
« ՈՒՐԱԽԱՑԵՔ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՁԵՐ ԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՐՎԱԾ ԵՆ ԵՐԿՆՔՈՒՄ » (Ղկս 10, 20)
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
Սբ. Հովհաննես Կասսիանոս (մոտ 360-435). « Աստվածային պարգևաշնորհները », 7-9 (SC 54).
[...] Խոնարհությունն է բոլոր առաքինությունների ուսուցիչը, անկործանելի հիմքը երկնային կառույցի, Փրկչի ինքնահատուկ ու վսեմաշուք պարգևը։ Առանց փքվելու վտանգի կարող է անել բոլոր հրաշքները, որոնք Տերը գործեց, նա, ով ջանք է գործի դնում՝ նմանվելու համար հեզահամբույր Տիրոջը, ո՛չ թե հրաշքների վեհության, այլ՝ համբերության ու խոնարհության առաքինությունների մեջ։
Եթե ինչ որ մի հրաշք է տեղի ունենում մեր ներկայությամբ, նշանների հարուցած սքանչացումը չէ, որ պետք է դրանց հեղինակին հարգելի դարձնի մեր աչքերին, այլ միայն՝ իր կյանքի գեղեցկությունը։ Հարկավոր չէ տեղեկանալ, թե դևերը ենթարկվում են նրան, այլ՝ իմանալ, թե արդյոք տիրապետո՞ւմ է սիրո այն տարրերին, որոնք Առաքյալը թվարկում է (հմմտ. 1Կր 13, 1-13)։ Եվ նաև, ավելի մեծ հրաշք է սեփական մարմնից ցանկասիրությունն արմատախիլ անելը, քան թե ուրիշների մարմինների միջից պիղծ ոգիներին հալածելը. ավելի մեծ նշան է համբերության առաքինությամբ զայրույթի պոռթկումները սեփական անձի մեջ զսպելը, քան թե օդի զորություններին(1) հրամայելը։ Շատ ավելի լավ է սեփական սրտից տրտմության լափող կծոցները հեռացնելը, քան թե հիվանդություններն ու տենդը ուրիշների մարմնից դուրս հանելը։ Ի վերջո, բազմաթիվ պատճառներով հաստատապես ավելի ազնիվ առաքինություն, ավելի վսեմ առաջադիմություն է սեփական հոգու տկարությունները բուժելը, քան թե ուրիշներինը։
Որքան ավելի հոգին կբարձրանա մարմնից վեր, այնքան ավելի հնարավոր կդառնա իր փրկությունը. և ընդհակառակը, որքան ավելի կբռնվի հավակնոտ ձգտումներով, այնքան ավելի ծանր ու եղերական կլինի իր կործանումը։ Մարմնական բժշկումների վերաբերյալ, երանելի Առաքյալներին ասվել է. «Մի՛ ուրախացեք, սակայն, այն բանի համար, որ դևերը ենթարկվում են ձեզ» (Ղկս 10, 20)։ Նրանց ուժը չէ, որ գործում էր այդ սքանչելիքները, այլ՝ զորությունը այն Անվան, որով նրանք հրամայում էին։ Ահա՛ թե ինչո՛ւ են նրանք զգուշացվում, որ իրենց համար երանություն կամ փառք չպահանջեն այն բանի համար, ինչը որ կատարվում է միմիայն Աստծո ուժով ու զորությամբ, այլ՝ միմիայն իրենց կյանքի ու սրտի մաքրության համար, որն արժանանում է, որ նրանց անունները գրված լինեն Երկնքում։ [...]