔ ՆՐԱՆՑ »

Սբ. Կատարինե Սիենացի (1347-1380). Նամակ 120, Ն. Դի Գուիդա, Յ. Դի Ձեռռի, Ն.֊Յ. Դի Վաննուչո վանականներին, թիվ 74.

 
[...] Հայրն Աստված, Իր սիրո կրակից մղված, ուղարկեց Բանը՝ Իր Միածին Որդին, որ եկավ հրեղեն կառքի նման, սփռելով Հոր անճառելի սիրո ու հավիտենական ողորմության բոցերը, ուսուցանելով մեզ Ճշմարտության ուսմունքը և ցույց տալով մեզ սիրո ճանապարհը, որին պետք է հետևենք։ Նա ասել է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը, կյանքը։ Ով ընթանում է իմ միջոցով, խավարի միջով չի անցնում, այլ՝ գալիս է լույսի մեջ» (հմմտ. Հվհ 14, 6; 8, 12)։ Եվ հենց այսպես է, որովհետև ով հետևում է այս ճանապարհին ճշմարտությամբ, ստանում է շնորհի կյանքը և քայլում է Սուրբ Հավատքի լույսի մեջ. և այս լույսով հասնում է Աստծո հավիտենական տեսությանը։ [...]
Շատերը կան, որ կամենում են հեռանալ և չհետևել Նրան. ուզում են քայլել առանց առաջնորդի, ո՛չ Նրա ետևից, մի նոր արահետ բռնելով և ցանկանալով ծառայել Աստծուն ու ձեռքբերել առաքինությունը առանց ջանքի։ Բայց սխալվում են, որովհետև Նա՛ է ճանապարհը։ Իրենք ուժեղ ու տոկուն չեն, տկարանում են և ճակատամարտի պահին վար են գցում իրենց զենքերը՝ զենքերը խոնարհ ու անդադար աղոթքի, հրավառ սիրո, կամքի սուրը, որով պաշտպանվում ենք և որը երկու սայր ունի. մոլությունների հանդեպ ատելությունն ու առաքինությունների հանդեպ սերը. [...] այսպիսիները փառք չեն ստանում, այլ՝ ամոթ ու շվարում, քանի որ չեն հետևում Խոսքի ուսմունքին, այլ՝ հեռանում են նրանից, ցանկանալով ընթանալ – Իր ճանապարհի փոխարեն – ա՛յլ ճանապարհով։
Պետք է, հետևաբար, հավատարիմ լինենք Իրեն և սիրենք Իրեն ճշմարտությամբ, ո՛չ թե պատժի վախից մղված, որով պատժվում է նա, ով չի սիրում, ո՛չ էլ մղված այն օգտակարությունից ու հաճույքից, որն հոգին գտնում է սիրո մեջ, այլ միմիայն՝ որովհետև գերագույն Բարիքն արժանի է սիրված լինելու։ [...]
Սա՛ է ճանապարհը, որ ուսուցանել է մեզ՝ տալով մեզ խոնարհության, հնազանդության, համբերության, ուժի ու հարատևության ուսմունքը։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։