« ՈՐԴԻՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՈՐԴԻՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ »

Սբ. Հովհաննես Կասսիանոս (մոտ 360-435). « Կատարելությունը », VII (SC 54).

 

[...] Եթե մեկն ուզում է ձգտել կատարելությանը՝ ճանապարհ ընկնելով առաջին աստիճանից, որ երկյուղն է՝ ճշգրիտ կերպով ծառայական վիճակը, [...] անդադար առաջընթացով կբարձրանա դեպի հույսի ամենավերին արահետները։

Այս հույսը [...] իր վարձատրությունն է ակնկալում։ [...] Բայց տակավին չի հասել այն որդիական զգացումին, որը, հոր ներողամտությանն ու վեհանձնությանը վստահելով՝ կասկածներ չունի, որ այն ամենը, որ պատկանում է հորը, նաև իրենն է։

Ավետարանի անառակ որդին այլևս չի համարձակվում բաղձալ դրան, այն բանից հետո, ինչ կորցրեց – հոր ունեցվածքների հետ – նաև որդու իր անունը։ Ահա՛ տեսնում եք, տենչում է(1) այն կաղինները, որոնք խոզերն են ուտում, այսինքն՝ մոլության պիղծ ու գարշելի կերակուրը, և իրեն չի տրվում դրանով հագենալու հնարավորությունը։

Այդպես է, որ վերադարձավ ինքն իր մեջ։ Մի փրկարար երկյուղի կողմից հպված, սարսափեց խոզերի կեղտին ի տես, [և] վախենում էր քաղցի դաժան տանջանքներից։ Այս զգացումները նրան մի տեսակ ստրուկ դարձրեցին։ Բայց մտածելով այն աշխատավարձի մասին, որով վճարվում են վարձկանները, նա նրանց վիճակն էր բաղձում և ասում էր. «Քանի՜ վարձկաններ հորս տանը առատ հաց ունեն, իսկ ես այստեղ մեռնում եմ սովից։ Կվերադառնամ հորս մոտ և նրան կասեմ. "Հա՜յր, մեղանչեցի երկնքի ու քո դեմ։ Այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու։ Բանվորներիցդ մեկի նման վարվիր իմ հետ"» (Ղկս 15, 17֊19)։

Բայց Հայրը նրան ընդառաջ գնաց։ Խոնարհ զղջման այդ խոսքը, գորովի կողմից թելադրված, նա է՛լ ավելի մեծ գորովով է ընդունում։ Ո՛չ, չի ուզում իր որդուն նվազ արժեք ունեցող բաներ տալ, այլ՝ [...] նրան վերադարձնում է որդի լինելու արժանապատվությանը։

Մենք էլ, նաև, շտապենք բարձրանալ – անխզելի սիրո շնորհի զորությամբ – այդ երրորդ աստիճանին՝ որդիների, որոնք իբրև իրենց սեփականությունն են նկատում այն ամեն ինչը, որ պատկանում է [իրենց] հորը. արժանանանք մեր մեջ իսկ ստանալ մեր երկնավոր Հոր պատկերն ու նմանությունը։ Այդ ժամանակ, ճշմարիտ Որդու հետևողությամբ, կկարողանանք հռչակել. «Այն ամենը, որ Հայրն ունի, իմն է» (Հվհ 16, 15)։ [...]

 

(1) Բառացի՝ նախանձում է։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։