« ՄԵՐ ՍՐՏԻ ՄԱՔՐԱԳՈՐԾՎԱԾ ԱՆՈԹԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԵՐ ՍՐՏԻ ՄԱՔՐԱԳՈՐԾՎԱԾ ԱՆՈԹԸ »

Սբ. Հովհաննես Կասսիանոս (մոտ 360-435). « Հոգևոր ճանաչողության մասին », 10.13 (SC 54).

 

[...] Եթե կամենում ես հասնել Գրվածքների ճշմարիտ ճանաչողությանը, շտապիր ձեռքբերել սրտի մի անկործանելի խոնարհություն։ Սա՛ է, որ կհասցնի քեզ ո՛չ այն ճանաչողությանը, որ փքում է, այլ՝ ճանաչողությանը, որ լուսավորում է՝ սիրո գործադրման միջոցով։ Անմաքուր հոգու համար անհնարին է ձեռքբերել հոգևոր ճանաչողության պարգևը։ [...]

Նա, ում հոգին մաքուր չէ, չի կարող ձեռքբերել հոգևոր ճանաչողությունը, որքան էլ որ ջանասիրությամբ կարդա։ Գարշահոտ ու աղտոտ անոթի մեջ չեն լցնում(*) որակյալ օծանելիքը, գերազանց մեղրը, թանկարժեք ըմպելիքը։ Անոթը, որ լցված է զազրելի հոտերով, առավել դյուրությամբ կապականի ամենազմայլելի բուրմունքը, քան որքան որ ինքը նրանից կվերցնի որոշ չափի անուշություն կամ ախորժելիություն. որովհետև այն, ինչը որ մաքուր է, ավելի արագ կերպով է ապականվում, քան որքան որ պահանջվում է մաքրելու համար այն, ինչը որ ապականված է։

Այսպիսին է մեր սրտի անոթի պարագան։ Եթե նախապես ամբողջությամբ չմաքրվի մոլությունների անպարկեշտ վարակից, արժանի չի լինի ստանալու օրհնության այն բուրմունքը, որի մասին խոսում է մարգարեն. «Գլխին հեղված անուշաբույր յուղի նման է, որ իջնում է մորուքի, Ահարոնի մորուքի վրա, որ իջնում է նրա զգեստի ծոփքերի վրա» (Սղմ 133, 2). ո՛չ էլ կկարողանա անբիծ պահել հոգևոր ճանաչողությունը կամ Սուրբ Գրքի խոսքերը, «որոնք ավելի քաղցր են, քան մեղրն ու մեղր ծորացող խորիսխը» (Սղմ 19, 11)։

«Արդարև, ի՞նչ հարաբերություն կարող է լինել արդարության ու անիրավության միջև, կամ ի՞նչ միություն՝ լույսի ու խավարի միջև։ Ի՞նչ համաձայնություն՝ Քրիստոսի ու Բելիարի միջև» (2Կր 6, 14֊15)։ [...]

 

(*) Բառացի՝ չեն հանձնում, չեն վստահում։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։