« ՄԱՐԴՈՒ ՍՐՏԻՆ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԳԵՎՈՂ ՓՐԿԱՐԱՐ ԽՈՍՔԵՐԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԱՐԴՈՒ ՍՐՏԻՆ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԳԵՎՈՂ ՓՐԿԱՐԱՐ ԽՈՍՔԵՐԸ »

Սբ. Հովհաննես Կասսիանոս (մոտ 360-435). « Հոգևոր գիտությունը », 9 (SC 54).

 

[...] Մարդկային հոգին ընդունակ չէ չափազանց երկար ժամանակ մնալ առանց մտքերի։ Եթե չի զբաղվում Աստծո [հետ առնչություն ունեցող] իրողություններով, անխուսափելի կերպով բռնված է մնում այն մտքերով, որոնք ընկալել է նախկինում. քանի դեռ չգիտի, թե դեպի ո՛ւր պետք է ամեն վայրկյան ուղղվի իր այդ անխոնջ գործունեության համար, մի անդիմադրելի հակում նրան քաշում է դեպի այն, ինչի մեջ նա խորասուզվել է վաղ մանկությունից սկսած։ [...]

Նույն կերպ տեղի կունենա փրկաբեր խոսքերի դեպքում, – մարդկային սիրտն ուրախացնող անուշաբույր գինիների նման, – որոնք հոգատարությամբ հավաքվում, խնամքով ու ճշգրտությամբ տեղադրվում են հոգու ծալքերի մեջ, [և պահվում են] լռության կնիքով։ Երկարատև խորհրդածությունների և համբերության ժամանակի ազդեցությամբ հասունացնելով դրանք, սրտիդ(1) մառանից կլցնես դրանք արբեցնող(2) բույրերի առատ տարածմամբ. անդադար ցայտող շատրվանի նման, [դրանք] գերառատանալու են փորձառության խողովակներից և առաքինությունների ջրանցքներից. բխելու են սրտիցդ կարծես մի անդունդից` անսպառելի գետեր ծնելով։

Իրոք, պատահելու է քեզ այն, ինչը որ Առակներում ասվում է այն մարդու մասին, որի համար բոլոր այս բաները դարձել են իրականություն. «Խմիր քո ջրամբարի ջուրը, և այն ջուրը, որը բխում է քո ջրհորից» (Առկ 5, 15)։ Եսայի Մարգարեի խոսքի համաձայն. «Լինելու ես ոռոգվող պարտեզի նման, և ինչպես մի աղբյուր, որի ջրերը չեն ցամաքում։ Քո ժողովուրդը կրկին շինելու է հին ավերակները, վերակառուցելու ես հեռավոր դարաշրջանների հիմքերը» (Ես 58, 11-12)։ Քեզ տրվելու է նույն Մարգարեի կողմից խոստացված երանությունը. «Այլևս ծածուկ չի մնալու քո ուսուցիչը. աչքերդ տեսնելու են ուսուցչիդ, ականջներդ լսելու են այս խոսքը քո ներսում. "Ահա՛ ճանապարհը, ընթացե՛ք նրանով", եթե գնալու էիք աջ կամ ձախ» (Ես 30, 20-21)։

Այս կերպ կպատահի, որ ո՛չ միայն սրտիդ առաջնորդությունը և նրա ուսումնասիրությունը, այլ նաև` նվազագույն մտքերն ու նրանց անորոշ թափառումը, ա՛յլ բան չեն լինի, եթե ո՛չ` աստվածային օրենքի սուրբ ու անդադար խորհրդածություն։ [...]

(1) Բնագրում բառացի` կրծքիդ։
(2) Բնագրում բառացի` բալասանի։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։