« ՏԵՐԸ ՄԵԶ ԿԱՆՉՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՆԱԼ ՄԻՆՉԵՎ ՍԻՐՈ ԳԱԳԱԹԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՏԵՐԸ ՄԵԶ ԿԱՆՉՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՆԱԼ ՄԻՆՉԵՎ ՍԻՐՈ ԳԱԳԱԹԸ »

Սբ. Հովհաննես Կասսիանոս (մոտ 360-435). « Կատարելության մասին », 12 (SC 54).

 

[...] Փառք է Աստծուն ծառայելը, և գրված է. «Ծառայեցե՜ք Տիրոջը երկյուղածությամբ» (Սղմ 2, 11). «Չափազանց քիչ է, որ դու իմ ծառան լինես։ [...] Ես քեզ ազգերի լույս եմ դարձնելու» (Ես 49, 6). «Երանի՜ այն ծառային, որին տերը, երբ գա, կգտնի, որ այսպես է վարվում» (Մտթ 24, 46)։ Բայց նաև ասված է Առաքյալներին. «Ձեզ չեմ կոչում այլևս ծառաներ, որովհետև ծառան չգիտի, թե իր տերն ի՛նչ է անում. այլ՝ ձեզ ընկերներ կոչեցի, որովհետև այն ամենը, որ լսեցի իմ Հորից, հայտնեցի ձեզ»։ Եվ տակավին. «Դուք իմ ընկերներն եք, եթե անում եք այն, ինչը որ ձեզ պատվիրեցի» (Հվհ 15, 14-15)։

Տեսնում եք, ուրեմն, որ կատարելությունը տարբեր աստիճաններ է ներկայացնում։ Մի գագաթից Տերը մեզ կանչում է բարձրանալ դեպի մի ավելի բարձր գագաթ։ Ով երանելի և կատարյալ է դարձել Աստծո երկյուղի մեջ, քայլելու է, ինչպես գրված է, «առաքինությունից առաքինություն» (Սղմ 83, 8)(1), և կատարելությունից կատարելություն, այսինքն՝ վեր է բարձրանալու, հոգու ջերմեռանդ պատրաստակամությամբ, երկյուղից հույսին։ Դրանից հետո լսելու է տակավին, թե ինչպե՛ս է աստվածային կանչը հրավիրում իրեն մի է՛լ ավելի սուրբ վիճակի, որը սերն է։ Ով որ դրսևորած կլինի իրեն որպես «վստահելի և խոհեմ ծառա» (Մտթ 24, 45), կանցնի ընկերային մտերմության հարաբերությանն ու որդեգրությանը։

Իմ խոսքերն հարկավոր է այս իմաստով հասկանալ։ Մտադիր չեմ ասելու, թե հավիտենական տանջանքների կամ սրբերին խոստացված երանելի հատուցման շուրջ մտածումները զուրկ են որևէ արժեքից։ Դրանք, մանավանդ թե, օգտակար են, քանի որ առաջնորդում են նրանց, ովքեր դրանց նվիրվում են երանության առաջին աստիճանների վրա։ Բայց սերը փայլում է մի առավել լիարժեք մտերմությամբ և, արդեն իսկ, անվախճան ուրախությամբ։ [...]

(1) Ըստ Յոթանասնիցի։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։