« ՏՈ՜ՒՐ ՄԵԶ ՄԵՐ ՀԱՑԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՏՈ՜ՒՐ ՄԵԶ ՄԵՐ ՀԱՑԸ »

Սբ. Հովհաննես Կասսիանոս (մոտ 360-435). « Աղոթքի մասին », 21 (SC 54) (« Բանախոսություններ », 8-17).

 

[...] «Տո՜ւր մեզ այսօր մեր գերգոյացական հացը»՝ էպիուսիոնը(1) (Մտթ 6, 11), իսկ մեկ ա՛յլ Ավետարանչի համաձայն. «մեր հանապազօրյա հացը» (Ղկս 11, 3)։

Առաջին ածականն արտահայտում է դրա ազնվությունը և գոյացության բնույթը, որոնք այն բարձրացնում են ցանկացած ա՛յլ գոյացությունից վեր, և իր վսեմ մեծությամբ ու սրբությամբ այն դարձնում են բոլոր արարածների համեմատ գերադաս։

Երկրորդն արտահայտում է այն, թե ինչպե՛ս այն պետք է գործածվի, և նրա օգտակարությունը. «հանապազօրյա» բառը ցույց է տալիս, որ մենք չենք կարող ապրել հոգևոր կյանքի և ո՛չ իսկ մեկ օր` առանց այս հացի։

Ինչ վերաբերվում է «այսօր» բառին, այն ցույց է տալիս, որ դրանով հարկավոր է սնվել ամեն օր, և որ բավարար չէր լինի այն ստացած լինելը երեկ, եթե այն հավասարապես տրված չլիներ մեզ այսօր։ Թող որ դրա հանդեպ ունեցած մեր ամենօրյա կարիքը մեր համար զգուշացում լինի՝ այս աղոթքն ամեն վայրկյան կատարելու համար։ Չկա մի օր, որում անհրաժեշտ չլինի ուտել այս հացը՝ մեր ներքին մարդու սիրտը զորացնելու համար։

Բայց «այսօր»ը կարող է վերաբերվել նաև ներկա կյանքին. «Մինչ այս աշխարհում ենք, տո՜ւր մեզ այս հացը։ Գիտենք, որ այն տալու ես նաև գալիք աշխարհում՝ նրանց, ովքեր արժանի կլինեն դրան։ Բայց խնդրում ենք շնորհել մեզ այն այսօր, որովհետև նա, ով այն չի ստացել այս կյանքում, չի կարող մասնակից լինել դրան մյուսում(2)»։ [...]

(1) Տառադարձությունն է Ավետարանում գործածված հունարեն « ἐπιούσιον » եզրի։
(2) Հմմտ. Հվհ 6, 53-58. Ամբողջ հատվածն ունի ընդգծված հաղորդութենական նկարագիր և վերաբերվում է Ամենասուրբ Հաղորդությանը։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։