« ԱՂՈԹՔ ԲՈԼՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՂՈԹՔ ԲՈԼՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ »

Սբ. Հովհաննես Կասսիանոս (մոտ 360-435). « Աղոթքի մասին », 10 (SC 54).

 

[...] Աստծո մասին մտածելու [գործողության] մեջ մշտապես մնալու համար հարկավոր է, որ շարունակաբար կատարեք(1) աղոթքի այս բանաձևը. «Աստվա՜ծ իմ, ինձ օգնությա՜ն հասիր. շտապի՜ր, Տե՜ր, թիկունք կանգնելու ինձ»։ Առանց պատճառի չէ, որ այս կարճառոտ նախադասությունը յուրահատուկ կերպով մեջբերված է Սուրբ Գրվածքների ամբողջ բովանդակության մեջ։ Այն արտահայտում է բոլոր զգացմունքները, որոնք կարող է ունենալ մարդկային բնությունը. հեշտությամբ հարմարվում է բոլոր իրավիճակներին, և պատշաճ է ամեն տեսակ փորձությունների դեպքում։

Նրանում գտնվում է Աստծուն ուղղված կոչը` բոլոր վտանգների դեմ, մի խոնարհ ու բարեպաշտ խոստովանություն, արթուն հսկողությունը մի հոգու, որը միշտ ուշադիր է և լի է տևական երկյուղածությամբ, սեփական դյուրաբեկության գիտակցությունը. խոսում է նաև լսելի լինելու վստահության և միշտ ու ամենուր ներկա օգնության ապահովության մասին, քանի որ նա, ով չի դադարում կանչել իր պաշտպանին, լիովին համոզված է, որ Նա իր կողքին է։

Սա սիրո ձայնն է, և վա՛ռ աստվածասիրության. աղաղակն է հոգու, որի աչքերը բաց են իր առաջ լարված թակարդների վրա, որը դողում է թշնամիների դիմաց և, իրեն գիշեր ու ցերեկ պաշարված տեսնելով, խոստովանում է, որ նրանց ձեռքից չէր կարողանա ազատվել առանց իր պաշտպանի օգնության։ Բոլոր նրանց համար, ովքեր ենթարկվում են սատանայական հարձակումների, սուրբգրային այս տողը անառիկ ամրոց է, անխորտակելի զրահ, ամենաամուր վահան։ [...]

Մի խոսքով, բոլորին օգտակար է, և հարկավոր է բոլոր իրավիճակներում։ Քանի որ միշտ և ամեն դեպքում օգնություն ստանալու ցանկությունը նշանակում է հստակ կերպով ասել, որ աստվածային օգնության կարիքն ունենք, և՛ երբ ամեն բան լավ է ընթանում և ժպտում է մեզ, և՛ երբ փորձությունների ու տխրության մեջ ենք գտնվում. միայն Աստված է փրկում մեզ հակառակություններից, միայն Նա է երկարաձգում մեր ուրախությունը. և՛ մեկ, և՛ մյուս դեպքում, առանց Իր օգնության` մարդկային տկարությունը տեղի կտար։ [...]

(1) Բնագրում բառացի` առաջադրեք, ձեր առաջ դնեք։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։