
« ՊԱՅՔԱՐԵԼ` ՄՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏԾՈ ՄԵՋ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
Սբ. Հիլդեգարդ Բինգենացի (1098-1179). « Աստվածային գործերի մատյանը », 6.
[...] [Սրբուհի Հիլդեգարդը ներկայացնում է մի տեսիլք, որի մեջ մոլությունն ու առաքինությունը խոսում են իրար հետ.]
– Ծույլ հեղգությունն ասում է. «Ոչ մի քաջարի քայլ հանձն չեմ առնի, քանի որ վախենում եմ աքսորվելուց և հովանավորներից զրկվելուց։ Եթե ենթարկեմ ինձ այլոց կողմից արհամարհվելու վտանգին, կկորցնեմ ապրուստի միջոցները և առանց ընկերների կմնամ։ Պատվում եմ ազնվականներին ու հարուստներին, սրբերով ու աղքատներով չեմ զբաղվում, քանի որ ինձ ոչինչ տալ չեն կարող։ Ուզում եմ խաղաղության մեջ լինել բոլորի հետ, որպեսզի չենթարկվեմ մեռնելու վտանգին։ Եթե պայքարեմ, կարող են վրեժ լուծել. եթե վատություն անեմ, ինձ ավելի շատը կանեն։ Կմնամ հանգիստ. եթե ինձ լավություն են անում, կամ վատություն, չեմ պատասխանում։ Իմ համար երբեմն ավելի լավ է ստելն ու խաբելը, քան թե ճշմարտությունն ասելը. ավելի լավ է շահելը, քան թե կորցնելը, և ուժեղներից խուսափելը, քան թե նրանց դեմ պայքարի մեջ մտնելը։ Ինչո՞ւ սկսեմ մի ձեռնարկ, որը չեմ կարողանալու կատարել»։ [...]
– Հաղթանակը [կամ քրիստոնեական արիությունը] պատասխանում է. «Վախի պատճառով մտովի թափառելով, բանականությունդ կորցրած, ինքնակամ մեկնեցիր աքսոր, և խաբեցիր մարդուն։ [...] Ազնիվ չես բնավ։ Ես ձեռքս բռնած եմ պահում Աստծո առաքինությունների սուրը, որով հակահարված եմ տալիս անարդարություններին։ [...] Պարապ ու դատարկ կյանք չեմ ուզում աշխարհի փոշու և ունայնության մեջ, այլ` տենչում եմ գնալ դեպի ցայտող աղբյուրը։ [...] Աստվածային Գրվածքներում բովանդակված խորհրդի միջոցով մարտնչում եմ հինավուրց օձի ու իր արբանյակների դեմ, որպեսզի մնամ ճշմարիտ Աստծո մեջ»։ [...]
Հեղգությունը հետևում է կարծրությանը տգեղ բծի նման։ Հեղգ մարդը չի կամենում դիմադրել մոլություններին, այլ` դրանք ձգում է դեպի ինքը` իր ծուլությամբ։ Տկարամիտներն, իրենց անարժեքության մեջ, կարծում են, թե ազնիվ են, մինչ սիրում են ոչինչ չանող պարապորդությունը, չեն մտածում ինչ որ մի բարիք անելու մասին, փոխարենը` ջանք ու եռանդ չեն խնայում չարախոսության մեջ, անձնատուր են լինում նենգամիտ բամբասանքների ու բանսարկությունների, և դրանք այն աստիճան են փրփրացնում, որ այդ ամենն ամբողջությամբ զբաղեցնում է իրենց սիրտը։ Վստահության տեղը, որ պետք է ունենային Աստծո և ուրիշների օգնության հանդեպ, նախընտրում են սեփական քմահաճույքը։ [...]