« ԱՍՏՎԱԾ ՀՈՒԶՎՈՒՄ Է, ԵՐԲ ՄԱՐԴԸ ՏԵՎԱԿԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ԻՐ ՀԱՆԴԵՊ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏՎԱԾ ՀՈՒԶՎՈՒՄ Է, ԵՐԲ ՄԱՐԴԸ ՏԵՎԱԿԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ԻՐ ՀԱՆԴԵՊ »

Սբ. Հիլդեգարդ Բինգենացի (1098-1179). « Աստվածային գործերի մատյանը », 6.

 

[...] Տարբեր գործառույթներ ունեն բոլոր առաքինությունները, բայց մեկ միակ նպատակակետ. երանությունը։ Առաքինություններն, իրոք, տարբեր ձևերով են աճում կազմավորման ընթացքում։ Բոլորն էլ Աստծո գիտության մեջ են(1), ձգտում են դեպի այս գիտությունը, և օգնում ու օժանդակում են մարդուն իր և՛ հոգևոր, և՛ մարմնական կարիքների մեջ։ Երբ Տիրոջ երկյուղը ներշնչում է մարդուն, նա սկսում է պատվել իր Աստծուն, և առաջադիմում է իմաստության մեջ` բարի և արդար գործեր կատարելով։

Աստված հուզվում է, երբ մարդը տևական վստահություն է դրսևորում Իր հանդեպ, և Իր հանդեպ այս տևական վստահության չափով անդադար բարձրացնում է նրա մտքերը դեպի Ինքը. իրենց հարատևությամբ է, որ հավատավորների հոգիները ուժ են ձեռքբերում։ [...] Վստահությամբ սնուցվող հավատքը [դեպի իրեն] է ձգում բոլոր առաքինությունները, և սափորի մեջ հոսել է տալիս գինին(2), որն իբրև խմիչք է ծառայում մարդկանց համար։ Ահա՛ թե ինչո՛ւ հավատավորները ցնծում են բերկրանքով, վստահասիրտ` հավիտենական կյանքի հույսի մեջ։ Իբրև մարտադրոշ կրում են իրենց կողմից կատարված բարի գործերը։

Աստվածային արդարության ծարավն ունենալով, նրա կրծքից ծծում են սրբությունը և երբեք չեն կարող հագենալ, եթե անդադար չեն վայելում Աստծո տեսությունը, քանի որ սրբությունը գերազանցում է մարդկային հասկացողությանը։ Երբ մարդն ընդունում է ուղղամտությունը, ջանք է գործադրում ապրելու ճշմարտության համաձայն, մոռանում է ինքն իրեն, վայելքով ուտում և խմում է առաքինությունները, որոնք ուժեղացնում են իրեն, ինչպես որ գինին է լցնում երակները նրա, ով խմում է, բայց երբեք չի ենթարկվում չափազանցված մոլությանը ստրկանալու վտանգին, ինչպես որ գինով արբած մարդը կորցնում է ինքնատիրապետությունը և չի հասկանում, թե ի՛նչ է անում։ Քանի որ հավատքի անձինք սիրում են Աստծուն, սիրով, որը հոգնածություն չի ճանաչում, այս սերը հարատևում է երանության մեջ։ [...]

(1) Խոսքը ներքին և ներանձնական ճանաչողության մասին է։
(2) Սափորը մարդու սրտի խորհրդապատկերն է, գինին` Սուրբ Հոգու։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։