« ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ ԻՐ ԻՍԿ ԳՈՐԾԵՐՈՎ » – Գրադարան – Mashtoz.org

« ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ ԻՐ ԻՍԿ ԳՈՐԾԵՐՈՎ »

Սբ. Հովհաննես Կղիմաքոս (մոտ 575 - մոտ 650). Սուրբ Սանդուղք, 26րդ աստիճան.
 
 
[...] Եթե, ինչպես ասում է Ժողովողը (Ժղվ 3, 1), ամեն ինչի համար իր ժամանակը կա արևի ներքո, – և «ամեն ինչ» ասելով պետք է հասկանանք այն ամենը, որ վերաբերվում է մեր սուրբ կենսակերպին, – ուրեմն շատ ուշադիր լինենք, խնդրում եմ ձեզ, և ամեն պահի հետամուտ լինենք այն բանին, ինչը որ հատուկ է այդ ժամանակին։
Որովհետև հստակ է, որ նրա համար, ով պայքարում է, կա ժամանակ՝ կրքերից ազատ ու անայլայլելի հոգեվիճակի համար, և ժամանակ՝ կրքերի տիրապետության տակ հայտնվելու համար. [...] կա ժամանակ՝ արցունքների, և ժամանակ՝ սրտի կարծրության համար. ժամանակ՝ հնազանդության, և ժամանակ՝ հրամայելու համար. ժամանակ՝ ծոմ պահելու, և ժամանակ՝ ուտելու համար. ժամանակ՝ մարմնի՝ մեր թշնամու դեմ պայքարելու, և ժամանակ՝ երբ հուրը հանգած է. ժամանակ՝ հոգու փոթորկման, և ժամանակ՝ հոգու անդորրի համար. ժամանակ՝ սրտի վշտակրության, և ժամանակ՝ հոգևոր բերկրանքի համար. ժամանակ՝ ուսուցանելու, և ժամանակ՝ ունկնդրելու համար. ժամանակ՝ "կեղտոտվելու", թերևս մեր հպարտության պատճառով, և ժամանակ՝ մաքրագործվելու, խոնարհության միջոցով. ժամանակ՝ պայքարի, և ժամանակ՝ վտանգից զերծ մնալու համար. ժամանակ՝ խաղաղ լռության ու հանգստի, և ժամանակ՝ գործի նվիրվելու առանց մտքի ցրվածության. ժամանակ՝ անդադար աղոթքի, և ժամանակ՝ անկեղծ ծառայության համար։
Թույլ չտանք, հետևաբար, որ մեզ խաբեության մեջ գցի մի գոռոզամիտ եռանդ, որ կմղի մեզ ժամանակից շուտ տենչալու այն, ինչը որ գալու է իր ժամանակին։ Այսինքն, ձմռանը չցանկանանք այն, ինչը որ գալու է ամռանը, կամ սերմնացանի ժամանակ այն, ինչը որ գալու է հունձքի օրերին. որովհետև ժամանակ կա հոգնությունների մեջ սերմանելու համար, և ժամանակ կա շնորհի անճառելի պարգևները հավաքելու համար։ Այլապես, նաև երբ կգա պահը, չենք ստանա այն, ինչը որ հատուկ է այդ պահին։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։