« ԱՂՈԹՔԻ ՄԵՋ ՉՓՆՏՐԵՆՔ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ, ՔԱՆ ՄԻԱՅՆ ԱՍՏԾՈ ԳԱԼՈՒՍՏԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՂՈԹՔԻ ՄԵՋ ՉՓՆՏՐԵՆՔ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ, ՔԱՆ ՄԻԱՅՆ ԱՍՏԾՈ ԳԱԼՈՒՍՏԸ »

ՄԱԿԱՐԻՈՍ, Քարոզներ (Բ. ժողովածու), XXXIII, 1-2 (PG 34, 741C-D).
 
 
[...] Աղոթելու համար հարկավոր չեն ո՛չ շարժուձևեր, ո՛չ աղաղակներ, ո՛չ լռություն, ո՛չ ծնրադրումներ: Մեր աղոթքը, միաժամանակ հանդարտ ու եռանդուն, պետք է Աստծո սպասում լինի, մինչև որ Աստված կգա և նրանից ներս կթափանցի նրա բոլոր մուտքերի, նրա բոլոր ճանապարհների, նրա բոլոր զգայարանների միջով:
Վերջ տանք հառաչանքներին ու լացակումած հեծեծանքներին: Աղոթքի մեջ չփնտրենք ուրիշ ոչինչ, քան միայն Աստծո գալուստը:
Երբ աշխատում ենք, մի՞թե գործի չենք դնում մեր ամբողջ մարմինը: Աշխատանքի կատարմանը մի՞թե չեն համագործակցում մեր բոլոր անդամները: Թող մեր հոգին նույնպես ամբողջովին նվիրվի իր աղոթքին և Տիրոջ սիրույն. թող որ բնավ թույլ չտա, որ մտքերը քաշքշեն իրեն այս ու այն կողմ. թող դառնա, ուզում եմ ասել, Քրիստոսի լիուլի սպասում:
Հայնժամ Քրիստոսը կլուսավորի նրան, կսովորեցնի նրան իրական աղոթքը, կպարգևի նրան [...] երկրպագությունը «հոգով և ճշմարտությամբ» (Հվհ 4, 24): [...]
Տերն իջնում է եռանդուն հոգու վրա, նրան դարձնում է փառքի Իր գահը, բազմում է նրանում և նրա մեջ է հաստատում Իր օթևանը: Եզեկիել Մարգարեն խոսում է չորս Կենդանի Էակների մասին, որոնք լծված էին Տիրոջ կառքին: Նա ասում է, որ անթիվ ու անհամար աչքեր ունեին: Նմանապես, Աստծուն փնտրող հոգին – բայց այս ի՞նչ եմ ասում – Աստծուց փնտրված հոգին այլևս պարզ ու անբիծ հայացք է դառնում: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։