« ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎԻ ԲՆՈՒՅԹԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎԻ ԲՆՈՒՅԹԸ »

Սբ. Հովհաննես Կասսիանոս (մոտ 360-435). « Աստվածային պարգևաշնորհները », գլուխ Ա. (SC 54).
 
 
[...] Նախնիների ավանդությունը մեզ ուսուցանում է, որ հոգևոր պարգևաշնորհների բնույթը եռակի կերպարանք ունի։
Բժշկության պարգևի առաջին պատճառը սրբության արժանիքն է. հրաշքների շնորհն ընկերակցում է բոլոր ընտրյալներին ու արդարներին։ Բավական բնականոն է, օրինակի համար, որ Առաքյալներն ու բազմաթիվ Սրբերը գործեցին նշաններ ու զարմանալի գործեր, Տիրոջ կողմից իրենց տրված հրամանի համաձայն. «Հիվանդներին բժշկեցեք, մեռելներին հարություն տվեք, բորոտներին սրբեցեք, դևերին հալածեցեք. ձրի ստացել եք, ձրի էլ տվեք» (Մտթ 10, 8)։
Ահա՛ երկրորդը. Եկեղեցու կերտման նպատակով, կամ որպես հավատքի պարգևատրում, լինի նրանց, ովքեր բերում են իրենց հիվանդներին, թե հենց իրենց՝ հիվանդների. բժշկության զորությունը գործի է դրվում նաև մեղավորների ու անարժանների միջոցով։ [...] Ընդհակառակը, հիվանդների կամ նրանց բերողների հոգում հավատքի պակասը հնարավորություն չի տալիս նրանց, ովքեր ստացել են բժշկության պարգևը, կիրարկել իրենց կարողությունը։ Այս հարցի շուրջ Մարկոս Ավետարանիչն ասում է. «Հիսուսը նրանց մեջ չէր կարողանում հրաշքներ գործել՝ նրանց անհավատության պատճառով» (Մրկ 6, 5֊6)։
Բժշկության երրորդ տեսակը դևերի կեղծավորության խաղն ու խաբեությունն է։ [...] Ավետարանում ասված է. «Մեջտեղ կգան կեղծ Քրիստոսներ ու կեղծ մարգարեներ, և մեծամեծ նշաններ ու սքանչելիքներ ցույց կտան, մոլորեցնելու համար նաև ընտրյալներին» (Մտթ 24, 24)։
Ուստի իրենց հրաշագործությունների համար երբեք չպետք է հիանանք նրանցով, ովքեր դրանք վերագրում են իրենց. այլ ավելի՝ պետք է քննենք, թե արդյո՞ք կատարյալ են դարձել իրենց բոլոր մոլությունների ուղղմամբ և իրենց վարքի սրբագրմամբ։ Սա մի նպաստ չէ, որ մարդը կարող է ստանալ ուրիշի հավատքից կամ իրենից դուրս գտնվող ինչ որ մի պատճառից, այլ՝ Աստվածային Շնորհն այն բաշխում է յուրաքանչյուրին իր եռանդի համեմատ։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։