« ԱՍՏԾՈ ՄԱՅՐԱԿԱՆ ՍԵՐԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏԾՈ ՄԱՅՐԱԿԱՆ ՍԵՐԸ »

Սբ. Հովհաննես Կասսիանոս (մոտ 360-435). « Աստծո պաշտպանության մասին », XIII-XIV; SC 54.
 
 
[...] Մարդկային իրողությունների մեջ մի համեմատություն փնտրենք մեր Արարչի անհամեմատելի բարեգթության համար. այնպես չէ, թե հավակնում ենք գտնել դրանց մեջ քնքշանքի մի հավասարություն, բայց առնվազն՝ բարության մեջ մի որոշակի նմանություն։
Դիցուք մի մայր, սիրով ու հոգատարությամբ լի։ Բազում ժամանակ իր երեխային կրում է իր գրկում, մինչև որ նրան վերջապես սովորեցնում է քայլել։ Եվ սկզբում նրան թողնում է, որ չորեքթաթ անի։ Ապա նրան վեր է բարձրացնում և նրան զորավիգ է լինում իր աջ ձեռքով, այնպես՝ որ սովորի ոտքը ոտքի առաջ դնել։ Շուտով թողնում է նրան մի պահ, բայց երբ տեսնում է, թե ուր որ է ընկնելու վրա է, իսկույն բռնում է նրան, նեցուկ է կանգնում նրա վախվորած քայլերին, նրան կրկին ոտքի է կանգնեցնում, եթե ընկնում է, կամ պահում է նրան, որ չընկնի, կամ ընդհակառակը՝ թողնում է, որ կամացուկ ընկնի, ապա կրկին ոտքի կանգնեցնելու համար։ [...]
Եվ ահա՛, դարձել է մի պատանյակ. շուտով հայտնվելու է պատանեկության ու երիտասարդության կորովալի շրջանում։ Այդ ժամանակ [մայրը] նրան առարկաներ է կրել տալիս, կամ որոշ աշխատանքներ է հանձնում, որոնցով նա կարող է հրահանգվել, առանց նրան ծանրաբեռնելու. նրան թողնում է նաև պայքարի բռնվել իր ընկերների հետ։ [...]
Որքա՜ն ավելի լավ մեր երկնավոր Հայրը գիտի, թե ո՛ւմ պետք է կրի Իր շնորհի գրկում, ո՛ւմ պետք է վարժեցնի առաքինությանը՝ Իր ներկայության, թողնելով, որ ինքը լինի իր կամքի դատավորը։ Եվ սակայն, նրան տակավին օգնում է իր հոգնությունների մեջ, լսում է նրա կանչերը, չի թաքնվում նրա փնտրտուքի առաջ, մինչև իսկ հասնում է նրան վտանգներից ազատելու, առանց որ նա իմանա դա։ [...]
Սա հստակ կերպով ցույց է տալիս, որ Աստծո դատաստաններն անքննելի են, և անըմբռնելի են կերպերը, որոնցով Նա մարդկանց քաշում է դեպի փրկություն։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։