« ԱՅՆ, ԻՆՉԸ ՈՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԵՆ ԵՎ ԸՆԿԱԼԵՆ ՎԱՐԴԱՊԵՏԻՑ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՅՆ, ԻՆՉԸ ՈՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԵՆ ԵՎ ԸՆԿԱԼԵՆ ՎԱՐԴԱՊԵՏԻՑ »

Սբ. Հովհաննես Կասսիանոս (մոտ 360-435). Աստվածային պարգևաշնորհները, 6 (SC 54).

 

[...] Մի օր աշակերտները տրտնջում էին, ասելով. «Վարդապետ, տեսանք մեկին, ով դևեր էր հանում քո անունով, և արգելեցինք նրան, քանի որ քեզ չի հետևում մեր հետ միասին»։ Բայց Հիսուսն իսկույն պատասխանեց. «Մի՛ արգելեք նրան դա, որովհետև ով ձեր դեմ չէ, ձեր կողմն է» (Ղկս 9, 49֊50)։

Բայց երբ, ժամանակների ավարտին, նրանք կասեն. «Տե՜ր, Տե՜ր, մենք մի՞թե չմարգարեացանք Քո Անունով։ Եվ մի՞թե դևեր չհանեցինք Քո Անունով։ Եվ մի՞թե բազմաթիվ սքանչելիքներ չգործեցինք Քո Անունով», Նա հաստատում է, որ ասելու է նրանց. «Ձեզ երբեք չեմ ճանաչել։ Հեռացե՛ք ինձնից դուք, որ անօրենություն եք գործում» (Մտթ 7, 22֊23)։

Այս խոսքերով զգուշացնում է նաև նրանց, որոնց Ինքն իսկ ճոխացրել է նշաններ ու հրաշքներ գործելու պարգևով, որ իրենք իրենց չգիտեմ ինչ չկարծեն. «Մի՛ ուրախացեք, սակայն, այն բանի համար, որ դևերը ենթարկվում են ձեզ, այլ ավելի՝ ուրախացեք այն բանի համար, որ ձեր անունները գրված են Երկնքում» (Ղկս 10, 20)։

Բայց ահա՛, բոլոր նշանների ու հրաշքների Հեղինակն Ինքը կանչում է աշակերտներին ընդունելու Իր ուսմունքը. հստակ կերպով ցույց է տալու այն, ինչը որ բոլորի միջից ընտրված Իր ճշմարիտ հետևորդները պետք է սովորեն Իրենից. «Իմ մոտ եկեք», ասում է, «և սովորեցե՛ք ինձնից», անշուշտ ո՛չ դևեր հալածել երկնային զորությամբ, ո՛չ էլ բորոտներին բժշկել, ո՛չ էլ տեսողությունը վերադարձնել կույրերին, և ո՛չ էլ մեռելներին հարություն տալ։ «Ճիշտ է, ես գործում եմ բոլոր այս սքանչելիքներն իմ ծառաներից ոմանց միջոցով։ Մարդկային վիճակը չի կարող ընկերակցության մեջ մտնել Աստծո հետ. դա հնարավոր է միայն գովաբանության միջոցով, որն Իրեն պարտավոր է ընծայել մարդը. նախարար լինի, թե ստրուկ, չի կարող մաս ունենալ այնտեղ, ուր ամբողջ փառքը պատկանում է միմիայն Աստվածությանը»։

«Բայց դուք», ասում է Նա, «սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» (Մտթ 11, 28֊29)։ Ահա՛ իսկապես այն, ինչը որ ընդհանուր կերպով հնարավոր է բոլորին սովորել և գործադրել։ Մինչդեռ նշաններ և հրաշքներ գործելը միշտ չէ, որ հարկավոր է, ո՛չ էլ լավ է բոլորի համար, ինչպես նաև՝ բոլորին տրված չէ համատարած կերպով։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։