« Ո՜Վ ԱՆՃԱՌԵԼԻ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈ » – Գրադարան – Mashtoz.org

« Ո՜Վ ԱՆՃԱՌԵԼԻ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈ »

Սբ. Հովհաննես Կասսիանոս (մոտ 360-435). « Աղոթքի մասին », XXII (SC 54).

 

[...] «Ների՜ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ներում ենք մեզ պարտք եղողներին»։ Ո՜վ անճառելի ողորմություն Աստծո։ Սրանով մեզ տալիս է ո՛չ միայն աղոթքի մի օրինակ, ո՛չ միայն հաստատում է կյանքի կանոնը, որով կարող ենք հաճելի լինել Իր աչքերին, այլ նաև, այս բանաձևով իսկ հաստատված խրատով, որն ուսուցանում է մեզ և որի մշտական գործածությունը պատվիրում է Իրեն ուղղված աղոթքի մեջ, արմատախիլ է անում, կարծես կարիքից մղված, զայրույթի ու տրտմության արմատները։

Բայց դեռ բավական չէ։ Նա մեզ տալիս է պատեհությունը, աղոթքի մեջ իսկ, և մեզ ընծայում է դյուրությունը՝ դրդելու Իրեն, որպեսզի ներողամիտ ու գթառատ դատաստան կայացնի մեր հանդեպ. մեզ տալիս է, այսպես ասած, կարողությունը՝ մենք ինքներս մեղմելու մեր հանդեպ կայացվելիք դատավճիռը և հարկադրելու Իրեն՝ ներելու մեզ՝ մեր իսկ ներողամտության օրինակով, երբ ասում ենք Իրեն. «Ներիր մեզ, ինչպես որ մենք ներեցինք»։

Այս աղոթքով ուժ ստացած, իր հանցանքների համար վստահությամբ ներում կհայցի նա, ով հոժարությամբ ներողամիտ գտնված կլինի իր հանդեպ պարտքեր ունեցողների նկատմամբ։ [...] Եթե ուզում ենք դատվել ողորմությամբ, ջանանք մենք ինքներս ներողամիտ լինել նրանց նկատմամբ, ովքեր վատություն են արել մեզ։ Ներվելու ենք, այն չափով, որով – ինչպիսին էլ որ եղած լինի նրանց վատությունը – կներենք նրանց, ովքեր վատություն են արել մեզ։ Շատերը դողում են այս մտքից, և երբ ժողովուրդը եկեղեցում միասին ասում է «Հայր մեր»ը, իրենք բաց են թողնում այս խոսքերը, առանց իրենք արտասանելու դրանք, որպեսզի իրենց սեփական բերանով չդատապարտվեն, ներվելու փոխարեն։ Չեն նկատում, որ խոսքը վերաբերվում է ունայն հնարամտությունների, և որ ապարդյուն կերպով են փորձում թաքնվել Ինքնիշխան Դատավորի հայացքից, Ով կամեցավ Իրեն աղոթողներին կանխավ ցույց տալ կերպը, որով դատելու է նրանց։ Բանն այն է, որ Նա չի ուզում, որ Իրեն խիստ ու անողոք գտնենք, այդ պատճառով էլ մեր համար սահմանել է Իր դատաստանների կանոնը, այնպես՝ որ կարող ենք դատել մեր հանդեպ ինչ որ մի սխալ գործած մեր եղբայրներին այն կերպ, որով որ ցանկանում ենք դատվել Իր կողմից։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։