
« ՁԵՐ ՏՐՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐԿՐԱՆՔԻ ԿՓՈԽՎԻ » (Հվհ 16, 20)
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
Սբ. Հիլդեգարդ Բինգենացի (1098-1179). « Աստվածային գործերի մատյանը », 6.
[...] [Սրբուհի Հիլդեգարդը ներկայացնում է մի տեսիլք, ուր մոլությունն ու առաքինությունը երկխոսում են].
– Տրտմությունը. «Ավա՜ղ, ինչո՞ւ ստեղծվեցի, ինչո՞ւ եմ ապրում։ Ո՞վ կօգնի ինձ։ Ո՞վ կազատի ինձ։ Եթե Աստված ճանաչեր ինձ, այսքա՜ն բազմաթիվ վտանգների չէի ենթարկվի։ Վա՜յ ինձ, եթե վստահեմ Աստծուն. Նա ինձ երջանկություն չտվեց։ Վա՜յ ինձ, եթե ուրախանամ Նրա հետ. Նա մեզնից չի հեռացնում դժբախտությունը։ [...] Եթե իմ Աստվածն է, ինչո՞ւ է ինձ Իր շնորհից զրկում։ Եթե ինձ ինչ որ մի բարիք տար, կիմանայի դա։ Արդ, ես չգիտեմ, թե ի՛նչ եմ ես։ Ստեղծվել եմ ապաշնորհության մեջ, ծնվել եմ ապաշնորհության մեջ, ապրում եմ առանց որևէ մխիթարության։ Ա՜հ, ի՞նչ օգուտ ունի կյանքն առանց ուրախության»։
– Երկնային բերկրանքը. «Աստված մարդուն ստեղծել է լույսով լի։ [...] Ի նկատի առ, թե ինչպիսի՜ բարօրություն է Աստված տվել մարդուն։ Ո՞վ է տալիս քեզ այն, ինչը որ ունես, եթե ո՛չ` Աստված։ Երբ փրկությունն այնտեղ է` քո համար, ասում ես, թե անեծք է, և երբ ամեն ինչ լավ ընթացքի մեջ է քո համար, ասում ես, թե ամեն ինչ վատ է ընթանում։
Ես գովաբանում եմ Աստծո բոլոր գործերը, որոնք վշտի աղբյուր են քո համար։ Մինչ դու տխուր ես քո բոլոր գործերի մեջ, ես իմ բոլոր գործերը հանձնում եմ Աստծուն, քանի որ տրտմություն կա, որի մեջ ուրախություն է գտնվում, և ուրախություն կա, որի մեջ ոչ մի շահ չկա։ [...]
Առանց Հոգու փչման, բոլոր կենդանի ուժերը ցամաքում են։ Տխուր հոգին ամեն ինչ ընդունում է տրտմությամբ, և չի կամենում որևէ ուրախություն գտնել դրանց մեջ, չի կանչում ընկերներից մեկին ուրախությամբ, չի հանդարտեցնում թշնամիներին, այլ` փակվում է [իր] ցավի անձավի մեջ, որովհետև վախենում է բոլոր նրանցից, ովքեր անցնում են [իր] մոտով։ Կարծես մեռած լինի, քանի որ չունի Երկնքի բաղձանքը»։ [...]